կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-19 15:17
Իրավական

Խաչիկյանի գործով դատավարությանը 5 բնակարան գրավ դնելու առաջարկ եղավ

Խաչիկյանի գործով դատավարությանը 5 բնակարան գրավ դնելու առաջարկ եղավ

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական նիստը:

 

Դատարանը  բավարարեց ամբաստանյալ Վահագն Խաչատրյանի` հարազատների հետ տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը վերացնելու վերաբերյալ` վերջինիս պաշտպան Անդրանիկ Աբաջյանի միջնորդությունը։

 

Դատավորը հարցրեց ամբաստանյալների կենսական տվյալները,: Պարզ դարձավ, որ բոլորն ամուսնացած են և ունեն մեկ և ավելի երեխաներ: Ամբաստանյալներից ոմանք էլ ունեն առողջական խնդիրներ: Համլետ Մարտիրոսյանն, իր բնորոշմամբ, ունի ստամոքսի խոց, Հրանուշ Դանիելյանը և Հովհաննես Գրիգորյանը` շաքարային դիաբետ, Աշոտ Աբրահամյանը` սիրտ-թոքային անբավարարություն: Ավելին` վերջինս դատարանին հայտնեց, որ օրվա ընթացքում 5-6 անգամ դեղորայք է ընդունում: Նիստի ընթացքում անգամ անհրաժեշտություն եղավ 5 րոպե ընդմիջում հայտարարել, որպեսզի ամբաստանյալ Աբրահամյանն ընդունի իրեն անհրաժեշտ դեղորայքը:  

 

Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդեց  իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանավորումը,  փոխարինել գրավով:  Փաստաբանը գրավի միջոց առաջարկեց անշարժ գույք, մասնավորապես` Գրիգորյանի հարազատներին պատկանող Երևանի քաղաքի Կոմիտասի, Կասյան, Ձորափի, Սարյան, Վարդանանց փողոցներում գտնվող  բնակարանները, որոնց շուկայական արժեքը կազմում է 296 մլն 700 հազար դրամ:

 

Մեղադրող կողմն առարկեց միջնորդության դեմ` այն համարելով անհիմն: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` քննարկելու Արա Զաքարյանի միջնորդությունը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազը հայցադիմում է ներկայացրել դատարան քրեական գործով մեղադրյալներ Վ.Խաչիկյանից, Ա.Աբրահամյանից, Հ.Գրիգորյանից, Վ.Խաչատրյանից, Ս.Էլբակյանից, Հ.Հովհաննիսյանից, Ս.Սարգսյանից, Ա.Սուքիասյանից, Հ.Մարտիրոսյանից, Վ.Գևորգյանից, Հ.Դանիելյանից, Բ.Մուրադյանից և Ա.Խաչատրյանից հօգուտ պետական բյուջեի, ընդհանուր առմամբ, 267.583.336 դրամ բռնագանձելու պահանջի մասին: