կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-15 17:27
Իրավական

Ջրծաղիկից մահացած զինվորի հայրը դեմ է կրկնակի փորձաքննությանը

Ջրծաղիկից մահացած զինվորի հայրը դեմ է կրկնակի փորձաքննությանը

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ջրծաղիկից ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի դատաքննությունը:

 

Դատարանը, ըստ էության, ավարտել է գործում առկա փաստական ապացույցների հետազոտումը:

 

Նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդել էր լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն անցկացնել, սակայն այդ առնչությամբ այսօրվա նիստին իր առարկությունները հայտնեց մեղադրող դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանը: Նա նշեց, որ նախաքննության ընթացքում արված փորձաքննությունները սպառիչ պատասխան են տվել, և նորն անցկացնելու անհրաժեշտություն չկա: Տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանը և նրա ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը ևս առարկեցին միջնորդության դեմ, ավելին` Շուշանյանը նշեց, որ կրկնակի փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ խոսք անգամ չի կարող լինել: Շուշանյանն այսօր դատարանին ներկայացրեց նաև առողջապահության նախարարությանն ու ՊՆ-ին ուղղված հարցումներն ու դրանց պատասխանները` կապված այն հարցի շուրջ, թե ինչ օրենքներով են կարգավորվում զինվորական հոսպիտալի ծառայությունները, բժիշկների լիազորությունները և այլն:

 

Պետական գերատեսչությունները, ի պատասխան փաստաբանի հարցման, հղում էին կատարել ՀՀ մի քանի օրենքների, որոնք հիմք էին տվել ներկայացուցչին ենթադրելու, որ եթե բուժհաստատության երկու բաժանմունքների ղեկավարներ չեն կարողանում որոշել, թե տվյալ հիվանդը որ բաժնում պետք է բուժում ստանա, պատասխանատվություն պետք է կրի հոսպիտալի տնօրենը:

 

Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը պաշտպանական կողմի միջնորդությունը քննարկելու համար հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց հուլիսի 25-ին: