Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն այսօր Արամ Մանուկյանի արձանի մոտից քայլերթով շարժվեց դեպի ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ նամակ փոխանցեցին՝ պահանջելով միջազգային կառույցներից՝ այլևս հավասարության նշան չդնել Արցախի և Ադրբեջանի միջև, գնահատական տալ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը և կոնֆլիկտում Թուրքիայի ներգրավվածությանը:
Երիտասարդները քայլերթով շարժվեցին ՄԱԿ գրասենյակ՝ հայրենասիրական երգեր երգելով և «Ադրբեջան ագրեսոր» վանկարկումներով:
«Պետք է հստակ արձանագրել, որ Հայաստանի և հայերի անվտանգությունը հայկական բանակն ապահովում է: Միջազգային հանրությունից մենք միայն ակնկալում ենք հստակ գնահատական և ոչ երկակի ստանդարտներ: Ագրեսորը պետք է հստակ մատնանշվի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Միջազգային կազմակերպությունները պետք է ստանձնեն իրենց պարտավորությունները և հստակ գնահատական տան: Ակնկալում ենք, որ նրանք ականջալուր կլինեն, չեն մոլորեցվի և կկարողանան հստակ գնահատականներ տալ ու սանձել ագրեսորին: Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հատուկ նիստ ունի, և ակնկալում ենք, որ եթե բանաձև ընդունվի, այն պետք է լինի անկողմնակալ, անաչառ, հստակ պետք է մատնանշվի, որ Ադրբեջանն է նպաստում տարածաշրջանում լարվածության աճին, պետք է դատապարտվի Թուրքիայի ներգրավվածությունը, որն իրականում աննախադեպ է», - Yerkir.am-ի թղթակցին ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը:
Նա ընդգծեց, որ նույնաբովանդակ նամակ նաև կփոխանցվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանություններին:
«Ուզում ենք հստակ լինի, որ այս դեպքերի վերաբերյալ կողմնակալ, միակողմանի, դիրքորոշում ունեցող երկրները մեր ձայնը լսելու են, ամեն կերպ փորձելու ենք Արցախի ժողովրդի կենսական իրավունքների մասին բարձրաձայնել և տեղ հասցնել նրանց ձայնը»,- ասաց Վարդանյանը:
Նամակը ՄԱԿ-ի գրասենյակին փոխանցելուց հետո ՀՅԴ ՀԵՄ անդամ Սևակ Նազարյանը հայտարարեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հավասարապես պատասխանատվությունը կկիսեն այն երկրները, որոնք կփորձեն արդարացնել նրանց ռազմական գործողությունները Արցախում:
Մանրամասները՝ տեսանյութում: