Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկվա հարթակի բանախոսներից ոչ ոք ըստ էության ուշադրություն չդարձրեց ԱԱԾ կողմից տարածած ձայնագրության վրա:Օրինակ` կարո՞ղ էր Ալեք Ենիգոմշյանը հայտարարել, որ ԱԱԾ-ն կեղծ ձայնագրություն է տարածել, ասել, որ այնտեղ ճիշտ է` տղաների ձայներն են, բայց տղերքն ամենեւին էլ այդ ամենը չեն ասում:
Իհարկե, կարող էր ասել, բայց չասաց: Հավաքված բազմությանը դա ոչ ոք չասաց: Մինչդեռ, երբ Վիտալի Բալասանյանը երկու անգամ հայտարարեց, որ Ժիրայր Սեֆիլյանն այս պահին հրաժարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականից, նույն Ենիգոմշյանը հայտարարեց, որ Վիտալի Բալասանյանը խեղաթյուրում է իրականությունը, իսկ ինքը՝ Սեֆիլյանն իր փաստաբանի միջոցով հայտարարեց, թե Վիտալի Բալասանյանը ստում է:
Այսինքն, ծռերն ու նրանց ոչ այնքան ծուռ համախոհները, երբ հերքելու թեկուզ չնչին հնարավորություն ունեն, բարձր-բարձր ձայնով հերքում են. ԱԱԾ-ի երեկվա տարածած ձայնագրությունը սակայն մեծ արձագանք չգտավ ծռերի համախոհների կողմից: Սա նշանակում է, որ ոչ մի հիմք չկա չհավատալու, որ երեկ չէ նախորդ օրը ՊՊԾ տարածքում տղերքի մոտ եղել են կարգապահական, ներքին խնդիրներ, գուցե ոչ այնքան խնդիրներ, որքան միմյանց հետ չհամաձայնեցված գործողություններ, ինչի արդյունքում էլ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը ոստիկանական մեքենայով դուրս են եկել գնդի տարածքից եւ շարժվել դեպի ոստիկանական պատնեշը:
Ինչո՞ւ են դա արել, այս պահին պարզ չէ: Փաստորեն ճիշտ է նաեւ այն, որ ոստիկանները կրակ են բացել նրանց ուղղությամբ, նրանք էլ պատասխան կրակն են բացել, փոխհրաձգության հետեւանքով էլ ծռերից հիշյալ երկուսը ոտքերից վիրավորվել են եւ ամենակարեւորը, ինչպես լսվում է չհերքված ձայնագրության մեջ, Վարուժան Ավետիսյանն իր ընկերների ուշադրությունը հրավիրում է հենց այս կարեւոր հանգամանքի վրա. «Դուք ուշադրություն դարձրեցի՞ք, որ ոտքերից են կրակել, այսինքն չեն ուզել սպանել»,-ասում է Վարուժան Ավետիսյանն իր ընկերներին, ավելի վաղ տարակուսելով՝ թե բա «ինչո՞ւ են նման ինքնագլուխ բան արել»: Հետո լսվում է այս ձայնագրության ամենակարեւոր նախադասություններից մեկը՝ «Հիմա,-ասում է ծռերից մեկը, որի ձայնը ես անձամբ չեմ ճանաչում,-պետք է ժողովրդի մեջ տարածել, որ մեզ վրա նապադենիա ա եղել»…Այսինքն այդպիսի բան չի եղել, բայց ժողովրդին դա է պետք տարածել:
Սա շատ կարեւոր դրվագ է Պավլիկյան այս օրերում, եթե ոչ ամենակարեւոր դրվագներից մեկը: Ու քանի որ, այս ձայնագրությունը ոչ ծռերը, ոչ հարթակի «դուզ»-երը չեն հերքել, ավելին, նույն օրը, ավելի վաղ, քան ԱԱԾ-ն կտարածեր ձայնագրությունը, ծռերը հանդես եկան հայտարարությամբ, թե բա`«ժողովուրդ, ոստիկանությունը գրոհել է մեր վրա», նշանակում է, որ ծռերը խեղաթյուրում են իրականությունը:
Հետեւաբար, երբ ծռերը հայտարարում են, թե երեկ գիշեր իրենցից ոչ ոք չի հանձնվել, այն պարագայում, երբ ոստիկանության հաղորդագրության համաձայն, երկու հոգի, կոնկրետ՝ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը հանձնվել են, որեւէ մեկը չի կարող պնդել, որ դա հենց այդպես է եղել, եթե անգամ այդ որեւէ մեկը կյանքում երբեք չի հավատացել ոստիկանության պաշտոնական հաղորդագրություններին:
Որպեսզի հասկանանք, կամ հասկանալուն մոտ լինենք, թե ոստիկանություն-ծռեր զույգ հայտարարություններից որ մեկն է ավելի արժանահավատ, եկեք դիմենք տրամաբանությանը: Դա միշտ օգնում է, երբ զգացմունքայնությունը խեղդում է: Այսպես, ոստիկանությունն ասում է. «ՊՊԾ տարածքից ոստիկանությանն են հանձնվել Գագիկ Եղիազարյանն եւ Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով վիրավորվել են իրավապահներից մեկը, ինչպես նաեւ Պավլիկ Մանուկյանն ու իր որդի՝ Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Գնդի տարաքում կան էլի վիրավորներ, որոնց նրանց ընկերները չեն թույլատրում տեղափոխել հիվանդանոց»:
Ոստիկանության հայտարարությունը մի նախադասություն էլ ունի, բայց դա տվյալ պարագայում կարեւոր չէ: Կարեւոր է պարզելը, թե Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը ՊՊԾ-ի տարածքից ե՞րբ են ոստիկանությանը հանձնվել, նախքան փոխհրաձգության սկսվե՞լը, թե՞ դրանից առաջ: Եթե դրանից առաջ են հանձնվել, նշանակում է, որ մարդիկ ինքնակամ հանձնվել են, եթե հետո են հանձնվել, նշանակում է, որ շատ հնարավոր է մարդիկ ոչ թե հանձնվել են, այլ ոստիկանները նրանց պարզապես բերման են ենթարկել, ինչպես ծռերն են իրենց պատասխան հայտարարության մեջ ասում՝ «առեւանգվել են»:
Ոստիկանությունն այս մասին ոչինչ չի ասում, մինչդեռ ծռերը, ավելի ճիշտ Հիմնադիր խորհրդարանը ծռերի անունից ասում է. «Տեղի է ունեցել ոստիկանության գրոհ ՊՊԾ գնդի վրա: Վիրավորվել են Պավլիկ Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գեւորգ Իրիցյանը եւ հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկաններն առեւանգել են Պավլիկին, Արամին, Գագիկ Եղիազարյանին եւ խմբի եւս մեկ անդամի»:
Տղերք, մենք տունտունիկ չենք խաղում, սա լուրջ պատմություն է, իսկ դա նշանակում է, որ երբ դուք ծռերի անունից հայտարարություն եք անում, եւ նշում եք, թե «վիրավորվել են հավանաբար խմբի այլ անդամներ», նշանակում է` դուք չգիտեք, չեք տիրապետում իրավիճակին, ինչն էլ արժանահավատ չի դարձնում ձեր ասածը:
«Հավանաբար էլի կան վիրավորներ»-ը ո՞րն է, եթե կան, ապա ովքե՞ր են և ինչո՞ւ են նրանք մնածել ՊՊԾ-ի տարածքում: Բայց աբսուրդը սկսվում է այլ տեղում. ծռերի անունից արված հայտարարության մեջ կարդում ենք, որ Պավլիկը, նրա որդի՝ Արամը, Գեւորգ Իրիցյանը, որն էլ հավանաբար այն երրորդ վիրավորն է, ոստիկանական գրոհի արդյունքում վիրավորվել են եւ ապա`«առեւանգվել»:
Այսինքն, եթե ոստիկանությանը չհաջողվեր «առեւանգել» բժիշկների գնահատմամբ՝ խիստ ծանր վիճակում գտնվող Պավլիկին եւ իր որդի Արամին, ապա նրանք մնալու էին ՊՊԾ գնդի տարածքում եւ նրանց կյանքը կախված էր լինելու միայն Աստծուց, եւ նրանից, թե տղաները որքանո՞վ են հավատում Աստծուն: Եթե այդպես է, ապա ուղղակի հրաշալի է, որ վիրավորներից ոմանց ոստիկաննները կարողացել են «առեւանգել», քանի որ այդ «առեւանգման» արդյունքում Պավլիկ Մանուկյանն ու նրա որդի Արամն այսօր ողջ են եւ ինչպես բժիշկներն են ասում` նրանց կյանքին որեւէ վտանգ չի սպառնում, չնայած միացված են արհեստական շնչառության ապարատին:
Ինչեւէ, մի բան, կարծես թե հաստատ է, տեղի է ունեցել ոստիկանական գրոհ՝ ՊՊԾ-ի վրա, այս մասին հաստատում են ծռերի անունից հանդես եկած «Հիմնադիր խորհրդարան»-ցիները եւ չի հերքում ոստիկանությունը: Բայց, տղերք, մի հարց կա, որին խնդրում եմ ոչ թե հիմա պատասխանել, այլ շատ ավելի ուշ, երբ այս ամենը կավարտվի, եւ մենք մեր տներում կամ հաղթած-հիասթափված կամ պարտված-հիասթափված նստած կլինենք:
Անպայման պատասխանել է պետք հետեւյալ հարցին, ի՞նչ պետք է աներ ոստիկանությունը, չպետք է գրոհե՞ր:Այստեղ տեղին է հիշել ԱԱԾ տարածած եւ չհերքված ձայնագրությունում Վարուժան Ավետիսյանի խոսքը՝ «Դուք ուշադրություն դարձրեցի՞ք, որ ոտքերին են կրակել, այսինքն չեն ուզել սպանել»:
Առհասարակ ուշադրությունը լավ բան է, կապ չունի ծուռ ես, թե դուզ, խենթ ես, թե խելացի, ՊՊԾ-ում ես, թե դրանից դուրս: Օրինակ` կարելի է ուշադրություն դարձնել հետեւյալ հանգամանքի վրա եւս, այն, որ չնայած հազարավոր մարդիկ էին գալիս Խորենացի, բայց դա անում էին երեկոյան, մի քանի ժամով: Այն որ ոչ միայն երեկ, երբ տեղի ունեցավ ոստիկանական գրոհը, այլեւ երեկ չէ նախորդ օրը հարթակի բանախոսները ժողովրդին տարան երթի՝ քաղաքով մեկ, այսինքն, եթե ժողովրդին Խորենացուց հանելն էր գրոհի պատճառը, ապա ինչո՞ւ այդ գրոհը երեկ եղավ, ոչ թե երեկ չէ նախորդ օրը:
Եւ վերջապես այս ամբողջ պատմության ամենակարեւորը, պետք է ուշադրություն դարձնել Խորենացիում հավաքված մարդկանց, ոչ թե նրանց դեմքերին, այլ` թվին: Բանն այն է, որ այնպես, ինչպես մենք ենք ապրում, ապրել չի կարելի, ոչ այս՝ Պավլիկյան օրերին, ոչ էլ առհասարակ:
Առողջություն՝ բոլոր վիրավորներին:
Հովիկ Աֆյան