Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ սրանից հետո պետք է զգուշությամբ բարևի մարդկանց, ու բացատրեց, թե ինչու:
Նա նշեց, որ երեկ իշխանությունները հայտարարություններ են արել` հանձինս Էդուարդ Շարմազանովի և Արմեն Աշոտյանի, թե իբր ԵՏՄ պայմանագրի քվեարկությունը ցույց է տալիս քաղաքական ուժերի աջակցությունը Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը:
«Եզրակացրել են, որ ընդդիմությունը սատարել է այդ քաղաքականությանը: Մտածում եմ, որ իրենք շատ ողորմելի վիճակում են հայտնվել, եթե պատրաստ են նման եզրակացություններ անել: Միջանցքում պատահաբար հանդիպել ու անգամ սեղմել եմ Շարմազնովի ու Աշոտյանի ձեռքը, հիմա մտածում եմ` կարո՞ղ է դա էլ ներկայացնեն որպես աջակցություն Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանը: Դրա համար եմ ասում` արդեն պետք է զգույշ բարևեմ»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Նա հավելեց, որ Դաշնակցությունը պեղել էր 1994թ. նույնատիպ մի պայմանագիր, որը ժամանակին ԱՊՀ պայմանագիր էր: Լևոն Տեր-Պետրոսյանը այն բերել էր խորհրդարան, և 127 պատգամավոր միաձայն կողմ էին եղել այդ պայմանագրին:
«Հիմա ի՞նչ, մենք էլ հայտարարեինք, որ ԱԺՄ-ն, ՍԻՄ-ը, Դաշնակցությունը Լևոն Տեր-Պետրոսյանի հավատարիմ քաղաքական աջակիցնե՞րն են, որ նրանք սատարո՞ւմ են Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը: Ուրեմն ինչքա՞ն ողորմելի ու խեղճ վիճակում են հայտնվել, որ կառչում են նման բաներից ու ժողովրդին ուզում են ֆռռացնել: Աշոտյանի ու Շարմազանովի համար ուզում եմ հայտարարություն հնչեցնել` նրանց գետնին վերադարձնելու համար` Սերժ Սարգսյանի քաղաքականությունը դա մի մարդու քաղաքականություն է, ով ընտրակեղծիքով զավթել է նախագահի պաշտոնը, ով այսօր գլխավորում է կոռուպցիոն բուրգը»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ Շարմազանովն ու Աշոտյանը «բռնաբարում են տրամաբանությունը»:
Լևոն Զուրաբյանի խոսքով` Սերժ Սարգսյանի երկու նախաձեռնությունները արտաքին քաղաքականության մեջ խայտառակություն են: «Մեկը հայ-թուրքական արձանագրությունների ցյուրիխյան ուրացումն էր, երբ նախագահը, ըստ էության, վաճառեց Հայոց ցեղասպանության ճանաչումը, երկրորդը` եվրաասոցացման գործընթացն էր, երբ երեք տարի բանակություններ տարվեցին, բայց արդյունքում այդ ամենը խայտառակ ձևով ձախողվեց»,- ասաց պատգամավորը: