Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Մի շարք անվանի անձանց տներ թալանած «բանդայի» գործով հերթական դատական նիստին չէր ներկայացել տուժողների մեծ մասը: Մասնավորապես` Աղվան Գրիգորյանին, Երվանդ Գրիգորյանին և Անդրանիկ Գրիգորյանին դատարանը պատշաճ ծանուցագիր էր ուղարկել, ավելին` դատավոր Մխիթար Պապոյանի հանձնարարությամբ` նիստի մեկնարկից 1 ժամ առաջ նիստերի քարտուղարը զանգահարել էր տուժողներին և հիշեցրել նրանց ներկայության անհրաժեշտության մասին, սակայն նրանք անորոշ պատասխաններ էին տվել` ասելով` կարող է գանք, կարող է` ոչ: Ուստի նրանց նկատմամբ դատարանը բերման ենթարկելու որոշում կայացրեց:
Տուժողներ Նապոլեոն Ազիզյանի և Ատոմ Բազազյանի չներկայանալու վերաբերյալ դատարանը ներկայացրեց բժշկական փաստաթուղթ, որը կողմերը կքննարկեն հաջորդ դատական նիստի ընթացքում: Տուժող Մելանյա Ազիզյանի ներկայացուցիչը դատարանին հայտնեց, որ տուժողի առողջական վիճակի մասին բժշկական փաստաթուղթ կներկայացնի հաջորդ նիստին: Նրա խոսքով` Մ. Ազիզյանը իր բնակարանի գողությունից հետո ծանր սթրես է տարել, որից երկար ժամանակ է չի կարողանում դուրս գալ:
Մ. Պապոյանը հայտնեց նաև, որ ամբաստանյալ Սամվել Դավթյանի վերաբերյալ ստացվել է դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը, ըստ որի` պարզվել է, որ մեղադրյալը չի տառապում հոգեկան հիվանդությամբ, նա էմոցիոնալ անկայունություն ախտորոշմամբ փսիխոպատ անձնավորություն է և իրավախախտումը կատարելու պահին կարող էր հասկանալ իր կատարած գործողությունները, այսինքն` նա մեղսունակ է: Ըստ նույն եզրակացության` Ս. Դավթյանը դատապարտվելու դեպքում պետք է հոգեբույժի կողմից ամբուլատոր բուժում ստանա և կալանավայրում գտնվի նրա հսկողության տակ:
Նիստին ներկա չէին նաև ամբաստանյալները, սակայն նրանց ներկայությունը ապահովելը հարկ չէր համարել Մ. Պապոյանը, քանի որ արդեն իսկ հայտնի էր, որ տուժողների բացակայության պայմաններում անհնար է շարունակել նիստը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հաջորդ տարի` հունվարի 21-ին: