Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը անդրադարձավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ ինքը կտրուկ դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ դա հանգեցնելու է խորհրդային ժամանակաշրջանին բնորոշ միակուսակցական համակարգի ձևավորմանը:
Աղվան Վարդանյանն ասաց. «Ես միշտ հարգանքով եմ վերաբերվել և շարունակում եմ հարգանքով վերաբերվել հանրապետության երկրորդ նախագահի արտահայտած տեսակետներին, բայց կոնկրետ այս խնդրում մեր տեսակետները արմատականորեն տարբերվում են: Մենք խորապես համոզված ենք, որ կառավարման խորհրդարանական համակարգը շատ ավելի լայն հանարավորություններ է բացելու մեր երկրի զարգացման համար և շատ ավելի ժողովրդավարական ճանապարհի վրա է դնելու երկիրը:
Ինչ վերաբերում է խորհրդային ժամանակաշրջանի մասին հիշեցումներին, ես կարծում եմ` գուցե կան նման նշաններ, բայց վստահ եմ, որ միակուսակցական ժամանակները վաղուց անցել են: Մենք հիմա ապրում ենք մի դարաշրջանում, երբ բացառված է որևէ կուսակցության երկարատև մենիշխանությունը: Եվ ընդհակառակը` խորհրդարանական կառավարման համակարգը որոշումների կայացման կոլեգիալ մեխանիզմի հնարավորություն է տալու, և ցանկացած, նույնիսկ` տեսականորեն հնարավոր մեծամասնություն ստիպված է լինելու հաշվի առնել ընդդիմության կարծիքը, ընդդիմության հետ կոնսենսուսի գալ, քննարկել, խորհրդակցել:
Սա դժվար պրոցես է, բայց մեր երկրում ստեղծելու է նաև նոր քաղաքական մշակույթ: Ես վստահ եմ` կյանքը ցույց կտա, որ մենք ավելի ճիշտ ենք»:
Հարցին` բացառո՞ւմ է, արդյոք, որ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը կարող է հավաքել 75 տոկոս, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Եթե հանրաքվեով սահմանադրական փոփոխությունները ընդունվեն, մենք շատ լարված ու ծանր աշխատանք ունենք անելու` Ընտրական օրենսգրքի հետ կապված: Եթե մենք կարողանանք նաև լավ Ընտրական օրենսգիրք ընդունել, ես գրեթե տեսականորեն բացառում եմ, որ համամասնական ընտրակարգի պարագայում կարող է որևէ կուսակցություն մեծամասնություն ունենալ: Բայց чем черт не шутит, դրա համար կան քաղաքական ուժեր, ընդդիմություն:
Մեկ բան կարող եմ ասել` այսօրվա պառլամենտում եթե բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, որ իրենք ընդդիմություն են, թույլ չտան Ընտրական օրենսգրքի այնպիսի ձևախեղումներ, որոնք որևէ ուժի թաքուն կամ բացահայտ առավելություն կտան, այսօրվա քաղաքական մեծամասնությունը չի կարող մեկ այլ Ընտրական օրենսգիրք ընդունել: Թող որևէ մեկն իր բեռը ուրիշի վրա չդնի: Այսօրվա ԱԺ-ում ներկայացված ընդդիմության ձայներն այնքան են, որ նրանք կարող են ապահովել առնվազն կոնստրուկտիվ քննարկում: Եթե նրանք կքվեարկեն Հանրապետականի նման, այն ժամանակ կմեղադրեք այն կուսակցություններին, որոնք իրենց պայմանական շահը չեն գիտակցում, քվեարկում են ուրիշի օգտին: Եթե ընդդիմությունը կպահի իրեն ընդդիմության նման ու իր շահերը կգիտակցի, կունենանք շատ լավ Ընտրական օրենսգիրք: Չի գիտակցի, ուրեմն մեղադրեք նրանց, ովքեր դա չեն անում»: