կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-17 15:20
Իրավական

Մահացած զինվորի հայրը երկու տարի անց բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում

Մահացած զինվորի հայրը երկու տարի անց բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում

2011թ. դեկտեմբերի 30-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած զինվոր Հայկ Խաչատրյանի հայրը` գործով իրավահաջորդ Մովսես Խաչատրյանը, և նրա ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը քաղաքացիական հայցով դիմել են դատարան և, որպես բարոյական վնասի փոխհատուցում, պահանջում են 25 մլն դրամ: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց Մ. Շուշանյանը` նշելով, որ իրենք այդ մասին գրավոր հայտնել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանին, ով էլ այդ հայցը հրապարակել է այսօրվա դատական նիստում:

 

Նշենք, որ շուրջ երկու տարի տևած դատաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդը երբեք չի պահանջել բարոյական վնասի փոխհատուցում: Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նման կտրուկ դիրքորոշումը, Շուշանյանը պատասխանեց, որ դա իրենց իրավունքն է և իր վստահորդի ցանկությունը:

 

Ըստ պաշտպանի` իր վստահորդին վրդովեցրել է այն, որ վերջին դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Միքայել Միքայելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը հրապարակել է ՊՆ-ի կողմից տուժողի ընտանիքին հատկացրած ֆինանսական օգնության չափը: «Անկեղծ ասած` նման փաստերը շահարկելը գեղեցիկ չէ»,- նշեց ներկայացուցիչը և հավելեց, որ, չնայած քաղհայցի պահանջին, իրենք պնդում են, որ երկու մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները պետք է խստացվեն, իսկ դատարանը պետք է դիմի դատախազություն, որպեսզի նոր քրեական գործ հարուցվի:

 

Հիշեցնենք, որ նախորդ տարի պաշտպանական կողմը միջնորդել էր գործը համաներման ակտով կարճել, սակայն դատարանը որոշում էր կայացրել դատաքննությունը վերսկսելու մասին՝ պատճառաբանելով, որ տուժող կողմը դեռևս միջնորդության վերաբերյալ կարծիք չի հայտնել: Տուժող կողմը դեռևս դեկտեմբերին էր բոյկոտել նիստերն ու հայտարարել, որ այլևս չի մասնակցի այս գործի դատավարությանը: