կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-09 12:37
Առանց Կատեգորիա

Ովքե՞ր են մեր երկիրը խայտառակողները

Ովքե՞ր են մեր երկիրը խայտառակողները

«Ես չեմ ուզում վիրավորել, բայց նրա պատճառով մեր հարեւան պետությունները պիտի մտածեն՝ էս չե՞ն հայերը: Եվ դա արեց հենց Զարուհի Փոստանջյանը, նա ապացուցեց, որ հայ չէ: Ես նույնիսկ չգիտեմ՝ նրա «Փոստանջյան» ազգանունը որտեղի՞ց է»,- tert.am-ին ասած այս խոսքերի հեղինակը պատգամավոր Բուռնաշն է, որը հայտնի է նաեւ Աշոտ Աղաբաբյան անուն-ազգանունով: «Քաղաքական գործիչը» Զարուհի Փոստանջյանի արածը համարում է դավաճանություն եւ համարում, որ «նրան պետք է ընդհանրապես քաղաքական դաշտից հեռացնել»:

 

ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի ցուցաբերած պահվածքն, իրոք, քննադատելի է բազմաթիվ մեր հայրենակիցների համար. կարելի էր հնարավորությունն օգտագործել խելամիտ հարց ուղղելու համար.բ դրանից օրեր առաջ ռուս զինվորականների հետ էր խնդիր ունեցել տիկին Փոստանջյանը եւ ցանկություն ուներ ՀՀ նախագահից պարզել, թե ի՞նչ հիմքով են ռուս զինվորականները անցակետ դրել Հայաստանում եւ ստուգում իրականացնում, այն էլ` օտար լեզվով:

 

Որքան էլ քննադատելի լինի Զարուհի Փոստանջյանի պահվածքը, այնուամենայնիվ, հարց է, թե ո՞վ ունի քննադատելու իրավունք: Իմ խորին համոզմամբ` Բուռնաշը հաստատ չունի: Երբ մտովի հաշվում ես, թե մեր երկրում քանի խայտառակչի կա, չես կարողանում շրջանցել Ազգային ժողովն ու Բուռնաշին:

 

Տեսնենք, թե ով է ավելի շատ խայտառակում մեր երկիրը:

 

Աշոտ Աղաբաբյանը պատգամավոր է ընտրվել 33-րդ ընտրատարածքից` երեք անգամ անընդմեջ: Ընտրատարածքն ընդգրկում է Շիրակի մարզի 63 գյուղ եւ մի փոքր հատված Գյումրի քաղաքից: Սկզբում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր: Մեկ ամիս անց հասկացավ, որ մարդու իրավունքների պաշտպանությունն իր «հագով չէ»: Դարձավ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Ճիշտ է, հանձնաժողովի փոփոխությունը նրան չստիպեց աշխատել, սակայն փոխելը ճիշտ էր, որովհետեւ մարդու իրավունքների խախտողներից մեկն էլ հենց նա է. մեկ անգամ չէ, որ նրան պատկանող «Հրազդան» տոնավաճառի աշխատողները գործադուլ ու բողոքի ցույց են արել` անմարդկային պայմաններում չկամենալով քարշ գալ:

 

ԱԺ աշխատանքներին չի մասնակցում ¼-ով, պատճառն էլ առողջական խնդիրներն են: Գալիս է խորհրդարան, գրանցվում ու գնում... Առողջական խնդիրներով: Նրա մոնիտորի վրա երեւացող միակ կոճակը, հավանաբար, «կողմն» է: Բնականաբար, հարցեր ու ելույթներ չի ունեցել: Բնականաբար, ՀՀԿ անդամ է:

 

«Բա մարդը, որ ընտրվում է պատգամավոր, ինչի՞ համար է` որ էդ թերությունները բարելավի: Եթե օրենքը չի աշխատում, պետք է փոխել էդ օրենքը»,- ասել է մեր հերոսն ու 4,5 տարում ձեռնամուխ եղել երկու օրինագծի բարելավման. մեկը «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» օրենքն է, երկրորդը` փոփոխություն նույն օրենքում: Խորհրդարանի աշխատանքներին 5 բալանոց սանդղակում տվել է 3 գնահատականը, իսկ իր գործունեությանը` «երեւի 3-ից ցածր»: Մեր կարծիքով` ձգվում է մինուս անսահմանություն:

 

Գործարար է ու դժգոհ, որ Սահմանադրությունն արգելում է պատգամավորին գործարարությամբ զբաղվել: Մի հարցազրույցում ասել է. «Պետությունը բաժանել տվեց մեզ, քանի որ ԱԺ պատգամավորն իրավունք չուներ լրատվական միջոց ունենար, արեցի տիկնոջս անունով եւ բաժանվեցի ստիպված, բայց մենք իրար հետ ենք»:


Պատգամավորի անվան հետ կապված ամենաաղմկահարույց դեպքը «Հրազդան» մարզադաշտում առեւտրի կետ բացելն էր։ 80 հազար դոլարով սեփականաշնորհած մարզադաշտի 11 հա տարածքի մի մասում պատգամավորը որոշել է եռահարկ կենտրոն բացել, որ վաճառողները «ձեռի հետ» էլ ֆուտբոլ նայեն: Կուսակից ընկերն ու կոլեգան` Ռուբեն Հայրապետյանը, դեմ էր` բազմաթիվ քաղաքացիների եւ մասնագետների հետ միասին: Ինքն էլ հակադարձել էր. «Ես պայքարի ձեւերը շատ լավ գիտեմ, քանի որ կամ ե'ւ քաղաքականության մեջ, ե'ւ պատերազմի մասնակից եմ: Այնպես որ` թող իրենք իրենց պայքարով ինձ չվախեցնեն»: Բանակցությունների արդյունքում որոշեց մի քիչ այն կողմ բիզնես անել:

 

2009թ. ապրիլի 21-ին Ալեք Մանուկյան փողոցում երեք մեքենա, որոնցից երկուսը մեր հերոսի թիկնապահներն էին քշում, խելակորույս արագությամբ անցել էին կարմիր լույսի տակով: Ի վերջո, կանգ էին առել. փոքր քաղաք է, ինչքա՞ն կարող էին գնալ: Ոստիկանապետը խոստացավ պատժել: Չգիտենք` օրինախախտնե՞րը պատժվեցին, թե՞ բռնողները: Ասում են, որ 2007թ. հոկտեմբերին էլ մի տարեց տաքսու վարորդի է անձամբ ծեծել` իրեն ուղեկցող ավտոշարասյանը ճանապարհ չտալու համար: Իրավունք ունի, պատգամավոր է: Նախորդ տարի տեղեկություն հրապարակվեց, թե Ամանորի նախաշեմին «Հրազդան» տոնավաճառի անվտանգության ծառայության աշխատակիցները, Աղաբաբյանի որդու մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել տոնավաճառի վարձակալներից մեկին: Վնասել են աչքը: Աղաբաբյանը հերքեց:

 

«Ամեն պաշտոն էշի բեռ ա, մենք մեր վրա էշի բեռ ենք վերցնում, ոչ թե եսիմ ինչ ա»,- ասում է Աղաբաբյանը: Նա նշում է, որ եթե ինքը երրորդ անգամ ընտրվում է նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով, ապա դա պետք է մարդիկ գովեն, որ «այսքան տարի ժողովրդի կողքին է, ժողովրդի հետ աշխատում է, ապրում է»:

 

Իսկ ժողովուրդը հաճախ չգիտի էլ, թե ով է իր պատգամավորը: Ներկայացնենք «աչքներովս տեսած» մի դեպք. 2007թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ Շիրակի մարզ այցելած Աղասի Արշակյանի վրա հարձակվեց սահմանամերձ գյուղի բնակչուհիներից մեկը` «Էս ո՞ւր ես կորել, թաղեմ արեւդ, դու մեր Բուռնաշը չե՞ս» «օրհնանքով»: Թերթերից մեկը չճշտված տեղեկություն էր հրապարակել, թե ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը նամակ է ստացել մի քաղաքացուց, որի վրա գրված է եղել` Բուռնաշին: Քաղաքացին կարծել է, թե դա Աշոտ Աղաբաբյանի անունն է:

 

Աշոտ Աղաբաբյանը ամենասկզբում հիշատակված հարցազրույցում մի զավեշտալի բան էլ է ասել. «Երկրի նախագահը ինչպիսին էլ լինի, երկրի նախագահն է: Ու ինչ որ ուզում ես ասել նախագահին, նշանակում է՝ քեզ ես ասում, քո մորը, քո հորն ես ասում»

 

Գուցե Սերժ Սարգսյանն իր համար մամա է ու պապա, չգիտեմ, բայց ինձ համար` նա ղեկավար է, որի ղեկավարման տարիներին կտրուկ ավելացավ արտագաղթը, վատացավ ժողովրդի սոցիալական վիճակը, վերնախավում շարունակվում է իշխել անպատժելիության մթնոլորտը եւ այլն: Օլիգարխիան խրախուսող ղեկավարը գուցե «բուռնաշների» ինկուբատոր է, դրա համար էլ խորհրդարանում բազմանում է այդ տեսակը, որն էլ, Հայաստանը հասցնում է անդունդի եզրին:

 

Իսկ թե ովքեր են մեր երկրի խայտառակչիները, դատեք ինքներդ: Ընտրությունը շատ մեծ է...

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: