կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-17 16:05
Իրավական

Հրապարակվեցին ''բանդայի'' գործով վերջին վկաների ցուցմունքները

Հրապարակվեցին ''բանդայի'' գործով վերջին վկաների ցուցմունքները

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում' դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, շարունակվեց  2011-ի սեպտեմբերի 23-ին Երևանում վնասազերծված ավազակային խմբի` «բանդայի» գործով հերթական դատական նիստը:

 

Դատարանը, թեև պատշաճ ծանուցել էր գործով վկաներ Նշան Մաթևոսյանին, Նորայր Սահակյանին և Աննա Մաթևոսյանին, սակայն նրանք հերթական անգամ չէին ներկայացել: Ա. Մաթևոսյանի վերաբերյալ դատարանը գրություն էր ստացել առ այն, որ նա բացակայում է քաղաքից, իսկ  Ն. Սահակյանը գտնվում է զինվորական ծառայության մեջ և մոտ մեկ ամսից նոր զորացրվելու է: Ն. Մաթևոսյանի վերաբերյալ ընդհանրապես տեղեկություն չէր ստացվել:

 

Դատարանը, հաշվի առնելով գործի քննությունը ողջամիտ ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը, նպատակահարմար համարեց հրապարակել հիշյալ վկաների նախաքննական ցուցմունքները:

 

Ա. Մաթևոսյանը, ով Երևանի պետական  համալսարանի  իրավաբանական ֆակուլտետի դասախոս է, իր ցուցմունքում հայտնել էր 2011 թ. սեպտեմբերի 22-ին (բանդայի վնասազերծման գիշերը) իրեն պատկանող  «Տոյոտա»  մակնիշի մեքենան մտերիմ ազգականին` Նշան Մաթևոսյանին տրամադրելու մանրամասները: Ըստ նախաքննության` այդ մեքենայի հետ որոշակի կապ է ունեցել գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանը:

 

Ա. Մաթևոսյանը պատմել էր, որ սեպտեմբերի 22-ի երեկոյան իրենց տուն է եկել Նշանը  և մեկ օրով խնդրել իր մեքենան: Աննան համաձայնել է, սակայն պայմանով, որ առավոտյան մինչև 9:30 վերադարձնի, քանի որ երեխային պետք է տանի բժշկի: Սակայն հաջորդ օրը` նախանշված ժամին, մեքենան չի վերադարձվել իրեն: Աննան փորձել է զանգահարել Նշանին, սակայն չի հաջողվել, քանի որ վերջինս տարբեր համարներ է ունեցել: Իսկ հարևանից էլ տեղեկացել է, որ իր մեքենան կայանված է Ձերժինսկու անվան դպրոցի մոտ: Հետո միայն տեղեկացել է, որ Նշանին տարել են ոստիկանության բաժին, քանի որ նա առնչություն ունի «բանդայի» գործի հետ: Սակայն, ըստ վկայի ցուցմունքի, Նշանին ինքը ճանաչում է վաղուց, և նա չէր կարող նման խմբի հետ կապ ունենալ: Իսկ դեպքից հետո Նշանը խուսափել է իր հետ հանդիպել, երևի ամաչել է:      

 

Նշան Մաթևոսյանն էլ իր ցուցմունքում նշել է, որ Աննայի մեքենան վերցրել է համակուրսեցու` Գուժի խնդրանքով, ով, ինչպես պարզվել է նախաքննությամբ, մեքենան հանձնել էր գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանին:

 

Այսքանով դատարանն ավարտեց վկաների հարցաքննության փուլը և սկսեց հետազոտել գործում առկա փաստական ապացույցները: Նախքան ապացույցներին անցնելը պաշտպանները հիշեցրեցին դատավորին` գործով տուժող Երվանդ Գրիգորյանին ևս մեկ անգամ դատարան հրավիրելու  անհրաժեշտության մասին: Դատական նիստերի քարտուղարը  նշեց, որ Ե. Գրիգորյանին դատարան հրավիրելու վերաբերյալ ծանուցում են ուղարկում, սակայն նա այդպես էլ չի եկել: «Ո՞նց թե չի գալիս»,- տեղից ակնարկեց ամբաստանյալներից մեկը:

 

Դատարանը նրա նկատմամբ բերման որոշում  կայացրեց և սկսեց ապացույցների հետազոտումը: Ե. Գրիգորյանը կհարցաքննվի դատարան ներկայանալուն պես: