կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-02 15:32
Հասարակություն

Սյունիքի մարզը չպետք է դարձնել Հյուսիսային Կորեա, ՀՀ-ն էլ չպետք է դարձնել Կրասնոդարի երկամաս

Սյունիքի մարզը չպետք է դարձնել Հյուսիսային Կորեա, ՀՀ-ն էլ չպետք է դարձնել Կրասնոդարի երկամաս

Այսօր լրագրողների հետ հանդիպեց ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, ով անդրադարձավ ՊՊԾ գնդի գրավմանը եւ դրան հաջորդած զարգացումներին: Նրա կարծիքով` այդ ճգնաժամը արդյունք էր վատ կառավարման: Եվ գուցե այս դեպքերից հետո կառավարությունը անցնի իրական փոփոխությունների: Բաբայանի խոսքով` ամեն ինչին պետք է պատրաստվել, անգամ հեղափոխությանը, իմանալ, թե ինչպես է արվելու այդ հեղափոխությունը:

«Մենք հաճախ հայրենսիրությունը դարձրել ենք դրոշ, որը պետք է արդարացնի տաղանդի բացակայությունը, բոլորը խոսում են հայրենասիրությունից: Ուզում եմ հարցնել, դու կգնաք բուժվելու մասնագետ վիրաբույժի՞, թե՞ հայրենասեր վիրաբույժի մոտ: Հայրենասիրությունը մասնագիտություն մի դարձրեք: Եթե ես դերասաններին կոչով դիմեմ, որ դուրս գան բեմի վրա ու կատարեն իրենց հայրենասիրական պարտքը, ի՞նչ կստացվի»,- ասաց ռեժիսորը` կարծիք հայտնելով, որ Հայաստանում բոլոր ոլորտներում զարգացում տեղի չի ունենում, ամենուր լճացում է:

Ռուբեն Բաբայանի խոսքով` այսօր ամենուր ատելությունը շատ է, մինչդեռ հասարակության ու բնության օրենքների համաձայն, որևէ լավ բան կարող է ծնվել միայն սիրուց, այլ ոչ` ատելությունից: Եվ այս օրերին մարդիկ կուրորեն սկսեցին հավատալ կամ մեկ, կամ մյուս կողմին , և ինքնուրույն դատելու հատկանիշը սկսեց զիջել:

«Բոլորը խոսում էին, բայց ոչ ոք չէր լսում, ու բոլորին թվում էր, թե իրենք են իրավացի, կարծում եմ,  մեկը մյուսի նկատմամբ ատելությունը պետք է արդեն վերացնենք: Հակառակ դեպքում մեկ բռնապետությունը կփոխարինվի մեկ այլ բռնապետությամբ»,- ասաց նա:

Ռեժիսորը լավ գիտեր, որ այս օրերի ընթացքում իր մեկնաբանությունները արժանացել են պարսավանքի, մեղադրանքի ու հայհոյանքի, սակայն չի պատրաստվում նույն ձևով այդ ամենին պատասխանել, որովհետև կարծում է, որ մարդիկ պետք է փորձեն իրար հասկանալ: Ինչ վերաբերում է նախագահի երեկվա ելույթին, Ռուբեն Բաբայանը նշեց, որ իրեն հրավեր եղել է նախագահականից, սակայն իմանալով, որ դա ոչ թե երկխոսության ձեւաչափով է լինելու, այլ ելույթ լսելու եւ գերադասել է չգնալ նախագահական:

Արդյո՞ք իշխանությունները կգնան փոփոխությունների, Ռուբեն Բաբայանը կարծիք հայտնեց, որ դա ժամանակը ցույց կտա, որովհետև պետք է տեսնեն գործողություններ, այլ ոչ` ճառեր: «Եթե նախագահն ասում է, որ Հայաստանը չպետք է դարձնել Բեյրութ, ապա ես ուզում եմ ասել, որ Սյունիքի մարզը չպետք է դարձնել Հյուսիսային Կորեա, իսկ ՀՀ-ն չպետք է դարձնել Կրասնոդարի երկամաս: Պետություն պետք է կառուցել, ոչ թե փրկել, փրկիչներն այնքան շատ են, բայց երկիր կառուցողները չկան»,- ասաց Ռուբեն Բաբայանը: