կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-12 18:51
Քաղաքական

102-րդ ռազմաբազան դիմակայման համար չէ. Բորդյուժա

102-րդ ռազմաբազան դիմակայման համար չէ. Բորդյուժա

Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան ընդգրկված է վերազինման համակարգում, որն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից: Այսօր կայացած տեսակամուրջի  ժամանակ այս մասին հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք այս պահին գտնվում են լարված իրավիճակում, Նիկոլայ Բորդյուժան նախ հույս հայտնեց, որ ռուս-թուրքական հարաբերությունները կզարգանան ոչ թե ռազմական, այլ՝ քաղաքական հարթության մեջ:

ՀԱՊԿ ղեկավարը խոսեց Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասին` ասելով, որ 102-րդ ռազմաբազայի պոտենցիալը բավարար է՝ լուծելու համար այն խնդիրները, որոնք ՀԱՊԿ-ը դրել է իր առաջ: «102-րդ ռազմաբազան ոչ թե դիմակայման համար է, այլ տարածաշրջանում կայունության ապահովման համար: Եթե այն գործի դրվի, ապա բնականաբար, գործի է դրվելու այլ միջոցների համակարգում, որոնք կկիրառվեն պետությունների ղեկավարների կողմից: Մենք չենք տեսնում անհրաժեշտություն այսօր այնտեղ ինչ-որ ուժերի ընդլայնման համար»,- ասաց նա: Բորդյուժան հավելեց, որ ռազմաբազայի վերազինման պատճառը մարտական պատրաստվածության բավարար մակարդակի ապահովումն է: «Պլանային աշխատանքի մասին է խոսքը: Որպես զինվորական կարող եմ ասել, որ մարտական պատրաստվածության, հագեցվածության ցանկացած միջոցառում անցնում է հետևողական: Չեմ կարող ասել, որ 102-րդ ռազմաբազան մեծացնում է իր ռազմական պոտենցիալը: Ինձ նման բան ամեն դեպքում հայտնի չէ»: