Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վաղը ՀԳՄ-ում տեղի կունենա համագումար, որի ժամանակ էլ կընտրվի ՀԳՄ նախագահ: ՀԳՄ նախագահի թեկնածուները երեքն են` Հովիկ Հովեյան, Էդվարդ Միլիտոնյան եւ Դավիթ Սարգսյան: yerkir.am-ի զրուցակիցն է Դավիթ Սարգսյանը:
-Պարո'ն Սարգսյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը:
-Առաջադրվեցի, քանի որ ափսոսում եմ ՀԳՄ-ն: Վերջին 20 տարիների ընթացքում գրականության, գրողի արժեքային համակարգը խախտվել է: Երկիրը լուրջ փոփոխությունների է ենթարկվել ոչ միայն հասարակարգի առումով, այլ նաեւ բարոյահոգեբանական արժեհամակարգի անկում է զգացվում: Առաջադրվեցի, քանի որ իմ մեջ տեսա այդ ուժը, իմ իմացությունը, փորձառությունը եւ հատկապես կազմակերպչական ջիղը տեսա: ՀԳՄ նախագահի գերխնդիրն, ի վերջո, կազմակերպչական դերն է, որպեսզի գրականությունը համակարգի, արժեքները ճիշտ գնահատի, ՀԳՄ-ի անդամության հարցը լուծի, մրցանակների, գրքերի հրատարակությամբ զբաղվի: Պետք է փորձենք ՀԳՄ-ի միջոցներն օգտագործել` մեր ազգային ինքնության, մեր դիմագիծը պահպանելու եւ չկորցնելու համար: Պետք է մեր արժեքային համակարգը պահպանենք եւ բազմաթիվ այլ մարտահրավերներին դիմագրավենք:
-Ի՞նչ պետք է անել գրողի դերը բարձրացնելու համար:
-Քայլերը բազմաթիվ են: Գրողին, ի վերջո, չես կարող ստիպել` գնա', այսինչ բանը գրի'ր: Գրողն ազատ ստեղծագործող անհատականություն է. խոսքը, բնականաբար, ճշմարիտ գրականության մասին է, ոչ թե ծախուների, պնակալեզների եւ ստրկամիտների: Ճշմարիտ գրականությունը պետք է քարոզվի հնարավոր բոլոր միջոցներով: Պետք է ՀԳՄ-ն իր նախկին վարկանիշը վերականգնի, որպեսզի մեր հասարակության մեջ բարձրանա գրողի դերը, գրողի խոսքն արժեւորվի: Մեզ ասում են` հայեցակարգ գրել, սակայն հայեցակարգ չի կարող գրել մեկը. մեկը կարող է իր ցանկություններն ու ծրագրերը ներկայացնել: Հայեցակարգը միասին պետք է գրվի. մենք խնդիրները մակերեսային ենք սկսել քննարկել, մենք ոչ մի խնդրի մեջ չենք խորանում, իսկ ՀԳՄ-ի առջեւ ծառացած խնդիրները կարիք ունեն օր առաջ լուծելու: Մենք տեսակի ոչնչացման խնդիր ունենք, որի հետեւում շատ լուրջ ուժեր են կանգնած. այստեղ գրողի խոսքն է կարեւոր, քանի որ ժողովուրդը գրողի խոսքին է կարոտ:
-Ներքին լարվածություն կա՞ նախագահի թեկնածուների մեջ:
-Ներքին լարվածություն, այո, կա, սակայն դա նման իրավիճակների սահմաններում է: Կարծում եմ` համագումարի օրը կլինեն բուռն բանավեճեր, հուսամ` ելույթներ նույնպես կլինեն: Ես մեծ հույսեր ունեմ, որ այս ընտրությունը հերթական աչքակապուկը չի լինի: Պետք է լրջորեն վերաբերվել մեր գրականությանը, գրական արժեքներին ու գործընթացներին, ՀԳՄ-ն պետք է գրական զարգացումները համակարգի, ոչ թե գրողի գլխին կանգնի. մեկին երես տա, մյուսին ասի` յուրային է: ՀԳՄ-ն չպետք է սարքեն իրենց տնամերձը: 520 անդամ ունի ՀԳՄ-ն, սակայն մենք սփյուռքահայ գրողների հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, քանի որ նրանք անգամ չգիտեն իրենց պարտականություններն ու իրավունքները: Մենք բոլորս ուզում ենք, որ Սփյուռքն ինտեգրվի ՀԳՄ-ին, բայց ինչպե՞ս ենք դա պատկերացնում, ի՞նչ կարգավիճակով: Մենք դարձյալ, ինչպես սովետական ժամանակներում, բարձրացնում ենք մեր ձեռքերն ու քվերակում` այո՜, անցավ միաձայն… եւ վերջ: Միաձայն ոչ մի խնդիր այսօր չի լուծվում:
-Ձեր ցանկությունների ծրարով չընտրվելու դեպքում պատրա՞ստ եք կիսվել նորընտիր նախագահի հետ:
-Ես` որպես անձ, բնավ պատրաստ չեմ ինքնազոհության կամ կյանքի ու մահվան գնով ընտրվել ՀԳՄ նախագահ: Ես ոչինչ չեմ կազմակերպում, ինչպես ընդունված է նման դեպքերում: Ես չեմ խնդրում սրան-նրան, թե ձայնդ ինձ տուր. ես թողել եմ գրողների հայեցողությանը` կընտրեն` բարի, չեն ընտրի` էլի բարի: ՀԳՄ նախագահի մյուս երկու թեկնածուներն էլ իմ ընկերներն են` 30 տարուց ավել է, ինչ ճանաչում եմ նրանց: Ով կընտրվի, կընտրվի... բարին իր հետ, միայն թե այդ ծրագրերը պետական օրենքների նման չմնան թղթի վրա գրված: ՀԳՄ նորընտիր նախագահը պետք է կամք դրսեւորի ու անանձնական ձեւով աշխատի, քանի որ այսօր այլ կերպ աշխատելու դեպքում մենք կկորցնենք ինչ-որ բան փոխելու վերջին հնարավորությունը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ