Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեեւ Սեյրան Սարոյանը ԱԺ պատգամավոր է և, ըստ տրամաբանության, պետք է ավելի լավ ըմբռներ օրենքի ու օրինականության արժեքը, սակայն ապրում ու մտածում է այն կարծրատիպով, հաստատուն կաղապարով, որ ինքնապաշտպանության լավագույն միջոցը «սամասուդն» է: Սարոյանն անգամ երկար-բարակ չի խորհում այն հարցի շուրջ, թե որքանով կարելի է Բուդաղյան եղբայրների արարքը բնորոշել իբրև հարձակում տան վրա և որքանով կարելի է շրջված ու դեպի փողոցը քայլող մարդու թիկունքին արձակված կրակոցը ինքնապաշտպանություն համարվել: Միայն վերջին այս երկու հանգամանքի անտեսումն ինքնին խոսում է այն մասին, որ Սարոյանը, կամա, թե ակամա, արդարացնում է Բուդաղյանների կողմից նման արարքի գնալուն հանգեցրած` Սուրիկ Խաչատրյանի հնարավոր է` բնույթով սադրիչ արարքները: Իսկ նման արդարացումը կարող է բացատրվել միայն այն ընկալմամբ, որ եթե խոսքը վերաբերում է Լիսկային ու նրա «կալիբրի» մարդկանց, որոնցից մեկն էլ, հավանաբար, իրեն համարում է գեներալը, թույլատրելի է ամեն ինչ: Այսինքն` եթե իրենք կարող են անցնել մարդկային արժանապատվության, գուցե նաև, այսպես կոչված, «սրբությունների» վրայով, մյուսներին այդ իրավունքը տրված չէ. եթե Լիսկան կարող է մարդ գնդակահարելը, այսինքն` ինքնադատաստան տեսնելը արդարացնել իր սուրբ օջախի անվտանգությունն ապահովելով, Բուդաղյանները չէին կարող իրենց արժանապատվությունը պաշտպանելու նկատառումով դիմել «սամասուդի»:
Այսպես մտածում է ոչ միայն գեներալ Սեյրանը: Կատարված ողբերգական դեպքից հետո Երևանում Սուրիկ Խաչատրյանը հենց նույն այս պատճառաբանությամբ արդարացրեց Բուդաղյան եղբայրների գնդակահարությունը: Այսպես է ցանկացած այլ հարցում, երբ գործ ենք ունենում իշխանամերձ բդեշխների, արտոնյալներից գրեթե յուրաքանչյուրի հետ:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, անդրադառնալով Փակ շուկայի վերգետնյա հատվածում սկսված ապօրինի շինարարությունը Երևանի քաղաքապետարանի կողմից դադարեցնելուն և ապամոնտաժելուն, հայտարարել է, թե Տարոն Մարգարյանը վերջին 20 տարվա ընթացքում լավագույն քաղաքապետն է միայն այն պատճառով, որ այդ ժամանակահատվածում միայն նրան է հաջողվել իրեն ստիպել շինարարություն դադարեցնել: Ավելին` նա, ըստ էության, չի հերքել, որ ոչ միայն իրականացրել է ապօրինի շինարարություն` փորձելով Փակ շուկայի հենքի վրա բազմաբնակարան շենք կառուցել, այլև հայտարարել է, թե գործը տապալվել է, ոչ ավելի, ոչ պակաս, լրագրողների պատճառով, որոնք ազդել են Մարգարյանի տրամադրության վրա: Ակնհայտ է, որ, լրագրողներ ասելով, նա նկատի ունի նաև հասարակական ակտիվիստներին, բոլոր նրանց, ովքեր մինչև վերջ պայքարեցին դրա դեմ: Փաստորեն, եթե այդ հուժկու արձագանքը չլիներ, նա այդ ապօրինությունը հանգիստ հասցնելու էր իր տրամաբանական ավարտին: Ոչ մի նշանակություն, ըստ այդմ, չուներ` քանի անգամ է քաղաքապետարանը շինարարության ապօրինի լինելու մասին զգուշացրել կառուցապատողին, ինչպես է մշակույթի նախարարությունը դիմել քաղաքապետարան` դադարեցնելու մշակութային արժեք ներկայացնող կառույցի ավերման վանդալիզմը և, ի վերջո, անկախ այս ամենից` ինքնին շինարարության` հակաօրինական լինելու հանգամանքը: Փաստորեն, Սամվել Ալեքսանյանը ընկրկել է միայն ուղղակի ուժի, քաղաքապետի կամ նրա միջոցով երրորդ, չերևացող կողմի ճնշման առջև և այստեղ օրենքի տառով առաջնորդվելու, պետության առջև պատասխանատու լինելու հանգամանքը ոչ մի արժեք չունեն:
Հետևաբար, պետք է շնորհակալություն հայտնել Տարոն Մարգարյանին` փաստորեն, անձնական ազդեցությունը օլիգարխ պատգամավորի վրա բանեցնելու համար: Պետք է փառք տալ, որ Մարգարյանը դա արել է` հղում կատարելով օրենքին: Գուցե օրինականություն հաստատելու համար պետք է այլևս հույս չկապել պետության ու օրենքի հետ, այլ գտնել ամենակարող տարոնմարգարյաննների ու ակնկալել, որ նրանք գոնե բարի կգտնվեն իրենց այդ ազդեցությունը ի չարս չօգտագործելու, թեկուզ PR նկատառումներով հասարակական շահին ծառայեցնելու տպավորություն թողնելու համար:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ