Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվել են բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման (MIRA) և հետաղետային կարիքների գնահատման (PDNA) գործընթացներ` Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքների վերացման և միջազգային աջակցության տրամադրման համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տեղում արդեն աշխատանքներ է իրականացրել փաստահավաք խումբը՝ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի մասնագետների մասնակցությամբ։
«ՆԳՆ թիմի հետ խումբը հարցումներ է անցկացրել տուժած բնակավայրերում, որպեսզի հնարավորինս արագ ամփոփի առաջնային կարիքների գնահատման առաջին փուլը՝ հետաղետային կարիքների խորքային գնահատման և հետաղետային վերականգնման գործընթացի նախապատրաստման նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
Աշխատանքային խմբերը գնահատում են կատարել համայնքներում, հստակեցրել են տուժած բնակչության և ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկությունները։
«Աղետի գոտու խոշորացված համայնքներում կատարվել է պատճառված վնասի մակարդակների սահմանում, հստակեցվել են պարենային անվտանգության, առողջապահության, ջրային ռեսուրսների, սանիտարական և հիգիենիկ պայմանների, կրթության, պաշտպանության ոլորտներում կարիքները, գնահատվել են հնարավոր և անմիջական ռիսկերը»,– նշված է հաղորդագրությունում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև հասցեագրել սոցիալ-հոգեբանական աջակցության հետ կապված կարիքները, ապահովել աղբի, ջրաբերուկների անհապաղ և համակարգված հեռացման և թափոնների կառավարման գործողությունների ծրագրի մշակում ու իրականացում, տուժած համայնքների վնասված կոյուղու համակարգի և խմելու ջրի մատակարարման անհապաղ վերականգնում և այլն։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։