Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միանգամից ասենք, որ խոսքն ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի մասին է: Այսօր տիկին Սարգսյանը հանդես է եկել Սերժ Սարգսյանի վերջին քաղաքական քայլի «սենսացիոն բացահայտմամբ», թե` բա չե՞ք ասում` Սերժ Սարգսյանը ԱԺ-ից հետ է կանչել հայ-թուրքական զույգ արձանագրությունները, որպեսզի… սիրաշահի ՀՅԴ-ին:
Նախ` տիկին Լյուդայի համար` անգամ բռնապետական պետություններում, երբ իշխանությունը սիրաշահում է ինչ-որ կուսակցության, կնշանակի իշխանությունը զգում է տվյալ կուսակցության ուժն ու կարեւորությունը: Մի բան տիկին Լյուդան միտումնավոր մոռացության է մատնում, երբ հայտարարում է, թե սրանից հետո ՀՅԴ-ն կոալիցիա կկազմի: ՀՅԴ-ն չի էլ պատրաստվում գոհանալ, տիկին Լյուդա, քանի որ Սերժ Սարգսյանի այս քայլը դաշնակցականները թեպետ ողջունում են, բայց որակում են որպես կես քայլ: Ավելին` նրանք նախագահից ամենեւին էլ չեն պահանջել ԱԺ-ից հետ կանչել արձանագրությունները, այլ պահանջել եւ պահանջում են հետ կանչել ստորագրությունն այդ արձանագրությունների տակից, իսկ սրանք տարբեր բաներ են:
Եվ վերջապես, դատելով տիկին Լյուդայի խոսքերից, ստացվում է, որ Հայաստանում հայ-թուրքական արձանագրություններին դեմ էր միայն ՀՅԴ-ն: Տիկին Լյուդան, կարծես, հիշողության հետ կապված խնդիրներ ունի: Մոռացել է, որ հարազատ ՀԱԿ-ն էլ էր դեմ եւ երեւի նաեւ այսօր է դեմ այդ արձանագրոթյուններին: Հիշեցնենք` ամեն ԱԺ քառօրյային արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու մասին էր բարձրաձայնում նաեւ «Ժառանգություն»-ը, մասնավորապես` խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ստացվում է, ըստ տիկին Լյուդայի տրամաբանության, արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելով, Սերժ Սարգսյանը սիրաշահել է եւ դեպի կոալիցիա ճանապարհ հարթել ոչ միայն ՀՅԴ-ի, այլեւ նաեւ ՀԱԿ-ի եւ, իհարկե, ՍԴՀԿ-ի ու «Ժառանգության» համար…
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ