կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-07 14:15
Քաղաքական

Մարդիկ կատարելագործել են կապիկությունը. Խաչատուր Քոքոբելյան

Մարդիկ կատարելագործել են կապիկությունը. Խաչատուր Քոքոբելյան

Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

-2015-ի ձեռքբերումը:

-Ցավոք, մենք այն վիճակում ենք, որ եթե բան չենք կորցնում, դա արդեն ձեռքբերում է: Այնուհանդերձ, միակ ձեռքբերումը մեր մարտունակ բանակն է, փառք մեր բանակին:

-Տարվա կորուստը:

-Մայր եմ կորցրել, որն անհամեմատելի է այլ կորուստների հետ:

-Սպասելիքը 2016-ից:

-Երբ տնտեսությունը ճգնաժամային վիճակում է, սպասելիքներ կան, որ այդ ճգնաժամից հետո պետք է սկսվի առողջացում, բայց տնտեսական ոլորտում շոշափելի սպասելիք ես չեմ տեսնում: Չեմ տեսնում, ոչ թե որովհետև չեմ ցանկանում, ես լավատես մարդ եմ, այլ որովհետև չկան քայլեր: Ձեռքբերում եմ համարում նաև ԵՄ-ի հետ բանակցությունների վերսկսումը:

-2015-ի Տարվա կինը:

- 2015թ. Տարվա կինը, անշուշտ, կհամարեմ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որովհետև միջազգային ասպարեզում ստեղծված խնդիրների կարգավորման գործում նա մեծ դեր ունեցավ:

-2015-ի ամենահաջող քաղաքական գործիչը:

- Շատ քաղաքական գործիչներ կային, որոնք ձեռքբերումներ ունեցան ստորաքարշությունների հաշվին, մարդու իրավունքների ոտնահարման հաշվին, ինչպիսին Էրդողանն էր, բայց ես դրանց նկատի չունեմ: Ամենահաջող քաղաքական գործիչը ես էլի կհամարեմ Անգելա Մերկելին:

-2015-ի ամենաանհաջող քաղաքական գործիչը:

-Ամենաանհաջողակը, որ այս ընթացքում նշմարվեց, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն էր, որովհետև սպասելիքներս նրանից մեծ էին:

-2015-ի ամենատպավորիչ հայաստանյան իրադարձությունը:

-Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

-2015-ին աշխարհում ի՞նչ փոխվեց:

- 2015-ին աշխարհում արդեն հասկացան, որ այն անվտանգության համակարգերը, որոնք կային մինչ այսօր` սկսած ՆԱՏՕ-ից, ՀԱՊԿ-ի մասին անգամ խոսել չեմ ուզում, այլևս կենսունակ չեն: Դա շատ էական մարտահրավեր է աշխարհին, որից արագ հետևություն պետք է անել: Ցավով եմ նշում, որ 2015-ին շարքային քաղաքացին` լինի Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, թե` այլ երկրի, անգամ ֆիզիկապես պաշտպանված չէ, և մինչև այս պահը անվտանգության համակարգերը կենսունակ չեն` ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարելու համար:

-Այծի/2015-ը այծի տարի էր/ ամենացավոտ պոզահարումը` Ձեզ:

- Մորս կորուստը:

-Իսկ երկրի՞ն:

- Երկրին ամենացավոտ պոզահարումն այն էր, որ այդպես էլ չվերականգնվեց վստահությունը իշխանությունների նկատմամբ:

-Ի՞նչ մկկաց այծը Ձեր ականջին հրաժեշտից առաջ:

- Որ պետք է էլ ավելի սթափ լինել ու հետևողական մեր մոտեցումներում, որ կյանքում կան ավելի թանկ բաներ, որոնց մասին մենք չենք մտածում, երբ նրանք մեր կողքին են կամ մեզ ուղեկցում են:

-Իսկ հիմա մի քիչ հումոր. անցնենք կապիկներին. կապիկն ու կապիկությունը տարբե՞ր բաներ են:

- Կապիկություն կարող է անել նաև այծը:

-Համաձա՞յն եք տեսությանը, որ մարդիկ առաջացել են կապիկներից:

- Թերևս մարդկային կյանքում այնպիսի կապիկություններ ենք տեսնում, որ սկսում ենք մտածել, որ գուցե Դարվինը ճիշտ չի եղել:

-Կապիկություն անելը մարդի՞կ են կապիկներից սովորել, թե՞ կապիկները` մարդկանցից:

- Ինձ թվում է` մարդիկ կատարելագործել են կապիկությունը:

-Կապիկի դերն ու նշանակությունը հայ քաղաքականության պատմության մեջ:

- Կապիկությունը ամենամեծ դերն է ունեցել հայ քաղաքականության պատմության մեջ: Եվ դա կարելի է որպես առանձին ուղղություն ուսումնասիրել:

-Քաղաքականության մեջ կապիկությունը արհե՞ստ է, թե՞ արվեստ:

- Լավ հարց էր: Ոմանց համար դա ապրելակերպ է: