Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց «Հայր և որդի Քոչարյաններն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոնի» գործով նախնական դատական նիստը: Դատավոր Ալեքսեյ Սուքոյանը դատաքննության օր նշանակեց հուլիսի 2-ը:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, ով ներկայացնում է «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի շահերը, այսուհետ կպաշտպանի նաև «Առաջին լրատվական» ՍՊԸ-ի շահերը, որին դատարանը որպես պատասխանող կողմ է ճանաչել: Փաստորեն, կողմերը քանակապես հավասարվեցին` երկու հայցվոր ընդդեմ երկու պատասխանողի:
Դատական ծախսերի համար Բաղդասարյանը դատարանին խնդրեց համապարտության կարգով Քոչարյաններից բռնագանձել 1 մլն դրամ: Ըստ նրա` եթե հայցվոր կողմը վնասի հատուցման համար 5 մլն դրամի պահանջ է ներկայացրել, ապա իրենց պահանջած 1 մլն դրամը ողջամիտ է:
«Եթե գտնում եք 1 մլն դրամը ողջամիտ է, ես ողջունում եմ»,- հայտարարեց հայցվորների ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանը:
Ի դեպ, հայցվոր կողմը 5 մլն դրամից 4 միլիոնը պահանջում է «Քոչարյանների րոպեավճարը» եւ «Ի՞նչ կապ ունեն Քոչարյանը եւ Ծառուկյանը «Նաիրիտի» հետ» հրապարակումների համար` յուրաքանչյուրի համար 2-ական մլն, իսկ մնացած 1 մլն դրամը դատական ծախսերն են:
Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ «Առաջին լրատվականը» որևէ առնչություն չունի վիճարկվող հոդվածների հրապարակման հետ, ուստի ինքը չպետք է ապացույցներ ներկայացնի մի բանի մասին, որը գոյություն չունի: Սակայն, ըստ նրա, եթե պարզվի, որ կապ կա այդ ընկերության և հրապարակված հոդվածների միջև, իրենք կբարձրացնեն հոդվածների մեկնաբանության հարցը և համերաշխության եզրեր կգտնեն:
Դատարանը կողմերին պարզաբանեց, որ հայցվոր կողմը պետք է հիմնավորի, որ «Առաջին լրատվականը» հրապարակել է հոդվածները, իսկ պատասխանողը պետք է ապացուցի, որ հրապարակումները զրպարտություն հանդիսացող տեղեկություններ չեն պարունակում:
Հիշեցնենք, որ, ըստ հայցապահանջի, Քոչարյանները «Առաջին լրատվական»-ի հիմնադիր «Սկիզբ մեդիա կենտրոն»-ից և «Առաջին լրատվական»-ից պահանջում են հերքել վերոհիշյալ վերտառությամբ հոդվածները, վճարել 5.000.000 դրամ իրենց իրավունքների ու պաշտպանության համար կատարած ծախսերը հոգալու համար: