Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին Հայաստանում ամենաքննարկվող հարցը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտարարությունն էր, համաձայն որի` ՀՀ-ն մտադրված է անդամակցել Մաքսային միությանը եւ հետագայում մասնակցել Եվրասիական միության ձեւավորման աշխատանքներին. ԱԺ-ում այսօր հայտարարությամբ հանդես գալով` նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Նա ընդգծեց, որ բոլոր նրանք, ովքեր առաջնային են համարում Հայաստանի Հանրապետության շահն ու հետագա զարգացման կարեւորությունն ու հնարավորությունը, պետք է գիտակցեն, որ նման քայլը միգուցե պարտադրված, բայց վտանգում ու հարցականի տակ է դնում ՀՀ ինքնիշխանությունը:
«Մաքսային միություն մուտք գործելով` ՀՀ-ն կորցնում է ազգային անվտանգության այնպիսի կարեւոր ատրիբուտներ, ինչպիսիք են արտաքին քաղաքականություն եւ ինքնուրույն ֆինանսատնտեսական գործառույթ իրականացնելու հնարավորությունը: Մենք այս գործընթացը գնահատում ենք, իբրեւ հակասահամանադրական քայլ, քանզի եթե մանրամասն ծանոթանանք Մաքսային միության եւ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր փաստաթղթերին ու դրա գործունեությունն ապահովող հիմնական մարմիններին տրված լիազորություններին, ապա մեր այս պնդումն առավել ակնհայտ կդառնա»,- հայտարարեց Քոքոբելյանը:
Իր ասածները հիմնավորելու համար պատգամավորը բերեց Մաքսային միության կարեւորագույն մարմիններից մեկի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրինակը: Պատգամավորի ներկայացմամբ` այն միասնական գործող-կարգավորող մարմին է, որն ունի կարգավորման վերազգային մարմնի կարգավիճակ եւ անդամ որեւէ երկրի կառավարության չի ենթարկվում, ու այս հանձնաժողովի որոշումները կատարման համար պարտադիր են անդամ պետությունների տարածքներում:
Այս հանձնաժողովը կարգավորում է մաքսատուրքերի չափը, իրականացնում է մաքսային վարչարարություն եւ տեխնիկական կարգավորումներ, սահմանում է անդամ պետությունների առեւտրային կարգը երրորդ պետությունների հետ, ինչպես նաեւ կարգավորիչ գործառույթներ ունի անդամ երկրների բանկային, ապահովագրական, արժույթի եւ արժեթղթերի ոլորտում:
«Այս ամենից հետո ակնհայտ է դառնում, թե ինչպես է Մաքսային հետագայում էլ Եվրասիական միություն մուտք գործելու պարագայում, սահմանափակվելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը` մեր երկիրը ուղղակիորեն դնելով կախվածության մեջ մեկ այլ երկրից` հետեւաբար, հակասելով նաեւ մեր երկրի Մայր օրենքին»,- նշեց Խաչատուր Քոքոբելյանը:
Պատգամավորը փաստեց, որ Սահմանադրությունը վերպետական որեւէ մարմնի գոյություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ չի ենթադրում եւ նշեց, որ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հարցը սակարկելի չէ: