Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հռոմի պապ ընտրվելուց հետո Բուենոս Այրեսի նախկին արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն հրաժարվեց պապերին հատկացվող լիմուզինից` նախընտրելով տեղաշարժվել միկրոավտոբուսով: Նա հրաժարվեց բնակվել պապական նստավայրում` նախընտրելով Domus Santa Martha հյուրանոցի` իրեն հատկացված երկսենյականոց համեստ համարը և հանձնարարեց պապի շքեղ գահը փոխարինել սովորական բազկաթոռով: Հռոմի նոր պապ Ֆրանցիսկոսը, այսպիսով, հոգևորականին հարիր ժուժկալության իսկական դաս տվեց թե' ողջ Վատիկանին, թե' առհասարակ աշխարհի քրիստոնյա հոգևոր դասին:
Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսոկոպոս Կճոյանը, անշուշտ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չէ: Առավել ևս կաթոլիկ եկեղեցու սպասավոր էլ չէ: Ուստի համարում է, թերևս, որ կարող է Ֆրանցիսկոսի որակները չունենալ: Նրա հայացքը, որպես իսկական հայ քրիստոնյա, առաքելական եկեղեցու սպասավոր, ըստ երևույթին, սևեռված է միայն ու միայն Էջմիածնին, որտեղ, սակայն, նման «դաս տվողներ» կամ սեփական վարքագծով մյուսներին դաստիարակողներ, կարծես, չկան: Մինչդեռ հոգևորականի ժուժկալությունը, համեստությունը, իր առաջնորդած հոտից կենցաղավարմամբ, վարքուբարքով չտարբերվելու կարողությունը ընդհանրական առաքինություններ ու արժանիքներ են` անկախ նրանից` խոսքը վերաբերում է կաթոլիկ, առաքելական, ուղղափառ, թե` բողոքական եկեղեցու սպասավորին: Եթե մարդը այս արժեհամակարգով չի ապրում, անգամ մեծագույն ցանկության դեպքում նրան իրական հոգևորական համարել չի կարելի` անկախ զբաղեցրած դիրքից և ունեցած կարգավիճակից:
Այն օրից ի վեր, ինչ «Հետք»-ը հրապարակեց Կիպրոսում փաստացի փողերի լվացմամբ զբաղվող օֆշորային ընկերության հետ արքեպիսկոպոսի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ունեցած կապերի մասին, Կճոյանն ամեն ջանք գործադրեց ստվերում մնալու համար: Ընդամենը մեկ անգամ նա հայտարարեց, թե տեղյակ չէ` ինչպես է իր անունով ընկերություն գրանցվել և դա արեց միայն վարչապետի կողմից նույնաբովանդակ հայտարարություն հնչեցնելուց և դատախազություն դիմելուց հետո: Ավելին` այն անձնավորությունը, ով շքեղ «Բենթլի» ունենալը և դրանով շրջելը համարում էր իր մարդկային բնական իրավունքը, օֆշորային այս խայտառակ պատմությունից մաքուր դուրս գալու փորձ անելու համար անգամ այդպես էլ ո'չ ոստիկանությանը և ո'չ էլ դատախազությանը չդիմեց` այս անգամ հանկարծ հիշելով, որ դա հարիր չէ հոգևորականի կերպարին:
Եվ ահա այս ամենի ֆոնին այսօր Արարատյան թեմի առաջնորդարանը Կճոյանի համառ լռակյացության ու անգործության ֆոնին անսովոր շտապողականությամբ տարածում է մի հաղորդագրություն, որով ընդամենը փորձում էր հերքել կայքերից մեկի բամբասանքային բնույթի ինչ-որ տեղեկատվություն այն մասին, որ Կճոյանը իր սանիկ` հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանի հետ հանդիպում է ավելի հաճախ, քան ներկայացնում է: Առիթ դարձնելով այդ հրապարակումը` առաջնորդարանն ընդհանրացնում է, թե անցած երկու տարիներին հետևողականորեն փորձ է արվել վարկաբեկել Նավասարդ արք. Կճոյանին` նրան վերագրելով «բացասական որակներ», որոնք, ուշադրություն դարձնենք` «ամբողջությամբ կտրված են իրականությունից»: Եվ ելնելով դրանից` կոչ է արվում լայն հասարակությանը «թույլ չտալ կառավարելի դարձնել սեփական ենթագիտակցությունը նեղ խմբային շահերը հետապնդողներին»: Թե ում նկատի ունի առաջնորդարանը, «խմբակային շահեր հետապնդողներ» ասելով, ընդհանրապես հասկանալի չէ, որովհետև դժվար է պատկերացնել, թե ինչ շահեր կարող են լինել «սովորական», «համեստ» ու լռակյաց արքեպիսկոպոսի դեմ դավադրություն լարելու համար: Կճոյանը դրա համար լավագույն թեկնածուն չէ, անշուշտ, և պարզ է, որ եթե նա իրեն չվարկաբեկեր անցած այդ երկու տարիների ընթացքում, որևէ մեկը դա անել չէր կարող: Իսկ եթե դրանով ակնարկում են ոչ թե քաղաքացիական, այլ հոգևոր, եկեղեցական միջավայրից լարվող թակարդների մասին, ապա առնվազն զարմանալի է, որ Կճոյանն ընտրել է դրանց դեմ լռությամբ ու մեկուսացվածությամբ պայքարելու տարբերակը:
Ավելի շուտ առաջնորդարանը տուրք է տվել նման դեպքերում կիրառվող ստանդարտ, շաբլոնային ձևակերպումներին` մոռանալով, որ անհասցե մեղադրանքներ հնչեցնելը հոգևորականի կերպարին պակաս անհարիր դրսևորում չէ: Սա նոր երևույթ չէ: Ոչ վաղ անցյալում այս նույն մեթոդը կիրառեց Սյունիքի նախկին մարզպետ Լիսկան` Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը դարձնելով իր տան մոտ տեղի ունեցած միջադեպի արյունից սեփական ձեռքերը լվանալու սրբիչ: Նրանից առաջ այս մեթոդը հաջողությամբ կիրառում էր նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդանիկը: Կճոյանը, հրապարակ ներտելով առաջնորդարանին, ըստ այդմ, կամաց-կամաց սկսում է յուրացնել մարզային կրիմինալացված օլիգարխների ձեռագիրն ու ոճը: Ի դեպ, չէր խանգարի, որ ձեռքի հետ էլ հայացք նետեր նրանց պատուհասած ճակատագրին: Չափազանց պրիմիտիվ, ըստ էության, փողոցային մակարդակի խոսակցությունները հերքելուն ուղղված նման շտապողականությունն իրականում արջի ծառայություն է արքեպիսկոպոսին, որովհետև դա ցույց տվեց, թե անհրաժեշտության և դիրքերն ուժեղ լինելու դեպքում Կճոյանը ինչպես կարող է նաև հարձակվել: Եվ եթե շատ ավելի սկանդալային ու ամոթալի երևույթների, մեղադրանքների առումով դա չի անում, թեկուզ առաջնորդարանի ձեռքերով, առնվազն խորանում են կասկածները դրանցում արքեպիսկոպոսի ունեցած ուղղակի մասնակցության վերաբերյալ:
Մյուս կողմից, սակայն, առաջնորդարանի այս մոտեցումը ցույց է տալիս, թե ինչպես է Կճոյանի «բենթլիա-օֆշորային» արկածներին, քաղաքական իշխանության հետ սերտաճելու իրողությանը վերաբերվում Սուրբ Էջմիածինը: Եթե հանրապետության նախագահը համառորեն լռում է օֆշորային սկանդալի մասին` ցույց տալով որ նման խնդիր իր համար գոյություն չունի, նույնն անում է Էջմիածինը` Կճոյանի պարագայում: Սա առավել քան հստակ ցույց է տալիս, թե ինչպես են աշխարհիկ, նոմենկլատուրային բարքերը կայուն հաստատվում նաև Էջիածնի հոգևոր իշխանության համակարգում, և ինչպես է վերջինս սեփական օլիգարխներին բուծում:
Գևորգ Աղաբաբյան