կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-05 15:11
Քաղաքական

Ովքե՞ր են ավելի շատ թալանել երկիրը

Ովքե՞ր են ավելի շատ թալանել երկիրը

Երկխոսությունը կլինի, եւ կլինի ոչ թե նրա համար, որ իշխանությունները շատ բարի են, այլ այն պարզ պատճառով, որ նրանք ո'չ հնարավորություն ունեն, ո'չ բարի կամք` երկիրն այս վիճակից հանելու համար: Այսօր նման համոզմունք հայտնեց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը` ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանի հետ համատեղ ասուլիսում: Նա նշեց, որ դա, առաջին հերթին, անհրաժեշտ է իշխանությանը: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա վերջինս, նրա խոսքով, դեռ ուլտիմատում չի ներկայացրել, «բայց դեռ կներկայացնի». երկխոսությունը կվերսկսվի այն ժամանակ, երբ քաղաքական կալանավորներ չեն լինի:

«Ես էլ եմ կարծում, որ երկխոսությունը կշարունակվի, որովհետեւ դա, առաջին հերթին, պետք է մեր հասարակությանը, իշխանությանը եւ հատկապես ՀԱԿ-ին, որը խորհրդարանում ներկայացված չէ եւ ընտրություններից առաջ, բնականաբար, երկխոսության միջոցով հնարավորություն ունի արտահայտելու իր սկզբունքներն ու մտքերը»,- նշեց Լեռնիկ Ալեքսանյանը:

Այնուհետեւ ընդդիմախոսներն անդրադարձան ՀԱԿ-ի կազմած գործարար պատգամավորների ցուցակին, եւ զրույցը թեժացավ: Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ չի բացառում` իշխանության մեջ էլ կան մարդիկ, որոնք շատ ավելի բացասական երեւույթ են այս երկրի համար, քան ընդդիմության մեջ եղածները, բայցեւայնպես հավելեց. «Լավ կլինի, որ իշխանությունները ցուցակ հրապարակեն, թե ընդդիմության մեջ եղած այն մարդիկ, ովքեր 10 տարի չեն աշխատում, բայց ասաբնյակներ ունեն, էդ մարդկանց որտեղի՞ց փող: Էդ ցուցակն էլ եկեք հրապարակենք` տեսնենք` ով ով ա: Տեսնենք` ովքե՞ր են, որ էսօր խոսում են ունեւորությունից, լեգիտիմությունից: Մարդկային տեսակ կա, որ մինչեւ էսօր էս երկրից օգտվում է ավելի շատ, բայց վարկաբեկում է էդ նույն երկիրը»:

Ապա հավելեց, որ ընդդիմության առաջին բացասական երուույթն այն է, որ ամեն մեկը չէ, որ բարոյական իրավունք ունի` մեկ ուրիշին քննադատելու:

«Ընդդիմության հարթակում պիտի կանգնեն մարդիկ, ովքեր այդ իրավունքը ունեն»,- հայտարարեց նա:

«Երկու անուն տուր»,- պահանջեց Գուրգեն Եղիազարյանը:

«Ես տասը անուն կարող եմ ասել, բայց կասեմ հետո, երբ հիմնավորեմ: Նորից եմ կրկնում` հարթակում կանգնած մարդիկ կան, որոնք էսօր իշխանության մեջ կանգնած մարդկանցից իրենց անցած ուղիով շատ ավելի բացասական են`ձեր ասած թալանի, ձեր ասած ունեւորության, ձեր ասած առաջին միլիոնը ձեռք բերելու առումով: Անուններ չեմ տալիս միայն նրա համար, որ հենց էնպես անուն չեմ տալիս»,- պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավորը:

«Էս ալանը, էս թալանը, էս ամեն ինչը ուղիղ հիմքը դրվեց էս տասը տարվա ընթացքում»,- նրան հակադարձեց ՀԱԿ ներկայացուցիչը:

«Այսինքն` 94-ին ամեն ինչ գլատկի էր, հա՞»,- շարունակեց Լ. Ալեքսանյանը:

«Խնդրում եմ տաք ընդդիմությունից երկու անուն, որ հարթակում կանգնած են եւ թալանով են զբաղվել: Դուք երկու տարի շարունակ մազ էիք ման գալիս ձվի մեջ: Մեզ կալանավորեցիք, հետո սկսեցիք անդրադառնալ մեր գործունեությանը, սկսեցիք ման գալ մեկ ցենտ: Էդպես էլ չգտաք: Հիմա ի՞նչ անվանեմ ձեզ, ո՞նց անվանեմ ձեզ, երբ որ դուք ամբողջ ձեր ուժը ներդրեցիք, որ գոնե մեկ բան գտնեք մեր վրա, բայց ոչ մեկի վրա ոչ մի ցենտ չգտաք: Հարթակի վրա կանգնած են քաղաքացիներ, որոնց վրա դուք մինչ օրս ոչ մի բան չեք ապացուցել: Ի՞նչ է նշանակում` ունեւոր Հայաստանում, նշանակում է` էդ մարդը, դանակն առած, միջին ՀՀ քաղաքացու կաշին քերթում ա վրայից», -վրդովված ասաց Գ. Եղիազարյանը, ապա, դիմելով իշխանության ներկայացուցչին, խորհուրդ տվեց. «Ուզում եք երկիրը կարգի՞ բերել, սկսեք ձեզանից, էսօր դուք եք իշխանությունը»:

ՀԱԿ ներկայացուցիչը նաեւ շեշտեց, որ, բացի ՀԱԿ-ից, ՀՀ տարածքում ուրիշ ընդդիմություն ինքը չի ճանաչում, եւ Լ. Ալեքսանյանին խորհուրդ տվեց ընդդիմությանն ուղղված ցանկացած խոսք ուղղել կոնկրետ ՀԱԿ-ին: