կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-19 15:33
Հասարակություն

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես` Ժնեւում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես` Ժնեւում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, ապրիլի 16-ին, Ժնեւի հայտնի «Շատո դը Պանտ» թանգարանում կայացավ «Շվեյցարիա-Հայաստան. Հիշողության ճանապարհին» ցուցահանդեսի բացման արարողությունը:

 

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին դեսպաններ, Շվեյցարիայի հասարակական-քաղաքական գործիչներ, տեղական իշխանության մարմինների ղեկավարներ, տարբեր պարբերականների խմբագիրներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

Շվեյցարիայի հայկական հիմնադրամների օժանդակությամբ կազմակերպված ցուցահանդեսը ներկայացնում էր Ցեղասպանությունից հետո Հունաստանի Սալոնիկ քաղաքում ապաստան գտած Կալֆայան ընտանիքի երեք սերունդների կողմից ձեռք բերված 14-ից 19-րդ դարերի հայ արվեստի եւ արհեստագործության եզակի եւ թանկարժեք նմուշները:

 

Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը նախորդեց մամլո ասուլիս՝ շվեյցարական թանգարան-ինստիտուտի տնօրենի, Կալֆայան ընտանիքի ներկայացուցիչների, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանի մասնակցությամբ: Շվեյցարական լրատվամիջոցների ուշադրությանը ներկայացվեց ցուցահանդեսի ընդհանուր գաղափարը` ցուցադրել Արեւմտյան Հայաստանի աշխարհիկ եւ կրոնական կյանքի հարուստ մշակութային ժառանգությունը՝ պատմական հիշողության պահպանման նպատակով: Լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Սիրիայում հայ մշակութային հարուստ ժառանգության պահպանման խնդիրներին, հայկական եկեղեցիների, այդ թվում նաեւ` Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավիրմանը: Ընդգծվեց, որ հատկապես վերջին տարիների ընթացքում համամարդկային մշակութային ժառանգության տարբեր բարձրակարգ նմուշները հաճախ հայտնվում են տարբեր բարբարոսների պատանդի կարգավիճակում, հիշատակվեց Նոր Ջուղայում հայկական հազարավոր խաչքարների վայրենաբար ոչնչացումը:

 

Բացման խոսքով հանդես եկավ Հասմիկ Տոլմաջյանն, ով անդրադարձավ հայ-շվեյցարական ավանդական բարեկամական կապերին, երախտագիտություն հայտնեց Շվեյցարիային եւ շվեյացարացի ժողովրդին Ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած մեծ համերաշխության, հազարավոր մազապուրծ հայերին օգնության ձեռք մեկնելու եւ ապաստան տալու համար, ընդգծեց հիշողության եւ սեփական պատմության հետ առերեսվելու կարեւորությունը ժողովուրդների հաշտեցման եւ խաղաղ ապագայի համար:

 

Շվեյցարիայում առաջին անգամ ցուցադրվող ճենապակյա եւ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, ձեռագիր մատյանները, կրոնական արվեստի, ձեռագործության բարձրարվեստ նմուշներն ու զարդերը խոսուն վկայությունն են արեւմտահայության զարգացած քաղաքային կյանքի եւ հարուստ կենցաղի, քաղաքակրթությունների եւ կրոնների խաչմերուկում գտնվող Հայաստանի ակտիվ մշակութային կապերի:

 

Թանգարանում ցուցադրությունը կգործի մինչեւ  սեպտեմբերի 20-ը: