կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-02 18:25
Տնտեսական

Պուտինը նվեր չբերեց, բայց ''նվեր'' կտանի

Պուտինը նվեր չբերեց, բայց ''նվեր'' կտանի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան պետական այցից առաջ տարբեր խոսակցություններ էին շրջանառվում, թե նա իր հետ Հայաստան կբերի 18 ուղղաթիռ, նաեւ` թե ՌԴ նախագահի նվերը Հայաստանին կլինի «Սմերչ»-ների տեսքով եւ այլն: Պուտինը Հայաստան եկավ առայժմ ձեռնունայն, սակայն ձեռնունայն չի վերադառնա. այսօր երեկոյան Երեւանում պայմանագիր կստորագրվի «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին վաճառելու վերաբերյալ: Այդ մասին այսօր Հրազդանում` Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի բացման արարողության ժամանակ հայտնեց ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

 

Հայտնի է, որ ռուսական «Գազպրոմը», բացի էներգակիրների արդյունահանմամբ ու վաճառքով զբաղվող ընկերություն լինելուց, նաեւ լուրջ տնտեսա-քաղաքական լծակ է Ռուսաստանի ձեռքին: Հայաստանն այդ լծակի ուժը զգացել է իր մաշկի վրա: Մասնավորապես` հենց այն ժամանակ, երբ առավել ինտենսիվ սկսեց բարձրաձայնվել Արեւելյան գործընկերության ու ԵՄ-ի հետ Հայաստանի Ասոցացման եւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի ստորագրման մասին, այդ ժամանակ էլ ռուսական քաղաքականությունը Հայաստանի ուղղությամբ նույնպես ակտիվացավ, նույնիսկ ագրեսիվացավ, ու ի թիվս «արջի այլ հարվածների»` բազմատեսակ ու բազմաթիվ սպառազինությունների վաճառք մեր հակառակորդին, մեր հայրենակցին նվաստացուցիչ պայմաններով ներկայացնելուն եւ այլն, նաեւ գազը թանկացավ:

 

2013թ. ապրիլի 1-ից ռուսական գազը Հայաստան է առաքվում 240 դոլարով` 1000 խմ-ի համար: 2013թ. հուլիսի 7-ից բնակչության համար 1 խմ գազի սակագինը բարձրացրել է 18, իսկ խոշոր գազասպառողների համար` 14 տոկոսով։ Բնակչությանը մատակարարվող գազի սակագինը դրանից հետո սահմանվեց 156 դրամ` 1 խմ-ի համար: Այդ սակագինը սահմանելիս հաշվի էր առնվել, որ կառավարությունը սուբսիդավորելու է «ՀայՌուսգազարդի» կողմից սահմանին ձեռքբերվող գազի գնի 30 տոկոսը։ Այսինքն` վերջնական սպառողների համար սակագին հաշվարկելիս հիմք ընդունվեց ոչ թե 1000 խմ գազի համար 270 դոլար, այլ 189 դոլար գինը` նախկին 180 դոլարի փոխարեն։ Եվ դեռ այն ժամանակ պաշտոնապես հաստատվեց այն տեղեկատվությունը, որ հայկական կողմը առաջիկա 5 տարիներին գազի գինն անփոփոխ պահելու համար պետք է «Գազպրոմին» հանձնի «Հայռուսգազարդ»-ում իր ունեցած 20 տոկոս բաժնեմասը:

 

Այդ ժամանակ ռուս քաղաքական-վերլուծական շրջանակները ակտիվորեն սկսեցին հրապարակ իջեցնել տեսակետներ, թե գուցե գազի այլ սակագին գործի Հայաստանի համար, եթե մեր երկիրը ՄՄ-ին անդամակցելու որոշում կայացնի...

 

Մի խոսքով` այսօր, երբ Հայաստանն արդեն ցանկություն է հայտնել անդամակցելու ՄՄ-ին, ու այդ ուղղությամբ համապատասխան գործընթացներ են ծավալվում, երբ պետական այցով Հայաստանում է ՌԴ նախագահը,  Ալեքսեյ Միլլերը նաեւ հայտնում է, որ ռուսական գազն այսուհետ Հայաստանին կվաճառվի Ռուսաստանի ներքին գներով` նշելով, թե այս քայլը լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար:

 

Սա եւս մեկ անգամ հաստատում է, որ ռուսական կողմը քաջ գիտակցում է, թե ինչ նշանակություն ունի Հայաստանի համար ռուսական գազը: Հետեւաբար, քաջ գիտակցում է նաեւ, թե ինչ նշանակություն ունի «Հայռուսգազարդ»-ի բաժնեմասերի 20 տոկոսը տնօրինելը` զուտ ընկերության կողմից որոշումների ընդունմանը մասնակցելու տեսանկյունից: Եվ վերցնում է այդ հնարավորությունն իր ռազմավարական դաշնակցից:

 

Այնպես որ` Հայաստանը Պուտինից առայժմ ոչ միայն նվերներ չստացավ' «Սմերչ»-ի կամ մարտական ուղղաթիռների տեսքով, այլեւ երկրի սոցիալ-տնտեսական այնպիսի ռազմավարական ոլորտում, որը գազամատակարարումն է, կզրկվի եւս մեկ կարեւորագույն լծակից:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ