կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-27 18:41
Քաղաքական

Ռուսաստանը Հայաստանին ոչինչ չի առաջարկում. Խաչատուր Քոքոբելյան

Ռուսաստանը Հայաստանին ոչինչ չի առաջարկում. Խաչատուր Քոքոբելյան

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ը տեղի ունենալիք գագաթաժողովի մասին, նշեց, որ որևէ սպասելիքներ չունի, սակայն ենթադրեց, որ Վիլնյուսում մի փաստաթուղթ կստորագրվի, որի անունը կարող են դնել ինչ ուզում են` արձանագրություն, մտադրությունների մասին պայմանագիր և այլն, բայց փաստաթղթի էությունը լինելու է ընդամենը այն, թե ինչ է արվել այդ երեք ու կես տարիների ընթացքում,այսինքն, ըստ պատգամավորի,  կֆիքսվի այն, ինչ արվել է, որպեսզի ապագայում, եթե Հայաստանը փոխի իր մտադրությունները` ԵՄ հետ կապված, բանակցությունները  զրոյից չսկսվեն, այլ շարունակվեն կանգ առած կետից:

 

«Ես իշխանություններից սպառիչ պատասխան այդպես էլ չեմ ստացել, թե ինչու մենք չենք գնում դեպի ասոցացման պայմանագիր, բացառությամբ մի քանի կցկտուր արտահայտությունների` կապված ԼՂ հարցի ու անվտանգության հետ, բայց դա հիմնավոր չի բացատրվել»,- ասաց պատգամավորը: Նա մեջբերեց Ուկրաինայի նախագահի կոչն իր ժողովրդին, ուր անգամ տողատակերը շատ հստակ էին:

 

Ըստ Խաչատուր Քոքոբելյանի` Ուկրաինան  երկու կողմի հետ էլ` ՄՄ-ի ու ԵՄ-ի հետ, շուկայական հարաբերություններ է վարում` ասելով, որ իրենց  պետք են լավ պայմաններ: «Ռուսները հայտարարում են, որ Ուկրաինայի համար  կվերանայեն գազի գինը, պայմանագրեր,  համաձայնագրեր, բայց Հայաստանի համար որևիցե լուրջ առաջարկի ականատեսը չեղանք Ռուսաստանի կողմից»,- ասաց նա:

 

Դիտարկմանն ի պատասխան, որ ռուսական կողմից որոշ հայտարարություններ կապված են  ԼՂ հարցի և անվտանգության հետ, Խաչատուր Քոքոբելյանը հարց ուղղեց. «Դուք լսե՞լ եք, որ ռուսները Հայաստանի հետ հստակ փաթեթ փաստաթղթային տեսքով ամրագրեն, որ ԼՂ անվտանգությանը սպառնալու դեպքում ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը, որպես կողմ, ստանձնում են պարտավորություն` պաշտպանել անվտանգության համակարգը: Թե չէ ճառերով չես կարող կերակրել ժողովրդին»:

 

Խաչատուր Քոքոբելյանը համարում է, որ Հայաստանը ցավալիորեն բաց է թողել պահը, երբ կարող էր հանդես գալ պահանջատիրության տեսանկյունից, դա մինչև սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածն էր: