կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-10 12:45
Քաղաքական

Արծվիկ Մինասյանն ասել է այն, ինչ գրված է նոր Սահմանադրության մեջ. Աղվան Վարդանյան

Արծվիկ Մինասյանն ասել է այն, ինչ գրված է նոր Սահմանադրության մեջ. Աղվան Վարդանյան

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով այն հարցին, թե չի՞ կարծում, որ 2015-ի բյուջեի կատարողականին ձեռնպահ քվեարկելը դուր չի գա գործադիր իշխանությանը, որի կազմում դաշնակցական նախարարներ կան, պատասխանեց. «Ոչ, չեմ կարծում: Դաշնակցության մեջ նման բան չկա, որ գործադիրն ու ֆրակցիան իրարից նեղանան: Իսկ տրամաբանական կհամարեի՞ք, որ մենք կողմ քվեարկեինք: 2015թ. բյուջեին մենք դեմ ենք քվեարկել՝ մեր հիմնավորումներով, և 2015-ի բյուջեի կատարողականի հետ կապված` չունենք որևէ պարտականություն, պատասխանատվություն, այդ թվում՝ մեր նախարարները: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ սա շատ բնական, շատ քաղաքական դիրքորոշում է, եթե հակառակը լիներ, դուք իրավունք կունենայիք մեզ մեղադրելու»:

Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ պատգամավոր եղած ժամանակ մենաշնորհների դեմ պայքարող Արծվիկ Մինասյանը նախարար դառնալուց հետո հայտարարում է, որ հեշտ չէ պայքարել մենաշնորհների դեմ, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ մենաշնորհների դեմ պայքարի գործընթացի հիմքը դրվել է երեք փաստաթղթով: Առաջինը նոր Սահմանադրությունն է՝ իր համապատասխան բաժիններով, որը վերաբերում է նաև տնտեսական քաղաքականությանը, մենաշնորհներին ու գերիշխող դիրքին:

«Երկրորդ փաստաթուղթը ՀՀ նախագահի` փետրվարի 12-ի ելույթն էր, որում ևս կան այն բոլոր առանցքային հարցերը, որոնք կանգնած են երկրի առջև, մատնանշված են ուղղությունները, և այդ ելույթն այն հիմքերից մեկն է, որը հնարավոր դարձրեց մեր համագործակցությունը: Եվ երրորդը բուն քաղաքական համագործակցության փաստաթուղթն է, որում ևս բոլոր հարցերը ներկայացված են: Ուղղությունը ձևակերպված է, այն ճիշտ է ձևակերպված, քայլերը առայժմ նախասկսված են»,- ասաց դաշնակցական պատգամավորը:

Ինչ վերաբերում է Արծվիկ Մինասյանին և նրա ասածներին, ըստ Վարդանյանի` Արծվիկ ՄԻնասյանը 10-ից ավելի տարիներ բոլորի համար, նաև` լրագրողների, եղել է ամենահրապարակային քաղաքական գործիչներից մեկը և մենաշնորհների դեր պայքարող ամենահետևողական, պրոֆեսիոնալ քաղաքական գործիչը: «Եվ հանկարծ մի արտահայտությունից մեր հանրության մի հատվածը, այդ թվում`որոշ լրատվամիջոցներ փորձեցին Արծվիկ Մինասյանին դարձնել իր տեսակի հակառակը: Հանրությունը շատ լավ ճանաչում է Արծվիկ Մինասյանին, բոլորը նրան գնահատում են և նրա հանդեպ շատ դրական վերաբերմունք ունեն, քանի որ նա ազնիվ, արդարամիտ, աշխատող, պրոֆեսիոնալ մարդ է, բայց մեր հանրության մոտ կա մի վատ բան, որ կարող են այսօրվա ամենահարգված, գնահատված գործչին հանկարծ մի բառի պատճառով՝ ճիշտ կամ սխալ հասկացված, փորձել շուռ տալ ու 180 աստիճանով այլ գնահատականներ տալ: Սա ամենավատ բանն է, որ կա մեր իրականության մեջ: Արծվիկ Մինասյանը որևէ սխալ բան չի ասել, ասել է այն, ինչ գրված է մեր նոր Սահմանադրության մեջ»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Շարունակելով խոսքը` նա նշեց, որ նոր Սահմանադրությունն ասում է, որ մենաշնորհները պետք է կարգավորվեն օրենքով: Այսօր կան մենաշնորհներ կամ գերիշխող դիրք ունեցողներ, բայց դրանք որևէ կանոնակարգման, որևէ օրենսդրական կարգավորման չեն ենթարկվում, որևէ պատասխանատվություն չեն ենթադրում: «Գուցե օրինակը, շաքարավազի ոլորտի հետ կապված, սխալ է բերել Արծվիկ Մինասյանը, բայց ամենապրոֆեսիոնալ գնահատականն է տվել և այսօր այդ ուղղությամբ գիշեր-ցերեկ աշխատում է: Եթե դու ուզում ես որևէ հարց լուծել և հարցը սխալ ես ձևակերպում, երբեք չես կարող լուծել այդ հարցը: Ես ասացի, որ այսօր մեր առջև դրված խնդիրները ճիշտ ձևակերպված են, և այդ ուղղությամբ քայլեր են արվում: Գրեթե ամեն օր կառավարությունում հակակոռուպցիոն քննարկումներ են ընթանում, և եթե որևէ մեկը կարծում է, որ դա օրենքով չպետք է լինի, այլ՝ կամայականությամբ, ապա կամայականության արդյունքը զրո է: Ինչպիսի՞ն կլինի արդյունքը, կախված է մեր աշխատանքից: Ես խորապես համոզված եմ, որ այն հիմքը, որը դրել են Դաշնակցությունը, Հանրապետական կուսակցությունը, ձևակերպելով խնդիրները, ուղղակի չեն կարող արդյունք չունենալ: Միանգամից արդյունքներ մենք երբեք չենք խոստացել, միշտ եղել ենք պրագմատիկ, բայց պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր պրոցես ունի մի սահմանային իրավիճակը, երբ այլևս անհնար է այդ ցավոտ հարցերին չանդրադառնալ, լուծումներ չփնտրել: Որքանո՞վ մեր քաղաքական, տնտեսական էլիտան պատրաստ կլինի մինչև վերջ այս հարցերը հանգուցալուծել, ես էլ որոշ թերահավատություն ունեմ, բայց որ խնդիրը ճիշտ է ձևակերպված, և դա աշխատանքով պետք է իրականացնել, ևս հստակ է»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հորդորելով քաղաքական գործիչներին գնահատել ժամանակի մեջ, իրենց ամբողջության մեջ, ոչ թե մեկ վայրկյանում տեսակետը փոխել 180 աստիճանով: