| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, շարունակվեց մի շարք մեծահարուստների տներ թալանած «բանդայի գործով» ապացույցների հետազոտումը:
 Այսօրվա նիստին մեղադրողը հրապարակեց գործով ամբաստանյալների մասնակցությամբ կատարված քննչական գործողությունների արձանագրությունը:
 Դրա համաձայն ` ամբաստանյալ Դավիթ Գալստյանը, քննչական մարմնի աշխատակիցների ուղեկցությամբ, ցույց է տվել այն բոլոր վայրերը, որտեղից իրենք գողություն են կատարել:
 Դավիթը ցույց է տվել Կիլիկիա և Նոյ թաղամասերում,  Դանիել Վարուժան, Ֆրունզե փողոցներում  և Ավան համայնքում գտնվող առանձնատները և պատմել, թե ինչ եղանակով են կատարել գողությունը:
 Մասնավորապես պատմել է, որ Կիլիկիա թաղամասում գտնվող տուն մտնելիս կապկպել են տան անդամներին, պահանջել ոսկյա զարդեր,  գումար, պատերից նկարներ և  3մլն ՀՀ դրամ գողացել: Տան անդամները` գործով տուժողները,  հայտնել են , որ կասկածյալը ճիշտ է ներկայացնում հանցագոծությունը: Նա եղել է հանցագործներից ամենահաղթանդամը:
 Դատախազի հրապարակած փաստաթղթից պարզ դարձավ, որ հանցավոր խումբը բաղկացած է եղել վեց հոգուց, որոնց թվում են եղել Դավիթը, Սամսոնը, Գուրգենը և վրացահայեր:
 Կիլիկիա թաղամասի առանձնատան գողությունը նկարագրելուց հետո կասկածյալը ցույց է տվել  Դանիել Վարուժան փողոցում գտնվող տունը, որտեղից գողացել են սեյֆը, որում եղել է 9800 դոլար գումար, հետո  ցույց է տվել Ֆրունզե փողոցում գտնվող  ասֆալտի գործ անողի տունը, հետո` Ավանի հոգեբուժարանի մոտ գտնվող տունը: Ըստ նախաքննության` ամբաստանյալները նշված տներից գողություն են կատարել  2011թ.-ի  հուլիսի սկզբին:
 Արձանագրության համաձայն`  Դավիթը պատմել է, որ բոլոր դեպքերի վայրերում իրենց խումբը եղել է զինված, դիմակավորված, ձեռնոցներով և տան անդամների բերանները կապելու հարմարանքներով:
 Քննչական գործողության ժամանակ Դավիթը ցույց է տվել նաև  Պտղնիում գտնվող իրենց կողմից վարձակալված ամառանոցը, որտեղ, ըստ նախաքննության, հանցագործները բերել են  գողոնը:
 Դավթի խոսքով `  այդ տանը հիմնականում բնակվել են ինքը և Գուրգենը (խոսքը գործով ամբաստանյալ Գուրգեն Հայրապետյանի մասին է, ով բանդայի վնասազերծման օրը Մյասնիկյան պողոտային հարակից բլրից վայր էր ընկել և մահացել):
 Հիշյալ ապացույցների հրապարակումից հետո  ամբաստանյալ Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը միջնորդեց դատարանին` տրամադրել իր պաշտպանյալի նկատմամբ քննչական գործողություններ կատարելու տեսաձայնագրությունը,  որն, ըստ նրա, էական նշանակություն կարող է ունենալ գործի քննության համար:
 Նրա խոսքով` տեսանյութի  շնորհիվ պարզ կդառնա այն, որ քննչական գործողության ողջ ընթացքում իր պաշպանյալին ուղեկցել են հատուկ ջոկատի աշխատակիցները, ովքեր ծեծել և բռնություններ են կիրառել իր պաշտպանյալի նկատմամբ, որպեսզի վերջինս խոստովանի, որ հանցագործություններն ինքն է կատարել, թեև, նրա համոզմամբ, իր պաշտպանյալը կոնկրետ գործողություններ չի վերարտադրել:
 Ըստ նրա` քննչական գործողությունները կատարվել են ուշ ժամի, ձևի համար, քրեադատավարական նորմերի խախտումներով:
Բացի այդ, Ոսկանյանի կարծիքով` տեսագրության միջոցով պարզ կդառնա, թե քննչական գործողությունը որքան է տևել :
 
 
Դատավոր Մխիթար Պապոյանը պաշտպանի միջնորդությունը համարեց իմաստազուրկ` նշելով, որ քրեական գործում նման լազերային սկավառակ առկա է, պարզապես փաստաբանը դրանից տեղյակ չէ:
Դատարանը որոշում կայացրեց ուսումնասիրել ամբաստանյալների մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու տեսանյութը: