կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-09 17:05
Իրավական

Էդ պահին Քենեդու սպանությունն էլ դեմ տային` կստորագրեի. «բանդայի» գործ

Էդ պահին Քենեդու սպանությունն էլ դեմ տային` կստորագրեի. «բանդայի» գործ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարկվեց «բանդայի» գործով ամբաստանյալ Սամվել Դավթյանի նախաքննական ցուցմունքը:

 

Հիշեցենք, որ նախորդ դատական նիստում Սամվելը վկայություն էր տվել, որ իրեն մեղավոր է ճանաչել խոշտանգումների արդյունքում: Ըստ նախաքննական ցուցմունքի` Դավթյանը նախկինում դատապարտված է եղել անձի առևանգման համար: Ամբաստանյալն իբր հայտնել է, որ կալանքից ազատվելուց հետո` 2011-ին, Գուգոյի (խոսքը բանդան կազմակերպելու մեջ մեղադրվող, արդեն մահացած ամբաստանյալ Գուրգեն Հայրապետյանի մասին է) և ոմն Վարդանի հետ հարձակումներ են գործել «Լինսի» հիմնադրամի տնօրենի, նախկին թաղապետի տների, Կիլիկիա թաղամասում գտնվող այլ տների վրա:

 

Ըստ հիշյալ ցուցմունքի` Դավթյանն իբր  խոստովանել է, որ իր մոտից հայտնաբերված թմրանյութը գտել է Ամիրյան փողոցում, մինչդեռ նախորդ դատական նիստում նա նշել էր, թե ինչպես են 6-րդ վարչությունում խուզարկության ժամանակ իր գրպանն ինչ-որ բան գցում, որը հետո պարզվել էր` թմրանյութ է: Նախաքննական փուլում ամբաստանյալը հրաժարվել է իրեն առաջադրված մեղադրանքից:

 

Այսօրվա նիստում ամբաստանյալը հայտարարեց, որ այդ ամենը քննիչների գրածն է: «Էդ պահին Քենեդու սպանությունն էլ որ դեմ տային` երևի կստորագրեի»,- ասաց նա:

 

Դատախազի հարցին, թե ի՞նչն է եղել պատճառը, որ իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին սկզբում չի հայտնել, նա նշեց, որ ի սկզբանե քննիչներին չի վստահել, միայն նոյեմբերին, երբ գործում ներգրավվել է պաշտպան Կարեն Հակոբյանը, նա իր նկատմամբ կիրառված խորթ մեթոդների մասին պատմել է նրան: Այնուհետև ամբաստանյալը և պաշտպանը դրա վերաբերյալ հաղորդումներ են ներկայացրել համապատասխան մարմիններին:

 

Պաշտպանն էլ, իր հերթին, հավաստեց, որ իր վստահորդի նկատմամբ իսկապես խորթ մեթոդներ են կիրառվել: Նա նշեց, որ նախաքննության ընթացքում Դավթյանի կալանքի վերաբերյալ դատական նիստերը տեղի են ունեցել առանց իր պաշտպանյալի, քանի որ նա գրավոր դիմել է դատարանին և հայտնել, որ իրեն վատ է զգում: «Ոչ մի քննիչ այդ ընթացքում չի գնացել` տեսնելու իմ պաշտպանյալի չներկայանալու պատճառը»,- ասաց փաստաբանը:

 

Այդ առնչությամբ, սակայն, մեղադրող դատախազը հայտարարեց, որ ամբաստանյալի հաղորդումների հիման վրա հարուցված գործերով արդեն իսկ ապացուցվել է ոստիկանների անմեղությունը: Ըստ նրա` բարոյական տեսանկյունից ճիշտ չէ նման որոշումից հետո այդ ամենը շահարկելը: