Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է տաքսիների վերաբերյալ փոփոխություն կատարելու տրամաբանությունը, արդյոք քննարկում կազմակերպվե՞լ է այս հարցի շուրջ, եւ ի՞նչ են առաջարկում տաքսիստները, որոնք նախարարության, կառավարության կողմից անընդունելի են: Մինասյանը նաեւ նշեց, որ մարդիկ ավելի շատ վստահում են դեղին համարանիշերով տաքսիներին, ոստիկանություն էլ պարբերաբար քաղաքացիների ապահովության համար հորդորում է նստել դեղին համարանիշերով տաքսիներ, քանի որ դրանք գրանցված են:
Հարցին ի պատասխան, Բեգլարյանը նշեց, որ ոլորտը երկար ուսումնասիրության է ենթարկվել, եւ նույն այդ տաքսիների վարորդները, որոնք բողոքել են դեղին համարանիշի դեմ, հիմա նրանց համոզում են, թե դեղին համարներն ավելի ապահով են:
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ բողոքում են այն մարդիկ, ովքեր 15 հազար տաքսիների վարորդներից բավական մեծ գումար էին հավաքում բուժզննման եւ տեխզննման համար:
«Այդ մարդիկ չեն ուզում զրկվել այդ գումարներից, եւ պետությունը գտավ, որ ավելի լավ կլինի՝ երեք հոգի զրկվի այդ գումարից, քան դրանից տասնհինգ հազար վարորդ տուժի»,- հայտարարեց Բեգլարյանը եւ վստահեցրեց, որ իրականում շատ լավ քայլ է արվել վարորդների համար: Հիմա, ըստ նախարարի, պետք է այնպես անեն, որ վարորդներն իրականում բուժզննում անցնեն, այլ ոչ թե ձեւական թուղթ ստանան:
Իր հերթին, Մինասյանը պատրաստակամություն հայտնեց խնդրի վերաբերյալ հաջորդ քննարկումներին մասնակցություն ունենալ, ինչին Բեգլարյանը համաձայնեց: