կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-26 16:12
Իրավական

Խաչիկյանի գործով վկայություն տվեց Նվեր Մնացականյանի եղբայրը

Խաչիկյանի գործով վկայություն տվեց Նվեր Մնացականյանի եղբայրը

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների դեմ հարուցված քրեական գործով այսօրվա դատական նիստին ցուցմունք տվեց Սոցիալական պետական ծառայության վճարումների Գյումրիի ստորաբաժանման նախկին պետ Ռուբեն Մնացականյանը, ով Առաջին լրատվականի մեկնաբան Նվեր Մնացականյանի եղբայրն է: Նշենք, որ Ռուբեն Մնացականյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  քննվող` սոցծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման մի քանի պաշտոնյաների ու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով ամբաստանյալ է և դատարան էր բերվել կալանավայրից:

 

Դատավոր Մխիթար Պապոյանը վկային խնդրեց ներկայացնել 2010թ. մայիսին Վազգեն Խաչիկյանի հետ ունեցած զրույցի մանրամասները, սակայն վկան հայտնեց, որ Խաչիկյանին հանդիպել է միայն նրա որպիսությունը ճշտելու նպատակով:

 

Դատախազի հարցին` արդյոք իրենց միջև 29 միլիոն դրամի վերաբերյալ խոսակցություն եղե՞լ է, վկան պատասխանեց` ոչ:

 

Դատավորը  Մնացականյանից հետաքրքրվեց`  ճանաչո՞ւմ է ամբաստանյալ Բագրատ Հակոբյանին: Վկան նախ պատասխանեց, որ նրան գիտի կալանավայրից, հետո ասաց, որ սոցիալական ծառայությունից է ճանաչում: Դատավորը, սակայն, ի գիտություն հայտնեց, որ նշված ամբաստանյալը չի աշխատում:

 


Մեղադրողը, էական հակասություններ նկատելով վկայի նախաքննական և դատարանում տված ցուցմունքների միջև, միջնորդեց հրապարակել Ռուբեն Մնացականյանի և Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանի առերես հարցաքննության արձանագրությունը: Համաձայն արձանագրության` վկան և Վարժապետյանը միմյանց հարցեր են ուղղել  Խաչիկյանին 29 մլն դրամ տալու վերաբերյալ: Ռ. Մնացականյանն ասել է, որ  29 միլիոնն անձամբ Վարժապետյանին  չի տվել, իսկ  Վարժապետյանն էլ պնդել  է, որ Ռուբենն է իրեն  տվել այդ գումարը, որ փոխանցի Խաչիկյանին:

 


Վկան, լսելով առերես հարցաքննության արձանագրությունը, դատավորից խնդրեց անձամբ կարդալ այն:
Ցուցմունքը մտքում կարդալուց հետո միայն Մնացականյանը համոզվեց, որ իր ձեռագիրն է, և որ ինքն է գրել ամենը:

 


Այսօր վկայություն տվեց նաև քրոջ ամուսնու կենսաթոշակի հարցով դատակոչված Սուրեն Մարտիրոսյանը: Նա դատարանին հայտնեց, որ իր քրոջ ամուսինը` Հարություն Սիմոնյանը, 1997-98թթ. մեկնել է ԱՄՆ, որտեղ 2000թ. մահացել է, իսկ իր կենսաթոշակը ստանալ հարազատներից ոչ մեկին չի լիազորել:

 


Այսօրվա նիստին այլ վկաներ չէին ներկայացել, թեև դատարանը նրանց համապատասխան ծանուցագրեր էր ուղարկել:
Մի քանի վկաների ուղարկված ծանուցագրերն էլ սխալ էին հասցեագրված եղել:  Դատավոր Պապոյանը հայտնեց, որ նրանց կրկին կծանուցեն, իսկ ևս  20 անձի վերաբերյալ  բերման ենթարկելու որոշում կայացրեց:


Դատավորն այսօրվա դատական նիստը  պաշտպան Հովիկ Արսենյանի խնդրանքով հետաձգեց: Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 3-ին: