կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-26 17:29
Հասարակություն

ՌԴ-ն կկատարի իր պարտքը Հայաստանի առաջ. Նիկոլայ Բորդյուժա

ՌԴ-ն կկատարի իր պարտքը Հայաստանի առաջ. Նիկոլայ Բորդյուժա

Երեւանում այսօր անցկացված ՀԱՊԿ ռազմավարական-քաղաքական երկրորդ ֆորումի ընթացքում հայ քաղաքական գործիչներն ու փորձագետները քննադատել են Ռուսաստանին Ադրբեջանին սպառազինություններ վաճառելու համար. տեղեկացնում է Regnum-ը: Մասնավորապես` Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հարց է բարձրացրել` ինչպիսի՞ն կլինեն Ռուսաստանի գործողությունները Արցախում պատերազմի վերսկսման պարագայում, ռուսաստանյան կողմը կոչնչացնի՞ իր իսկ կողմից վաճառված զենքը: Իսկ արեւելագետ Նիկոլայ Հարությունյանին հետաքրքրում էր` հայկական կողմը տեղեկացված եղե՞լ է ռուս-ադրբեջանական գործարքի մասին:

 

Ֆորումի մասնակից` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ լիազորված չէ նման հարցերի պատասխանելու, քանի որ միջազգային պաշտոնյա է: Սակայն, փորձելով պարզություն մտցնել հարցում, ասել է. «Ռուսաստանը Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորության շրջանակներում շատ բան է անում: Ես ասել եմ եւ կարող եմ կրկնել, որ ՌԴ նախագահի անունից այդ մասին մի քանի հայտարարություն եղել է: ՌԴ նախագահ եղած ժամանակ Դմիտրի Մեդվեդեւը, 2010-ին Երեւան այցելելով, ասել է, որ ՌԴ-ն կկատարի իր պարտքը Հայաստանի առաջ` նրա անվտանգության ապահովման առումով: Էլ չեմ ասում գործնական քայլերը, որոնք են` ռազմակայանի հագեցումը, սահմանապահների ծառայությունը: Հենց այնպես ասել, որ այդ գործարքը խաչ է քաշել ամբողջ աշխատանքի եւ Ռուսաստանի ու Հայաստանի` որպես դաշնակիցներ, համագործակցության վրա, ես համարում եմ սխալ: Ճիշտ չեմ համարում նաեւ հարցը դարձնել այսօրվա համաժողովի անկյունաքարը: Առավել եւս, որ պաշտոնական դեմքերի, այդ թվում` Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի մեկնաբանությունները հնչել են երեկ: Դրանք կարելի ընդունել կամ չընդունել, սակայն դա պետության դիրքորոշումն է»: