կարևոր
622 դիտում, 1 օր առաջ - 2025-01-07 13:31
Հասարակություն

2024 թ.՝ հայրենի բնաշխարհի կորսման հերթական տարի

2024 թ.՝ հայրենի բնաշխարհի կորսման հերթական տարի

Արդեն կես դար է, ինչ աշխարհը տնտեսական աճի գաղափարախոսությունից անցում է կատարել կայուն զարգացման սկզբունքին։ Եթե նախկինում պետությունների գերխնդիրն էր ցանկացած միջոցներով ապահովել տնտեսական աճ, իսկ այն առաջին հերթին նշանակում էր բնական ռեսուրսների անխնա օգտագործում և շրջակա միջավայրի աղտոտում, ապա կայուն զարգացումն հիմնված է բնապահպանության և ռեսուրսների չափավոր օգտագործման սկզբունքների վրա՝ բաժին թողնելով նաև գալիք սերունդներին։ Մեր օրերի գաղափարախոսությունը բնական ռեսուրսների խելամիտ օգտագործումից զատ պահանջում է նաև առողջ սերունդ, ինչը կրկին ուղղակիորեն կապված է շրջակա միջավայրի վիճակի հետ։

Համամարդկային և մեր հասարակության առջև ծառացած կարևորագույն այս ոլորտի խնդիրները լուծելու համար Հայաստանի կառավարությունը 2024 թվականին պետական բյուջեից հատկացրել է ընդամենը 9 մլրդ 792 մլն դրամ, բայց տարեվերջին պարզվում է, որ ոլորտի պատասխանատու Շրջակա միջավայրի նախարարությունը նույնիսկ այդ փոքր գումարն ամբողջությամբ չի ծառայեցրել բյուջեով նախանշված ծրագրերի իրականացմանը և դրա զգալի մասը վերադարձրել է կառավարության պահուստային ֆոնդ։

Հայաստանի բնության պահպանության հիմնահարցերի լուծման համար 2024 թվականին պետական ֆինանսավորումից զատ նախատեսված էր նաև իրականացնել բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր։ Դրանք բյուջեում ամրագրվում են «օրենքով չարգելվող այլ միջոցներ» տողերի տակ։ Այլ կերպ ասած՝ հայրենի բնությունը պահպանելու և մեր սերունդներին փոխանցելու համար մեզ հետ հավասար վճարում է աշխարհը, համապատասխան բնապահպանական և ֆինանսական կառույցների ու պետությունների միջոցով։ Սովորաբար բյուջեով նախանշված դրամաշնորհային միջոցների տրամադրման և նպատակային օգտագործման արդյունքները հստակեցվում են հաջորդ տարվա սկզբին, սակայն նախորդ տարիների փորձը հիմք է տալիս պնդելու, որ այդտեղ նույնպես լինում են էական թերֆինանսավորումներ և թերի կատարված ծրագրեր, ինչը մի կողմից պայմանավորված է ֆինանսավորող կողմի գործողություններով, բայց հիմնականում Հայաստանի գործադիր մարմնի ոլորտային պատասխանատու գերատեսչությունների դանդաղկոտությամբ և թերի աշխատանքի հետևանքով։

Սևանա լիճ

Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 7-ի նիստում կայացրած որոշումից պարզ դարձավ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը (ՇՄՆ) չի ծախսել և բյուջե է վերադարձրել մոտ 149 մլն դրամ, որը նախատեսված էր Բնական ռեսուրսների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համար։ Այդ գումարը նախատեսված էր Սևանա լճի ափամերձ և ջրածածկ հատվածները ծառերից և կոճղերից մաքրելու ծրագրի համար, որն այս տարի գրեթե 75 տոկոսով թերակատարվեց։

Նախագծի հիմնավորումից պարզվում է, որ բյուջեով «Սևան» ազգային պարկին՝ լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման համար հատկացվել է 128.1 մլն. դրամ, որի դիմաց նախատեսված էր մաքրել 191.6 հա տարածք, սակայն մինչև տարեվերջ Արտանիշ տեղամասում կկարողանան մաքրել ընդամենը 47.81 հա տարածք։ Նույն նպատակի համար 2024 թ. մեկ այլ՝ «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառման մասով նախատեսվել է 98.1 մլն. դրամ գումար, որի դիմաց նախատեսված 5 տեղամասերում պետք է մաքրվեր 203.4 հա տարածք։ Սակայն մինչև տարեվերջ, համաձայն մրցույթի արդյունքների, կապալառու կազմակերպությունը կկարողանա մաքրել Նորատուս և Վարդենիս տեղամասերի ընդամենը 66.74 հա տարածքը։ Մնացած 3 տեղամասերի մաքրման նպատակով հայտարարված մրցույթին մասնակից չի եղել։ Ստացվում է, որ Սևանա լճի ջրածածկ և ափամերձ հատվածներում նախատեսված է եղել մաքրել 395 հա տարածք, սակայն մաքրվել է ընդամենը 114 հեկտարը։

ՇՄՆ-ն գրեթե ամեն տարի չի կարողանում ապահովել լճի մաքրման ծրագիրը, ինչի հետևանքով ծառերի և բույսերի մնացորդները պատճառ են դառնում լճի էկոհամակարգի էական խախտմանը։ Ծառերը և բուսական մնացորդներն են նաև պատճառը, որ ամեն տարի Սևանա լճում տեղի է ունենում կապտականաչ թունավոր ջրիմուռների բազմացում, ինչը լճի ճահճացում է նշանակում։ Հիշեցնենք, որ խոսքը տարածաշրջանում քաղցրահամ ջրի ամենամեծ ռազմավարական բնական պահուստի մասին է՝ այն դեպքում, երբ աշխարհում ծավալվել են ջրի համար պատերազմները, որոնք առաջիկայում, կլիմայական փոփոխություններով պայմանավորված, է՛լ ավելի են սաստկանալու։

Հերթական տարում ՇՄՆ-ը չի ապահովում լճի ափամերձ տարածքների մաքրումը, սա այն դեպքում, երբ ընթացիկ տարվա տեղումների առատությունն ապահովեց, որպեսզի լճի մակարդակը մոտ 20-25 սմ-ով բարձր լինի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակից, իսկ մակարդակի պարտադիր բարձրացման դրական արդյունքների ապահովման դրույթն ամրագրված է «Սևանա լճի մասին» օրենքում, քանի որ լճի փրկության նախանշված հիմնական թիրախի համաձայն նրա մակարդակը պետք է հասցվի նվազագույնը ծովի մակարդակից 1901.5 մ նիշի, որի դեպքում միայն կարող է ձևավորվել լճի հատակի սառը շերտը՝ հիպոլիմնիոնը, որը վնասվել է նախորդ դարի 60-ականներից՝ ոռոգման և էլեկտրաէներգիա արտադրելու համար ջրի բացթողնման հետևանքով, ինչն էլ իր հերթին բերել է ջրի տաքացմանը և ճահճացմանը։

Անցնող տարվա պետական բյուջեով նաև զգալի միջոցներ են հատկացվել լճի ձկան պաշարների պահպանման և ավելացման համար։ Ըստ նախարարության հրապարակած տվյալների, Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին 2022 թվականի բյուջեից հատկացվել էր 300 մլն դրամ, իսկ 2023 և 2024 թթ. 493 մլն դրամ, և դրա դիմաց այս տարի Սևան է բաց թողնվել 7-10 գրամանոց 380 հազար իշխանի մանրաձուկ՝ 700 հազարն էլ աճեցրել են։ ՇՄՆ-ն 2025 թվականին էլ խոստանում է Սևան բաց թողնել 520 հազար մանրաձուկ և աճեցնել 1 մլն 250 հազար հատ։ Սակայն սա խնդրի լուծում չի կարող լինել, քանի որ շարունակում են բացակայել իշխանին բնական բազմացման հնարավորությունները՝ ներեստի համար ավանդական գետերի վրա արգելապատնեշների և հուների աղտոտվածության պատճառով։ Լիճ բաց թողնված իշխանի չնչին մասն է հասնում հասունության տարիքի, իսկ հասնելու դեպում էլ ձվադրման ժամանակ ձկնագողերը նրանց որսում են փոքր գետերի լայնքով ցանցեր տեղադրելու միջոցով։

Սևանում շարունակում է օրախնդիր մնալ սիգի որսագողությունը։ Չնայած նրան, որ կառավարությունը սկսել է սահմանել արդյունագործական որսի սահմանաչափ, սակայն պարզվեց, որ ձկնորսները ձեռք են բերում կառավարության սահմանած 600 տոննա սիգի որսի թույլտվության միայն կեսի կտրոնները։ Մյուս կողմից էլ հայտնի իրողություն է, որ որսի իրական ծավալները մի քանի անգամ մեծ են այդ թվից։ Տարբեր հաշվարկներով ամեն տարի Սևանա լճից 1000-1500 տոննա սիգ է դուրս բերվում։ Աբսուրդային այդ իրավիճակին կառավարության նիստերից մեկում ստիպված էր անդրադառնալ նաև Նիկոլ Փաշինյանը։

Դրանից հետո ՇՄՆ-ն զգուշավոր քայլերի գնաց։ Այս տարվա սկզբին, մինչև սեպտեմբերի 1-ը, նա Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանեց 257 տոննա չափաքանակ, որի դեպքում ձկնորսներին ստիպեց կնքել 9 պայմանագիր՝ 256.9 տոննա որս իրականացնելու համար, իսկ ահա աշնանային արդյունագործական որսի համար ևս 422 տոննա չափաքանակ սահմանեց: Կոռուպցիոն ռիսկերը, սակայն, այստեղ էլ չեն վերացել, կամ կառավարությունում գտել են, որ ձկնագողության արդյունքում ձևավորվող մեծ ստվերային գումարները «արդարացի» չեն բաշխվել իշխանական վերնախավում։

Բոլոր դեպքերում, կառավարությունը որոշել է նախարարության ձեռքից վերցնել սիգի որսի չափաքանակները սահմանելու լիազորությունը։ ՇՄՆ-ի առաջարկով ԱԺ-ի դեկտեմբերի 5-ին գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացվեց և ընդունվեց ««Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվեց հանել Սևանա լճում ձկան և խեցգետնի չափաքանակները տարեկան ծրագրով սահմանելու պահանջը և դրա փոխարեն այդ լիազորությունը վերապահել Կառավարությանը, որն էլ, իր հերթին, որոշմամբ կսահմանի արդյունագործական որսի չափաքանակները։ Այս խմբագրումը չի կարող կանխել որսագողությունը, այլ ընդամենը նպաստելու է ստվերային շրջանառության վերաբաշխմանը։ Կառավարությանը չի հաջողվում նաև սիգի ձվադրման շրջանում դադարեցնել ձկնագողությունը։ Չնայած ջրային պարեկների և էկոպարեկների համակարգերի ներդրմանը, հանրապետության շուկաներում հայտնաբերվում է հարյուրավոր կիլոգրամների հասնող ապօրինի որսած սիգ։

Նախարարությունից՝ նախարարի միջոցով արդեն հավաստիացրել են, որ այս տարի Սևանի կողակի վերականգնմանն ուղղված աշխատանքներում հաջողություն ունեն, թե արդեն կա աճեցված մայրական կազմ, որի թիվը հասնում է 2 հազարի։ Այս ձկնատեսակը համարվում է լճի սանիտարը, քանի որ սնվում է ջրի հատակին կուտակվող օրգանական նյութերով, որոնց ավելցուկը բերում է ճահճացման։ Ձկնագողության հետևանքով է, որ կողակը Սևանա լճից գրեթե վերացել է։

Հայաստանի անտառները

2024 թվականին բյուջեով անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների համար հատկացվել է մոտ 840 մլն դրամ, որի դիմաց կատարվել է 130 հեկտար անտառվերականգնում։ Այստեղ պետք է արձանագրել, որ այն ամբողջովին ծառատնկում չէ, այլ մի զգալի մասով անտառների կոճղաշիվային վերականգնմանը նպաստելու աշխատանքներ։ Իսկ ահա 2025 թվականին նախատեսված է անտառվերականգնման ծրագիր իրականացնել արդեն 170 հա տարածքի վրա։ Գործող կառավարությունն արդեն չի հիշատակում իր հավակնոտ ծրագիրը 10 մլն ծառ տնկելու վերաբերյալ։ Դրա փոխարեն 2024 թվականին նախաձեռնել է, այսպես կոչված, «էլեկտրոնային ծառատունկ» ծրագիրը, որի միջոցով յուրաքանչյուր ոք կամ կազմակերպություն էլեկտրոնային հարթակում կարող է ընտրել տարածքը, ծառատեսակը, ծառերի թիվը և ծառ տնկելու համար համապատասխան գումար փոխանցել համապատասխան հաշվին, ինչը, սակայն, ըստ մասնագետների, իրատեսական ծրագիր չէ և դժվար թե էական արդյունքներ ապահովի։

Մյուս կողմից էլ հայրենի գործադիր մարմինը որոշել է, որ անտառի պահպանությյամբ զբաղվող կառույցը պետք է անտառի հաշվին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվի, այսինքն՝ սակավանտառ Հայաստանում փայտանյութի վաճառքով զբաղվի։ ՇՄՆ նախարարն էլ, որպես ձեռքբերում, նոյեմբերին ԱԺ-ում հայտարարեց. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում 2024 թվականին արդեն բյուջե է մուտքագրվել 866.5 մլն դրամ և մինչև տարեվերջ նախատեսվում է այն հասցնել 2 միլիարդի։ Նախորդ տարիներին ՊՈԱԿ-ն առավելագույնը տարեկան մթերում էր 50 հազար մ/խ փայտ։ Այսօր վառելափայտի մեկ խորանարդ մետրն արժե 15-20 հազար դրամ։ Ստացվում է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը տարեկան վաճառում է մոտ 130 հազար խ/մ փայտ։ Այսինքն, անտառի պահպանությամբ զբաղվող կառույցը մոտ երեք անգամ իր կողմից ավելացրել է ծառերի հատումները, մյուս կողմից էլ ապօրինի ծառահատումների ծավալներն էականորեն չեն նվազել, ինչի մասին փաստում են իրավապահների բացահայտումները։

Մյուս կողմից էլ ՊՈԱԿ-ի դեպքում խոսքը 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք փայտանյութի մթերման մասին է, իսկ ընդամենը մի քանի տարի առաջ Բնապահպանության նախարարներից մեկը հայտարարում էր, որ ապօրինի փայտի բիզնեսի շրջանառությունը տարեկան 30-35 մլն ԱՄՆ դոլար է։ Սա նշանակում է, որ ոչ միայն «Հայանտառ» ՊՈԱԿ-ն է սկսել անհամեմատ ավելի շատ անտառ հատել, այլև ստվերը չեն կարողացել կրճատել։ Եթե նախկինում հատումներից հետո մնացած անտառային թափուկն անտառամերձ բնակավայրերի բնակիչներին թույլատրվում էր մթերել, ապա այսօր այդ իրավունքը միայն սոցիալապես անապահովների ընտանիքներին է վերաբերվում, իսկ մյուսներին վաճառում են 1խ/մ-ը 15 հազար դրամով՝ ստիպելով գնալ ապօրինի ծառահատումների։

Պատկերն ամբողջական ներկայացնելու համար անհրաժեշտ է արձանագրել, որ Հայաստանի անտառային պետական ֆոնդը շատ փոքր է, լավագույն հաշվարկներով կազմում է երկրի տարածքի 11.7%-ը՝ մոտ 407 հազար հեկտար, որից 11.2% -ը կամ 334.1 հազար հեկտարն է անտառածածկ տարածք։ Անտառային ֆոնդի մոտ 50 հազար հեկտարն արհեստական անտառներն են, բայց արդեն եղած տարածքներում էլ ապօրինի հատումների հետևանքով այնքան են անտառները նոսրացել, որ մեծ վերապահումով դրանք կարելի է համարել դասական անտառային էկոհամակարգով տարածքներ։

Ջրային ռեսուրսները

Ջրային ռեսուրսների ոլորտում անցնող տարին համեմատաբար բարվոք էր 2023 թ. համեմատ՝ պայմանավորված տեղումների մեծ քանակով, այն հնարավորություն տվեց ջրամբարներում կուտակել բավականին մեծ պաշարներ և 2024 թվականին Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ տեղափոխել մոտ 200 մլն խորանարդ մետր ջուր։

Ոռոգման նպատակով Հրազդանի հունով Սևանա լճից հունիս-սեպտեմբերին բաց է թողնվել 131 միլիոն 38 հազար խորանարդ մետր ջուր։ Սա այն դեպքում, երբ «Սևանա լճի մասին» օրենքով նախատեսված է առավելագույնը 170 մլն խ/մ ջրի բացթողում և, սովորաբար, նախորդ տարիներին կառավարությունը օրենքի նախագծով մտնում էր Ազգային ժողով և այդ չափաքանակից ավելի էր վերցնում։

Անցնող տարում ևս օրախնդիր մնացին Արարատյան դաշտի խորքային հորերի և Հայաստանի գետերի հիմնահարցերը։ 2023 թվականի վերջին ՇՄ նախարարը հայտարարեց, թե 2024 թ. հունվարի 1-ից ստորգետնյա ջրերի օգտագործումը պետք է փակ շրջանառության համակարգով իրականացվի: Նրա խոսքով, հունվարի 1-ից նաև բոլոր ջրօգտագործողները պետք է առցանց էլեկտրական ջրաչափերով աշխատեին, ինչպես նաև տնտեսվարողներն իրենց ջրառի կետերում պետք է առցանց համակարգով ջրաչափեր ունենային, իսկ նախարարությունը համաժամանակյա ռեժիմով հետևեր ջրաչափերի ցուցանիշներին: Նախարար Հակոբ Սիմիդյանը նաև հայտարարեց, թե գետերի էկոթողքի կետերում նույնպես պետք է ջրաչափեր տեղադրվեն, որպեսզի հասկանալի լինի թե տնտեսական նպատակներով, հիմնականում հիդրոէլեկտրակայանների համար ջուր վերցնելուց հետո, արդյոք գետերում էկոլոգիական թողքը մնո՞ւմ է, թե՞ ոչ:

Նրա խոստման համաձայն, 2024 թվականին էկոթողքերի կետերում նույնպես պետք է տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ «ջրաչափիչ» սարքերի պարտադիր ապահովումը կյանքի կոչվեր ջրօգտագործողների համար, և այն գործելու էր փետրվարի 1-ից: Այստեղ արձանագրենք, որ խոսքը գործող մոտ 1700 ջրօգտագործման թույլտվություններով առկա շուրջ 5000 ջրառի կետերի մասին է։ Ոլորտի պատասխանատու նախարարությունը տարվա ընթացքում պետք է լուծեր այդ բարդ խնդիրը, այն դեպքում, երբ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ էլեկտրոնային ջրաչափեր էին տեղադրված ընդամենը 577 կետում:

Գործընթացներից պարզվում է, որ մինչև ընթացիկ տարվա նոյեմբերը լիազոր պետական մարմինը չի կարողացել առցանաց համակարգը գործարկելու համար կարճ հաղորդագրությունների (sms) ուղարկման և ծրագրային ապահովման սպասարկման ծառայություններ ձեռք բերել և միայն կառավարության նոյեմբերի 7-ի նիստում իր վերաբաշխված բյուջեից թույլտվություն ստացավ այդ ծառայությունների համար 8.8 մլն դրամ հատկացնել, և շատ քիչ է հավանական, որ կհաջողվի ջրառի և էկոթողքի առցանց համակարգը գործի դնել 2024 թվականի ավարտին, առավել ևս, որ չի կատարվել նաև բոլոր ջրօգտագործողների նկատմամբ էլեկտրոնային ջրաչափեր տեղադրելու նորմի պահանջը, քանի որ իրատեսական չէր մեկ տարում 4000-ից ավել ջրառի կետերում ապահովել համապատասխան ջրաչափերը։

Հայաստանի հիմնական խոշոր գետերից բացի խոսքը նաև Արմավիրի մարզում գույքագրված 1353 և Արարատի մարզում 1034 խորքային հորերի մասին է, որտեղից տարեկան դուրս է հորդում 1.2-1.3 մլրդ խորանարդ մետր բարձրորակ ջուր։ Այս մարզերում են անխնա վատնվում ռազմավարական նշանակության, խմելու ջրի մաքրություն ունեցող խորքային ջրերի ազգային պաշարները:

Օդ

Ըստ ոլորտի պատասխանատուի, 2024 թվականին ձեռք է բերվել օդի որակի ստուգման 40 ավտոմատ կայան, որոնք, սակայն, գործադրվելու են 2025-ին։ Նաև Երևան քաղաքի համար երկու կայան է ձեռք բերել, որոնք մոնիթորինգի տվյալները ներկայացնելու են առցանց։ Նկատենք, որ չնայած Երևանում տեղադրված բազմաթիվ նման կայանների գոյությանը, դրանք քաղաքապետարանի մոտ ցույց են տալիս մաքուր օդ, իսկ ՇՄ նախարարության դիտակետերով նույն մայրաքաղաքի օդն աղտոտվածության բարձր մակարդակ է արձանագրում։ 2024 թվականին հայտնի դարձած այս հակասությունն այդպես էլ հրապարակային լուծում չստացավ ո՛չ նախարարության, ո՛չ քաղաքապետարանի կողմից, իսկ մայրաքաղաքի բնակիչները և հյուրերը շարունակում են շնչել փոշով և վնասակար այլ նյութերով հագեցած օդ։

2024 թվականին ոլորտի թերևս միակ ձեռքբերումն այն է, որ միջազգային մակարդակով որոշում ընդունվեց 2026 թվականին Հայաստանում անցկացնել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։ Այդ իրավունքին հավակնում էր նաև Ադրբեջանը, սակայն երկրների մեծամասնությունը քվեարկեց Հայաստանի օգտին՝ գտնելով, որ նավթարդյունահանող երկիրը չի կարող կենսաբազմազանությունը պահպանողի առաջամարտիկ լինել։ Հայրենի գործադիր մարմինն էլ շտապեց միջոցառումից երկու տարի առաջ ձևավորել կազմակերպման և անցկացման կառավարական կոմիտե և որոշումով հաստատեց դրա կազմը։

Հայաստանի գործող կառավարությունը 2025 թվականի համար բնապահպանության ոլորտին հատկացրեց 13.4 մլդ դրամ, բայց պարզվում է, որ անցնող տարվա համեմատ տրված 3.7 միլիարդով ավելի գումարը ոչ թե ուղղվում է Հայաստանի հարուստ և ծայրաստիճան վտանգված կենսաբազմազանության վերականգնմանը, այլ, ընդամենը, նոր ներդրված էկոպարեկային ծառայության ֆինանսավորմանը։

Վերը ներկայացված իրողությունների պայմաններում, թերևս հայրենի հարուստ բնաշխարհի պահպանության հիմնական միջոցը մնում է շրջակա միջավայրի նկատմամբ շարքային քաղաքացու հոգատար վերաբերմունքը։

 

Արմեն Վարդանյան

«Դրօշակ» թիվ 12 2024 թ.