կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-06 14:10
Քաղաքական

Ճիշտ ճանապարհ չեն ընտրել. Աղվան Վարդանյան

Ճիշտ ճանապարհ չեն ընտրել. Աղվան Վարդանյան

Կայքերից մեկը` 1in.am-ը, գրել է, թե հնարավոր է` առաջիկայում Վազգեն Խաչիկյանի գործով հարցաքննվի նաեւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: «Այդ ընթացքում ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ էր, եւ Ա. Վարդանյանն էլ որոշ ժամանակ սոցապ նախարարն էր: Իսկ Սոցիալական ապահովության ծառայությունը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Վ. Խաչիկյանը, գտնվում է սոցիալական ապահովության նախարարության ենթակայության ներքո: Կարծիք կա, որ առանց Ա. Վարդանյանի կամ ընդհանրապես՝ նախարարների համաձայնության կամ նրանց բաժին հանելու դժվար թե Վ. Խաչիկյանը նման չարաշահումներ թույլ տար»,- գրել է վերոհիշյալ լրատվամիջոցը:

 

Հրապարակման իսկության վերաբերյալ Yerkir.am-ը զրուցել է Աղվան Վարդանյանի հետ:

 

«Նախ` կեղծ հեղինակի այդ նյութում փաստական լիքը սխալներ կան:

 

Երկրորդ` ասել ու կրկնում եմ` ես հպարտ եմ, որ անկախ Հայաստանում ինձ վիճակվել է, իբրեւ նախարար, հինգ տարի կառավարել հսկայական այդ ոլորտը: Իմ աշխատանքի գնահատականը տվել եւ այսօր էլ տալիս են համակարգի ղեկավար-շարքային հազարավոր աշխատողներ, դա ինձ լիովին բավարարում է:

 

Երրորդ` ես, իհարկե, գիտեմ` որտեղից են իջեցվում այդ կարգի նյութերը, գիտեմ` ովքեր են նյարդայնանում իմ քաղաքական դիրքորոշումներից: Ոչինչ, կդիմանան: Նրանք պետք է հասկանան` իրենք կորցնելու բան ունեն, ես` չէ:

 

Չորրորդ` բնականաբար, իբրեւ քաղաքացի` պատրաստ եմ, որտեղ որ հարկն է, պատասխանել հնարովի բոլոր մեղադրանքներին:

 

Հինգերորդ` որպես խորհուրդ` ցավում եմ, բայց ճիշտ ճանապարհ չեք ընտրել»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Աղվան Վարդանյանը: