Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Չանքայա շրջանում Հայոց ցեղասպանության մասին պատմող լուսանկարների ցուցահանդես է բացվել, ըստ ermenihaber.am-ի՝ տեղեկացնում է թուրքական «Memurler.net» լրատվակայքը:
Ցուցահանդեսը բացվել է նոյեմբերի 4-ին՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահի օգնական Սեզգին Թանրըքուլուի, ԺՀԿ-ի՝ Քոնիայից պատգամավոր Աթիլլա Քարթի, պրոֆեսոր Բասքըն Օրանի և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարար Էրթուղրուլ Գյունայի մասնակցությամբ: Նշվում է նաև, որ Չանքայայի ՏԻՄ մարմինների կողմից կազմակերպված ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 22-ը:
«Վկայություններ մի հայ ընտանիքի կորսված անցյալի մասին» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են հայ լուսանկարիչներ Ցոլակ և Արամ Դիլդիլյան եղբայրների աշխատանքները: Լուսանկարները պատմում են ինչպես Դիլդիլյան ընտանիքի պատմությունը, այնպես էլ ներկայացնում Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության ժամանակներում երկրում բնակվող հայերի կյանքն ու ճակատագրերը, Հայոց ցեղասպանությունն ու գաղթը: