կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-10 18:43
Իրավական

Մենք հրահանգ ենք կատարել. Խաչիկյանի գործով դատարանում ցուցմունք են տալիս ամբաստանյալները

Մենք հրահանգ ենք կատարել. Խաչիկյանի գործով դատարանում ցուցմունք են տալիս ամբաստանյալները

 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և ծառայության 12 այլ աշխատակիցների գործի քննությունը:

 

Գործով ամբաստանյալ Վիգեն Գևորգյանի համար երկրորդ պաշտպանը ներգրավվեց` փաստաբան Սարգիս Մարդանյանը: Շուրջ հինգուկես ժամ տևած դատաքննության ընթացքում այսօր առաջին անգամ ցուցմունք տվեցին գործով անցնող երկու ամբաստանյալներ` Սոցիալական ապահովության պետական ծառայության Երևան քաղաքի «Շենգավիթ» տարածքային բաժնի օպերատոր Հրանուշ Դանիելյանը և նույն բաժնի պետի տեղակալ Համլետ Մարտիրոսյանը: Նշենք, որ վերջինս լիազորված է եղել իրականացնելու կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման և վճարման աշխատանքների, ինչպես նաև՝ կենսաթոշակների, սոցիալական ապահովագրության առանձին ծրագրերի իրականացման վերաբերյալ տեղեկությունները համակարգիչ մուտքագրելու, տվյալների շտեմարանի համալրման, անհրաժեշտ փոփոխությունների կատարման և վերլուծության գործընթացը:

 

Մարտիրոսյանն այսօր դատարանում հայտնեց, որ իր 30 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում երբևիցե նման խնդրի չի բախվել: Նա նշեց, որ իրեն հանձնարարվել է ստորագրել թոշակառուների վերաբերյալ ինչ-որ ցուցակների տակ: Ըստ ամբաստանյալի` այդ ցուցակների միջոցով պետք է պետբյուջեից գումար փոխանցվեր թոշակառուների համար, սակայն իրեն հավաստիացրել են, որ ստացված գումարները կարճ ժամանակ հետո պետք է վերականգնվեն: Նա ասաց, որ ինքն ի սկզբանե իմացել է, որ սխալ է անում, սակայն չի գիտակցել դրա հետևանքները: Միայն ցուցակում նշված տասնյակ թոշակառուների համար ստորագրելուց հետո է հասկացել` ինչ է իրականում կատարվում, և երկրորդ օրը ստորագրություններով թուղթը պատռել է: Մարտիրոսյանը նշեց, որ իր մտահոգությունների մասին հայտնել է ծառայության կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանին, նա  էլ ասել է, որ դա իր գործը չէ և խորհուրդ է տվել դիմել բաժնի պետ Սամվել Էլբակյանին:

 

«Ես այս գործում փոքր մարդ եմ, Խաչիկյանն էր հրահանգել, և մենք ընդամենը հրահանգ ենք կատարել»,- ասաց ամբաստանյալը:

 

Հարցին, թե ինչո՞ւ անմիջապես չի դիմել իրավապահներին, նա պատասխանեց, որ մտածել են, որ իրենց սխալը կշտկվի, ամեն ինչ արել են, որ բաժնի պետը կարողանա այդ գումարները վերականգնել: «Ես իմ կոլեգաներից ոչ մեկին չէի ցանկանա, որ այսպես լիներ, ամեն ինչ կատարվել է ղեկավարության հանձնարարականով»,- եզրափակելով միտքը` նշեց ամբաստանյալը:

 

Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը մեղադրվում է 2010թ. ընթացքում Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից առանձնապես խոշոր չափերի՝ 20.489.226 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ յուրացնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:

 

Աշխատանքային օրվա ավարտի պատճառով այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդը նշանակվեց հուլիսի 17-ին: Հաջորդ դատական նիստում ցուցմունքներ կտան ամբաստանյալներ` ծառայության Արաբկիրի տարածքային բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանը և Էրեբունի և Նուբարաշեն տարածքային բաժնի պետի Սարգիս Սարգսյանը: