Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Այսօր Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող «Հայփոստ»-ի բաժանմունքի դիմացից մեկնարկեց «Ես Կարոն եմ» երթ դեպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ՝ ի պաշտպանության թուրքական խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի: Երթի մասնակիցները բարձրացրել էին պաստառներ` «Ես Կարո Փայլանն եմ», «Յուրաքանչյուր հայ սիրում և աջակցում է քեզ, Կարո», «Stop fascism» գրառումներով:
Երթի կազմակերպիչներից Մարկ Հովհաննիսյանը նշեց, որ իրենց հիմնական նպատակն է բարձրաձայնել, չլռել, որովհետև հաճախ նման դեպքերում շատերն ուղղակի լռում են: «Միջազգային կազմակերպություններից մեծ ակնկալիքներ չունենք: Ծայրահեղական թուրքերի կողմից հնչել են հայտարարություններ, թե Կարոյին պետք է արժանացնել Դինքի ճակատագրին, բայց մենք չպետք է թողնենք, որ դա տեղի ունենա: 1, 5 միլիոն գումարած 2,3 զոհ` չենք թույլ տա: Մենք հարյուր տարի առաջվա հայերը չենք, փոխվել ենք: Մենք ինքներս պետք է մեր հարցերը լուծենք»,- ասաց նա:
Մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին պետք է հանձնեին նամակ, որում կոչ են անում ապահովել Կարո Փայլանի անվտանգությունը և տարբեր երկրների ներկայացուցիչներից կազմված հանձնախմբով զբաղվել նրա դեպքի հետաքննությամբ: Սակայն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ակցիայի մասնակիցներին «ընդունեցին» միայն անվտանգության աշխատակիցները: Հենց սկզբից երթի կազմակերպիչներին մոտեցավ անվտանգության աշխատակիցներից մեկը և ասաց, որ նամակը կարող են հանձնել իրեն, սակայն կազմակերպիչները նշեցին, որ իրենք նամակը կտան միայն հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցներին կամ ՄԱԿ-ի ցանկացած այլ աշխատակցի: Երկրորդ անգամ նամակը ստանալու համար կազմակերպիչներին մոտեցավ գրասենյակի անվտանգության պետը, կազմակերպիչները նամակը հանձնեցին նրան` թյուրիմացաբար` չիմանալով, որ նա էլ անվտանգության աշխատակից է: Երբ հետո ակցիայի կազմակերպիչները պահանջեցին, որ իրենց ՄԱԿ-ի աշխատակիցներից մեկը մոտենա և պարզաբանի, թե ինչու են միայն անվտանգության աշխատակիցները մոտենում իրենց, կազմակերպիչներից Հայկանուշ Ալոյանին զանգահարեց գրասենյակի անվտանգության մեկ այլ աշխատակից` ասելով, որ անհանգստանալու կարիք չկա, նամակն արդեն քարտուղարությունում է:
«Ստացվում է` ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում միայն անվտանգության աշխատակիցներն են աշխատում, քանի որ ոչ ոք չբարեհաճեց գոնե գալ ու մեր պահանջը լսել: Նման անհարգալից վերաբերմունքի համար մենք կդիմենք ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակ»,- ասաց Ալոյանը:
Ի դեպ, ՄԱԿ-ի գրասենյակի անվտանգության աշխատակիցը, որը զանգահարել էր Ալոյանին, խոստացավ, որ առաջիկայում նամակին գրավոր կպատասխանեն:
Հիշեցնենք, որ, Թուրքիայի Ազգային ժողովում ելույթ ունենալով, Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարո Փայլանն ապրիլի 21-ին առաջարկել էր հանձնաժողով կազմել` 1915-ին հայ քաղաքական գործիչների սպանությունները հետաքննելու համար: Ելույթից հետո հայ պատգամավորը սպառնալիքներ է ստացել, ծեծի ենթարկվել: