| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սեպտեմբերի 2-ին Ժնևի էկումենիկ կենտրոնում բացվեց «Զի Ես կենդանի եմ, եւ դուք կենդանի լինելոց էք» (Ղուկ. ԺԴ 19) խորագրով ցուցահանդես` նվիրված XX դարի առաջին ցեղասպանությանը` Հայոց Մեծ Եղեռնին: Ցուցահանդեսը կազմակերպել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվը և Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը` աջակցությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի:
Թեմատիկ ցուցավահանակների և գրքույկի միջոցով այցելուներին ներկայացվեցին պատմական ամփոփ տեղեկություններ Հայաստանի ու հայ ժողովրդի, հանուն հայրենիքի և հավատքի հայոց դարավոր մաքառումների մասին, Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային վավերագրեր և լուսանկարներ, համաշխարհային մամուլի էջերում տպագրված հոդվածներ, Եղեռնը վերապրած հայորդիների վկայություններ, Քրիստոնեական Եկեղեցիների պետերի գրություններ, Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների հայտարարություններ:
Ցուցահանդեսի նյութերում տեղ են գտել նաև առաջին անգամ հրապարակվող արխիվային նյութեր, ինչպես օրինակ` Կ.Պոլսի Հայոց պատրիարքի նամակները:
Որպես խոսնակ` ցուցահանդեսի բացմանը հրավիրված էին Ֆրանսիայի հայոց թեմի Մարսելի և Հարավային շրջանի առաջնորդական փոխանորդ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը և ԵՀԽ գլխավոր քարտուղարի տեղակալ դոկտոր Իսաբել Ապավո Փիրին:
Հայոց ցեղասպանությանը նվիրված նյութերի ցուցադրությունը կտևի մինչև սեպտեմբերի վերջը և հետագայում կկազմակերպվի նաև այլ երկրներում: