կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-24 13:15
Հասարակություն

ՄԱԿ-ն աշխատում է, որ երիտասարդները չլքեն Հայաստանը

ՄԱԿ-ն աշխատում է, որ երիտասարդները չլքեն Հայաստանը

Այսօր ՄԱԿ-ի օրն է: 60 տարի առաջ է հիմնադրվել ՄԱԿ-ը` երեք հիմնական նպատակներով` աշխատել հանուն զարգացման, աշխատել հանուն խաղաղության եւ պաշտպանել մարդու իրավունքները:

 

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը գործում է արդեն 21 տարի, եւ այդ ընթացքում երկրի առջեւ ծառացած մարտահրավերները փոխվել են. ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն:

 

Նա, թեեւ ընդամենը 5 ամիս է, ինչ աշխատում է Հայաստանում, բայց նշում է այդ մարտահրավերները: Ըստ այդմ` սկզբում երկիրը պատերազմական վիճակում էր, եւ շատ խնդիրներ կային լուծելու,  այդ թվում` սովի հետ կապված: Բայց հիմա մարատահրավերները փոխվել են, եւ դրանք այժմ աղքատության եւ զբաղվածության խնդիրներն են.

 

«Մեծ մասամբ մեր աշխատանքը աշխատատեղերի ստեղծման աշխատանքներին նպաստելն է, բայցեւայնպես, մեր ներկայությունը ձեր երկրում բավականաչափ սահամանափակ է, ինչպես նաեւ` միջոցները, ուստի մենք մեր ուշադրությունը սեւեռում ենք ՀՀ կառավարությանը աշխատատեղեր ստեղծելու հարցում օժանդակելու վրա` լավագույն մասնագետների Հայաստան բերելով եւ նրանց փորձը ուսուցանելով»,- ներկայացրեց Բրեդլի Բուզետտոն:

 

Նա նշեց, որ ՄԱԿ-ի աշխատանքը, իհարկե, չի սահմանափակվում միայն աշխատատեղերի ստեղծմանը նպաստելով: ՄԱԿ-ը նաեւ օգնում է կառավարությանը` ամրապնդելու ժողովրդավարացման ու կառավարման աշխատանքները, որպեսզի կարողանա կատարել իր պարտավորությունները մարդու իրավունքների կոնվենցիայի առջեւ:

 

Եվս մեկ ասպարեզ, որտեղ ՄԱԿ-ն ակտիվ եւ ուժեղ է, ինչպես ներկայացրեց Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողը, բնապահպանական հարցերն են:

 

«Առանց շատ խորանալու` կարող եմ ասել, որ ՀՀ-ն նշանակալի առաջընթաց է ապրել Հազարամյակի մարտահրավերների բազմաթիվ ասպարեզներում, մասնավորապես' կրթության, մայրական խնամքի, առաջնային առողջապահության բնագավառներում եւ այլն: Եվ մեկ բան, որը մեզ մեծ խանդավառություն է պարգեւում` ՀՀ-ն իսկապես գտնվում է առաջամարտիկների շարքում միջազգային այնպիսի քննարկումներում, թե ինչպես պետք է շարժվեն աշխարհն ու ՄԱԿ-ը 2015 թվականից հետո, երբ ավարտվեն Հազարամյակի մարտահրավերները»,- նշեց Բրեդլի Բուզետտոն:

 

Նա ներկայացրեց, որ ՄԱԿ-ն աշխատում է նաեւ ՀԿ-ների, անհատների հետ, ինչպես նաեւ աշխատանքներ է իրականացնում` հասկանալու համար հարցերն ու խնդիրները` վարից վեր, այսինքն` թե ինչ է մտածում ժողովուրդը, այլ ոչ թե ՀԿ-ները կամ գիտնականները, որպեսզի պարզ լինի, թե ինչ է հարկավոր անել:

 

«Եվ մենք այստեղ տեղում մշակում ենք  համապատասխան մեթոդաբանություն, թե որոնք են հետագա ուղիները, ինչը կնպաստի հետագա զարգացմանը: Այս առումով երկու ուղղություն կա. առաջինը երիտասարդների ձայնը լսելի դարձնելն է, եւ երկրորդը' երիտասարդության համար տնտեսական հնարավորություններ ստեղծելը»,- հայտնեց Բուզետտոն:

 

Նա առանձնահատուկ կարեւորություն է տալիս սոցիալական լաբորատորիա կոչվածին, ու նշում, որ սա յուրատեսակ բուծարան է, որտեղ պայծառ երիտասարդները կարող են միմյանց հանդիպել, իսկ ՄԱԿ-ը նրանց օգնում է, որպեսզի սոցիալական խնդիրները հասկանան, զարգանան եւ այդպիսով պիտանի լինեն հասարակությանը:

 

 

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը մեր երկրում իր հիմնական մարտահրավերն է համարում, թե ինչպես անել Հայաստանի կառավարությանն ու հասարակությանն ավելի պիտանի լինելու համար' հաշվի առնելով հայաստանյան գրասենյակի մարդկային ու նյութական միջոցների սահմանափակությունը: Դրա համար, նշում է Բրեդլի Բուզետտոն, շեշտադրումը դրվում է այն հարցերի վրա, որ երիտասարդները զգան` իրենց ասելիքը, ձայնը  լսելի է, ու չթողնեն-հեռանան Հայաստանից: