Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչ ԱԺ չորս խմբակցությունները հարմարավետ տեղավորվում էին ԱԺ նիստերի դահլիճի իրենց աթոռներին եւ պատրաստվում կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը մեկ տարով հետաձգելու հարցով արտահերթ նիստին, ՀՀԿ-ական եւ ՕԵԿ-ական պատգամավորները (սրանք էլ վերջին պահին գլխի ընկան կոալիցիոն գործընկերոջ որոշման մասին` ՀՀԿ լայեղ չէր արել բոյկոտի մասին նախօրոք տեղեկացնել) չարաճճի աշակերտների պես «թռան» նիստից` հարգելի պատճառով: Մի քանի ժամից հարգելի գործընկերոջ` Վարդան Այվազյանի դստեր հարսանիքն է, իսկ հարսանիքին ո'չ աշխատանքային հագուստով կգնաս, ո'չ էլ առօրյա սանրվածքով:
Եվ մինչ ընդդիմադիրները փախստական պատգամավորներին հետ բերելու ջանքեր էին գործադրում ՀՀԿ գրասենյակի մոտ, ասում են` պատգամավորները «շոպինգի» մեջ էին, ոմանք էլ` կին, թե` տղամարդ, գեղեցկության սրահներում: Տղամարդիկ նոր կոստյումներ ու փոխկապների ընտրությամբ էին զբաղված, իսկ կանայք' մակիյաժով ու սանրվածքով:
Ուշագրավ է, որ գործընկերոջ դստեր հարսանիքին ՀՀԿ-ի ահել-ջահելների պատրաստությունը քողարկելու համար ԱԺ-ում մնացել էր հին սերնդի Գալուստ Գրիգորիչը: Խեղճ մարդ... Լրագրողները հարցնում են` կարո՞ղ է ՀՀԿ-ն նիստը տապալեց Այվազյանի դստեր հարսանիքի պատճառով, սա էլ միամիտ-միամիտ, թե «հարսանիքներն առավոտյան չեն լինում»: Դե արի ու Գրիգորիչին բացատրի, որ հիմա իրենց ՀՀԿ-ական տղամարդիկ էլ են գեղեցկության սրահ շտապում` մանիկյուր-պեդիկյուր, մազահեռացում...հազար ու մի բան կա: Այստեղ են ասել` օ~ ժամանակներ, օ~ բարքեր:
Թե ինչո՞վ էին այդ պահին զբաղված կառավարության ղեկավարը եւ նախարարները, աղբյուրները լռում են: Բայց ասում են` վարչապետը տխրել է, որ իր հպարտություն հանդիսացող ՏՏ ոլորտի աշխատակիցները ևս դուրս են եկել բողոքի ակցիայի, հասել կառավարության մոտ, բղավել` ամոթ, հետո գնացել ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ ու էլի` ամոթ, ամոթ, ամոթ... Այսքանից հետո ՏՏ ոլորտի ձեռքբերումներով ու առաջընթացով էլ ի՞նչ խղճով է ամեն պատեհ-անպատեհ առիթով հպատանալու վարչապետը: Բայց այսօր կառավարության շենքից այդպես էլ մարդ դուրս չեկավ, մի Գալուստ Գրիգորիչ էլ չունեի՞ն:
Ինչպես հաճախ է լինում, տարածքը հսկում էին մեզ հայտնի հանրապետական տատիկն ու ոստիկանները: Պատկերը շատ խոսուն էր: Մի կողմում ժողովուրդն էր` իր խնդիրներով, մտահոգություններով, պահանջներով, մյուս կողմում' Հանրապետականի անզուգական տատին, ոստիկաններն ու կառավարության, ՀՀԿ-ի դատարկ շենքերը:
Մեղադրելու էլ չի` մարդիկ «զբաղված» են, իսկ ժողովուրդը պահանջում է ու պահանջում...
Հետաքրքիր է` մեր երկում արդեն բողոքի ակցիայի են դուրս գալիս ՏՏ ոլորտի աշխատակիցները, իսկ գիտե՞ն նրանք, որ էս իշխանությունների համար կարևորը թանն ու քյաբաբն է, անպակաս քեֆերն ու տաշի-տուշին: Ջհանդամը, թե ժողովուրդը չի տուժում:
Բ. Գասպարյան