Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիմա մեզ ուժեղ ճգնաժամային կառավարիչ է պետք` փորձառու ու կարող: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Տարիներ շարունակ մենք գերադասել ենք չնկատել մեր սխալները, հավատալ ինչ որ առասպելական սցենարների, մարդկանց, մոնստրների, կարդինալների, բայց ավելի պարզ իրականությունը անտեսել: Բարդացնել ամեն ինչ, դեմքի լուրջ արտահայտությամբ փիլիսոփայել ու չտեսնելու տալ աղաղակող իրականությունը: Այսպես միշտ է եղել, բայց 2018 թվականից հետո նոր հորիզոններ նվաճեցին «նիկոլը Սերժի պրոյեկտն է», « նիկոլի գրպանը գցեցին հողերը»,« Սերժը իշխանությունը տվեց Կարենին, Կարենն էլ` նիկոլին» և նման այլ ցնդաբանությունները, պատերազմից հետո էլ անտեսելով կապիտուլյանտի ու նրա թիմի դիվանագիտական ձախողումները, նրա ու նրա գենշտաբի ռազմական ձախողումները սկսվեցին «էս սաղ Քոչարյանն ա անում», «ռուսը անում է Քոչարյանի համար» ու այլ նմանօրինակ ապուշություններ:
Հավանաբար այդպես հեշտ է, հավանաբար այդպես ավելի հանգիստ է, քանզի իրականությունը խեղդվելու աստիճան ծանր է, դառը:
Իրականությունն այն է, որ տարիներ շարունակ ես ու իմ նման շատերը գեներալների ու էլի մարդկանց համարել ենք մեզնից առավել, քանզի մտածել ենք մի ինչ որ իքս պահի իրենք կանեն ավելին, քան մենք: Հանուն հայրենիքի: Բայց նրանք միֆ էին, սուտ, կեղծիք:
Իրականությունն այն է, որ մեր երկիրը մեր ձեռքից տանում են,
իրականությունն այն է, որ այս ողորմելի ու անպաշտպան վիճակը ունի դաժան զոհեր` մահերի, վիրավորների, գերիների, նոր գերիների, նոր տարածքային կորուստների տեսքով:
Իրականությունն այն է, որ այս ամենը ունի կոնկրետ մեղավորներ ու պատասխանատուներ` հիմնական գլխավոր մեղսագործով, ով սեփական երկիրը ունակ չէ պաշտպանել:
Իրականությունն այն է, որ կփրկվենք, եթե ուղղակի ցանկանանք ապրել:
Իրականությունն այն է, որ պետք է մեկ հարցի պատասխանել` արդյո՞ք սա է երկրի ղեկավարի ձեր ցանկալի տարբերակը: Չե՞ք ուզում ապրել հանգիստ, օրվա խնդիրներով, որոնց մեջ չկա մահ, գերի, տարածք, «թուրքը եկել է մեր գյուղ» բառերը: Չե՞ք ուզում անվտանգ նստել ձեր տանը, սուրճի սեղանի շուրջ բամբասել երկրի ղեկավարից ու բոլորից, բայց վստահ լինել քեզ քո տանը գերի չեն վերցնի, չեն սպանի, չեն խոշտանգի:
Հիմա մեզ ուժեղ ճգնաժամային կառավարիչ է պետք` փորձառու ու կարող: Բայց այդ մարդը պիտի խոստանա նաև համերաշխություն բերել: Բավական է իրար ատել հանուն ոչնչի: Բավական է իրար անպատվել հանուն ոչնչի: Բավական է իրար ոչնչացնել հանուն ոչնչի: Մենք իրավունք չունենք իրար ատել ավելին քան մեր թշնամուն: Մեր զավակներին թշնամուն հանձնողին, այո՜, բայց ոչ իրար:
Հ.Գ. Գտեք օրական թեկուզ մեկ մոլորյալ նիկոլականի, համոզեք, խոսեք, բացատրեք` առանց վիրավորելու: Կամ բոլորով ենք ապրելու կամ բոլորով կործանվելու»: