կարևոր
1384 դիտում, 1 օր առաջ - 2025-01-06 15:30
Քաղաքական Տարածաշրջան

«Զանգեզուրի միջա՞նցք», թե՞ բեռնատարների վառելիքի խնդիր. իրականում ի՞նչ է ասել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը

«Զանգեզուրի միջա՞նցք», թե՞ բեռնատարների վառելիքի խնդիր. իրականում ի՞նչ է ասել  Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաքային մամուլի ասուլիսի ժամանակ, ի պատասխան Թուրքիայի սահմանին իրանական բեռնատարների համար ստեղծված վառելիքի խնդրի մասին հարցին, նշել է, որ ստեղծված խնդիրը ոչ թե քաղաքական է, այլ տեխնիկական, և դրանով զբաղվում են տրանսպորտի ու վառելիքի բաժինները։

Բաքային հայտարարել է, որ ստեղծված խնդիրը երկու երկրի միջև հստակ պատմություն ունի և ասել է, որ Իրանն ու Թուրքիան փորձում են այդ հարցը լուծել բարիդրացիությամբ։ Այս առնչությամբ երկու երկրի միջև ծավալվել են մանրամասն քննարկումներ, և առաջիկայում Իրանից պատվիրակություն կուղարկվի Թուրքիա։

Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցները Իրանի ԱԳՆ խոսնակի`  վերը նշված միտքը ներկայացրել են այլ ձև. իբրև թե իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով: Այնինչ, ըստ խոսնակի, պատվիրակության այցը կոչված է կարգավորելու Թուրքիայի սահմանին իրանական բեռնատարների վառելիքի խնդիրը։

Yerkir.am-ը հայտնում է նաև, որ իրանական «Միրանպրես» լրատվական գործակալությունը հատուկ պարզաբանում է տարածել խնդրի մասին: Ըստ նշված լրատվամիջոցի՝ ««Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ԱԳՆ հայտարարության» մասին հրապարակված լուրը «Դանեշջու» լրատվական գործակալության մեդիա քայլն էր, և արտաքին գործերի նախարարությունը Զանգեզուրի վերաբերյալ նոր դիրքորոշում չի որդեգրել»։  Հավելենք նաև, որ «Դանեշջուն» իրանական կառավարությանը որոշակի մոտ կանգնած լրատվական հարթակներից է:

Փաստենք նաև, որ այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի շուրջ Իրան-Թուրքիա իբրև թե բանակցությունների և առաջիկայում այդ հարցի վերաբերյալ տեղի ունենալիք հանդիպումների մասին տեղեկությունները և Իրանի ԱԳՆ խոսնակի խոսքն այդ մեկնաբանությամբ լուրերը տարածել են պանթուրքիստական շրջանակների լրատվական հարթակները: