Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի շարք պաշտոնատար անձանց տներ թալանած «բանդայի» գործով հերթական դատական նիստին ցուցմունքներ տվեցին 2011թ. սեպտեմբերի 23-ին ավազակային խմբի վնասազերծմանը մասնակցած ոստիկանները: Նրանց թվում էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության 5-րդ բաժնի պետ Արամ Խաչատրյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակից Ռուբեն Դավթյանը, օպերլիազոր Եղիշե Առաքելյանը:
Գործում որպես վկա ներգրավված, վնասազերծման մասնակից օպերլիազոր Արարատ Առաքելյանը, պարզվեց, դուրս է եկել աշխատանքից և բնակություն հաստատել արտերկրում: Հաշվի առնելով այդ հանգամանքը` դատավոր Մխիթար Պապոյանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը:
Ոստիկան վկաները գրեթե նույնությամբ կրկնեցին ցուցմունքները: Նրանք հայտնեցին, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին, իրացնելով օպերատիվ տվյալները Ավան վարչական շրջանից մինչև Մյասնիկյան պողոտա հետապնդել են «Մերսեդես» մակնիշի սև գույնի մեքենա, որը «Մամա ֆլորա» ծաղկի խանութի մոտ բախվել է էլեկտրասյանը և վթարի ենթարկվել: Ըստ ոստիկանների` վթարված մեքենայից փախուստի են դիմել երկու քաղաքացի և բարձրացել հանդիպակաց բլուրը, սակայն նրանց հաջողվել է բերման ենթարկել հետապնդվողներից մեկին` գործով ամբաստանյալ Արթուր Մանուկյանին, իսկ մյուսի վերաբերյալ (խոսքը բանդայի պարագլուխ, փախուստի ժամանակ մահացած Գուրգեն Հայրապետյանի մասին է) որևէ գործողություն չեն կատարել: Ըստ նրանց` փախուստի դիմած քաղաքացիներն իրենց ուղղությամբ ինչ-որ իր են նետել, որը հետագայում պարզվել է` ատրճանակ է:
Վկա Եղիշե Առաքելյանը, մատնանշելով ամբաստանյալ Արթուր Մանուկյանին, նշեց, որ նրան են բերման ենթարկել, սակայն պաշտպանների հարցին, թե դիմադրության հանդիպել են, օպերլիազորը պատասխանեց` ոչ:
«Դեմքս հիշում ես, ծեծելը ո՞չ, ինչքա՞ն կարելի է համբերել»,- տեղից բարկացած հայտարարեց ամբաստանյալ Մանուկյանը: Մխիթար Պապոյանը զգուշացրեց մեղադրյալին, որ ևս մեկ անգամ տեղից խոսելու, ավելին` անգամ աչքերն իջեցնելու, ունքերը կիտելու դեպքում սանկցիա կկիրառի:
Ի դեպ` Պապոյանը սանկցիա էր կիրառել և դատական նիստերի դահլիճից հեռացրել ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մորը` Կարինե Ամոյանին, երբ վերջինս խոսել էր վկա Հովսեփ Հովհաննիսյանի ցուցմունքի ժամանակ (ի դեպ, այս վկան, ով երեկ էր ՌԴ-ից վերադարձել Հայաստան, համարյա հրաժարվեց նախաքննական ցուցմունքից`պատճառաբանելով, որ քննիչներն են գրել, քանի որ ինքը գրավոր հայերենին լավ չի տիրապետում):
Հարցաքննվող օպերլիազորները հայտնեցին, որ հանցավոր խմբի վնասազերծմանը մասնակցել են նաև ոստիկանության 6-րդ վարչության հատուկ ջոկատայինները:
«Եկել եք, որ ի՞նչ ասեք: Ես ցավ եմ ապրում, ամաչում եմ, որ նման ոլորտի մարդկանց բերել են ցուցմունք տալու»,- բարկացած հայտարարեց Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը: Իսկ գործով մեկ այլ վկա, ընթերակա Վահագն Աղաջանյանի չներկայանալու կապակցությամբ էլ մտահոգություն հայտնեց, որ այնպիսի խեղճ իրավիճակում ենք հայտնվել, որ ընթերականերին վկա ենք դարձնում: «Վահագն Աղաջանյանը Նալբանդյան փողոցով հաճախ է անցնում, բռնեք, բերեք դատարան»,- կատակեց պաշտպանը:
Երբ դատավոր Մխիթար Պապոյանը հայտարարեց, որ վկան փոխել է բնակության վայրը և նրան դատարան հրավիրելու բոլոր եղանակներն այլևս սպառվել են, մեղադրող դատախազն առաջարկեց «կրկին փորձեք» տարբերակը:
Դատավորը հրապարակեց նաև Գուրգեն Հայրապետյանի եղբորորդու` Արամ Հայրապետյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ վերջինս բնակվում է ՌԴ-ում: Իր ցուցմունքում Արամ Հայրապետյանը նշել է, որ ամբաստանյալներից ճանաչում է Դավիթ Գալստյանին, ում տեսել է երկու անգամ` մի անգամ Հրազդանում, երբ հորեղբայրն իրեն հրավիրել էր ձուկ ուտելու, մի անգամ էլ` հորեղբոր վարձակալած ամառանոցում: Սակայն նրա վերաբերյալ ոչինչ ասել չի կարող, քանի որ քիչ է շփվել:
Դեպքի օրը նա Դավիթի հետ գտնվել է Գուրգենի վարձակալած ամառանոցում և, երբ նրան զանգահարել, ասել են, որ հորեղբոր մեքենան վթարի է ենթարկվել: Դավիթի հետ շտապել է Մյասնիկյանի պողոտա, որտեղ ոստիկանները նրանց բերման են ենթարկել: Անձնական խուզարկությամբ Արամ Հայրապետյանի մոտ հայտնաբերվել է թմրանյութ, որն, ինչպես ցուցմունքում նշել է վկան, գտել է Հրազդանից և պահել իր անձնական օգտագործման համար:
Արամ Հայրապետյանը ցուցմունքում գրել է նաև, որ Գուրգենենց տանը գտնվելու ընթացքում երբեք զենք կամ դիմակ չի նկատել, իսկ բանդայի մասին տեղեկացել է հետո` հեռուստատեսությունից:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ