կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-05 14:00
Քաղաքական

Հետաքրքիր սյուրպրիզներ կլինեն. Խաչատուր Քոքոբելյան

Հետաքրքիր սյուրպրիզներ կլինեն. Խաչատուր Քոքոբելյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ապատեղեկատվություն որակեց մամուլում տարածված այն լուրերը, որ ինքը դիմել է «Համախմբում» կուսակցությանը միանալու խնդրանքով և իրեն մերժել են։

«Որևիցե մեկին ես դիմելու կարիք չունեմ։ Քաղաքական դաշտում գործող ընդդիմադիր այնպիսի քաղաքական ուժ չկա, որը մեզ հետ բանակցած չլինի։ Ես շատ հարգանքով եմ վերաբերվում այս դաշտում գործող ցանկացած գործընկերոջ։ Բայց մենք դեռևս ամիսներ առաջ նշել ենք, որ մենք ընտրություններին մասնակցելու ենք, դա նորություն չէ»,- ասաց նա։

Ըստ Քոքոբելյանի՝ իրենք կողմնակից են միավորվելուն, բայց այնպիսի միավորումներ պետք է լինեն, որ իրենց սկզբունքներին համապատասխանի: Նա ընդգծեց նաև, որ այս պահի դրությամբ չի կարող նշել որևէ քաղաքական ուժի, որի հետ բանակցություններ են տարվում։

«Ես անուններ չեմ տա, որովհետև դա չեմ համարում ճիշտ։ Վստահեցնում եմ, որ առաջիկայում կլինեն հրապարակումներ։ Ինչպես ասել եմ, հիմա էլ եմ ասում՝ շատ հետաքրքիր սյուրպրիզներ կլինեն նաև անհատների առումով»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով ընտրություններին «Ազատ դեմոկրատների» մասնակցությանը` Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ իրենց քաղաքական օրակարգում նոր բան տեղի չի ունեցել, և ընտրություններին կուսակցությունը կմասնակցի իր ընդլայնված և լայն կոնսոլիդացված ցուցակով։

Դիտարկմանը, թե ինչո՞վ էր պայմանավորված օրերս կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի՝ կուսակցությունը լքելը, պատգամավորը պատասխանեց. «Վստահեցնում եմ ձեզ, որ խորին հարգանք ունեմ Անուշ Սեդրակյանի նկատմամբ, շնորհակալ եմ նրան իր կատարած ծանր աշխատանքի համար։ Ամենածանր օրերին Անուշը եղել է մեզ հետ, ամենածանր պահերին և ամենահանգիստ և հանդարտ իրավիճակում, երբ որևիցե ծանրություն չի եղել: Անուշ Սեդրակյանը կայացրել է այդ որոշումը»,- ասաց Քոքոբելյանը։