Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը:
Նիստի մեկնարկին դատավոր Վլադիմիր Գրիգորյանը թույլատրեց նիստը լուսաբանող լուսանկարչին մի քանի կադր անել, բայց արգելեց իրեն նկարել` պատճառաբանելով. «Իմ լուսանկարն ինտերնետում կա»: Ամբաստանյալ Մկրտիչ Մինասյանի պաշտպան Լևոն Պողոսյանն էլ իր հերթին առարկեց` նշելով, որ ինքը ֆոտոգենիկ չէ:
Այսօրվա նիստում դատավորը հրապարակեց Հայկ Խաչատրյանի մահվան վերաբերյալ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Նշենք, որ դեռևս 2012թ. մարտին, նախաքննական մարմնի որոշման համաձայն, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կազմվել էր բժշկության տարբեր բնագավառների առաջատար մասնագետների կազմով միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողով, որը և ներկայացրել էր զինվորի մահվան վերաբերյալ համապատասխան եզրակացությունը:
Լրացուցիչ եզրակացությունը, որը գրեթե նախորդի կրկնությունն է, փաստում է, որ Հայկ Խաչատրյանի մոտ ջրծաղիկ հիվանդությունը եղել է գաղտնի փուլում, ինչի ընթացքը բժշկները կանխատեսել չէին կարող: Սակայն նույն փորձաքննությունը փաստում է, որ զարգացած երկրներում այս հիվանդության կառավարման համար կիրառվում են կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում` պատվաստումներ, ինչը մեր երկրում չի իրականացվում: Լրացուցիչ փարձաքննության եզրակացությունը տվել են հանրապետության 17 առաջատար փորձագետներ:
Նշենք, որ դատավորը սեփական նախաձեռնությամբ էր որոշել լրացուցիչ փորձաքննություն իրականցնել, ինչին դեմ էր արտահայտվել տուժող կողմը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ լրացուցիչ փորձաքննությունը դատարանին անհրաժեշտ էր երկու ամբաստանյալներին քրեական պատասխանատվությունից ազատելու կամ համեմատաբար մեղմ պատժաչափ նշանակելու, իսկ զինվորի մահվան մեջ մեղավոր այլ անձանց (խոսքը գործում որպես վկա ներգրավված բժիշկների մասին է), որոնց մեղադրանք չի առաջադրվել, քրեական պատասխանատվությունից ազատելու համար:
Ի դեպ, փաստաբանի խոսքով, եթե անգամ երկու ամբաստանյալները մեղավոր ճանաչվեն և դատապարտվեն որոշակի ժամկետով ազատազրկման, նրանց նկատմամբ համաներում կտարածվի և կազատվեն պատժի կրումից: Ամբաստանյալներին` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանին և հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանին ՀՀ ՔՕ 376 –րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը) առաջադրված մեղադրանքն ընդգրկված է համաներման ակտում:
Այսօրվա դատական նիստում, երբ դատավոր Վլադիմիր Գրիգորյանը հրապարակեց լրացուցիչ փորձաքննության եզրակացությունը, տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանը հայտարարեց. «Ի՞նչ է այդտեղ գրված որ, սվաղած` թողած է: Ամոթ է մեր դատարանին, որ նման բան է հրապարակում»:
Նիստին չէին ներկայացել 2 մեղադրող դատախազները, ուստի դատարանը որոշեց հետաձգել դատաքննությունը և այն նշանակել նոյեմբերի 11-ին:
«Կարդացեք Ձեր վճիռը, թողնենք, գնանք: Ամնիստիա կիրառեք, թողնենք, գնանք»,- վրդովված բացականչեց մահացած զինվորի հայրը:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Լուսանկարը` iravaban.net-ի