Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2011-05-05 01:31
Առանց Կատեգորիա

Քեֆ անողի քեֆը չի պակասի

Քեֆ անողի քեֆը չի պակասի

Լավ տրամադրությունը բազմաթիվ հանգամանքներով է պայմանավորվում, որոնց թվում կարեւոր դեր ունի նաեւ սնունդը: Մեր ընթերցողներին, կարծում եմ, կհետաքրքրի, թե մեր «էլիտայի» ներկայացուցիչներն ինչ համադամ ուտելիքներ են նախընտրում ռեստորաններ հաճախելիս:

Պարզվում է, որ ռեստորաններում իրենց համեստ են դրսեւորում վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Այսպես, վարչապետը նախընտրում է ծովային մթերքներ: Հիմնականում սիրում է եվրոպական ուտեստներ, իսկ խմիչքների այնքան էլ չի տրվում, այսպես ասած՝ առիթից առիթ գինի է խմում: Ասում են՝ նա շատ հարգալից է մատուցողների հանդեպ, ովքեր նրանից միշտ գոհ են մնում:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սիրում է հյուրասիրվել, ամեն անգամ համտեսում է նոր կերակրատեսակներ, որոնց մասին իրեն տեղեկացնում են մատուցողները: Բայց դե Հ. Աբրահամյանն էլ է սիրում ծախսել:

Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի մասին ասում են, որ ռեստորանի աշխատակիցները նրանից այնքան էլ գոհ չեն մնում: Նա կերակրատեսակներ պատվիրելիս փորձում է իր պատկերացումները իրականացնել: Բայցեւայնպես, քմահաճ հաճախորդ է համարվում եւ նույնպես սիրում է, երբ իրեն հյուրասիրում են:

Ամենահայկական խոհանոց է նախընտրում գործարար Գագիկ Ծառուկյանը: Օրինակ` պատվիրելու ժամանակ հաճախ ասում է. «Պամիդորն եւ վարունգը հանկարծ չկտրեք»:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախընտրում է աղանդեր: Տիկին Հակոբյանը նախընտրում է հայկական, եվրոպական խոհանոցներ, բայց ամենից շատ օգտվում է մրգերից, լավ խմիչքներից, սիրում է cheesecake: Հարկ է նշել, որ նա նույնպես սիրում է հյուրասիրվել:

Իր երիտասարդության քլաբ-սենդվիչներից (շերտավոր սենդվիչ) մինչ օրս չի հրաժարվել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Արա Բաբլոյանի սիրած ուտեստը ձկնեղենն է, հատկապես՝ կարմրախայտը: Սիրում է նաեւ աղցաններ, օրինակ՝ նարինջը հազարով եւ հավի կրծքամսով:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նախընտրում է սիգ եւ իշխան, իսկ խմիչքներից՝ թանկարժեք օղի, վիսկի եւ կոնյակ:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խմիչքներից նախընտրում է մարտինի, երբեմն էլ՝ կոնյակ: Ուտեստներից մեր երկրի մշակույթի ոլորտի համակարգողը նախընտրում է եվրոպական խորտիկներ եւ աղանդեր:

Պատգամավոր Սաշիկ Սարգսյանը հավաքույթների ժամանակ պատվիրում է թանկարժեք կոնյակներ: Իսկ ուտեստներից նախընտրում է սթեյք (սուկի եւ տավարի մեջքի ֆիլե):

Ընդդիմադիր Ստեփան Դեմիրճյանի մասին ասում են, որ ժլատ հաճախորդ է:

Րաֆֆի Հովհանիսյանի համար էլ ասում են, որ հաճախ խնդրում է սեղանին մնացած ուտելիքը փաթեթավորել՝ շան համար: Նույն կերպ է վարվում Պարույր Հայրիկյանը:

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ամենահանգիստ ու համեստ հաճախորդներից է համարվում եւ ունի չափավոր ախորժակ: Նախընտրում է հայկական եւ եվրոպական խորտիկներ:

Երեւանի նախկին քաղաքապետի մասին նշենք, որ ռեստորաններում ամեն անգամ նստել է այնպիսի տեղերում, որ չնկատվի… Նախընտրում է հայկական խոհանոցը:

Գեներալ Մանվել Գրիգորյանը նույնպես ամենահայավարի խոհանոցի սիրահար է` խորովածը՝ քյաբաբի ուղեկցությամբ, պանիրը՝ կանաչիով, ինչպես նաեւ լոլիկի ու վարունգի ամառային աղցան:

Մեկ այլ գեներալի` Լեւոն Երանոսյանի ամենասիրած ուտեստը կարտոֆիլով ճուտն է, ինչպես նաեւ իշխանի խորովածը եւ նրբերշիկով ձվածեղը:

Հավելենք նաեւ, որ նշված նախկին եւ ներկա բոլոր պաշտոնյաները նախընտրում են որակյալ ու թանկարժեք խմիչքներ:

Գալուստ ՆԱՆՅԱՆ