Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանը նոյեմբերի 9-ին իր X միկրոբոլոգում գրառում էր արել, որ ինքը «գերազանց» հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ Ֆրանսիա էր մեկնել՝ Փարիզի խաղաղության ամենամյա համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին մասնակցելու համար։
Այս այցի մասին «Հրապարակ»-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ, ում մուտքը Հայաստան Նիկոլ Փաշինյանն արգելել է։
– Հյուրերի ցանկը բավականին յուրօրինակ էր` Կոնգոյի նախագահն էր ներկա, այլ պետության ղեկավարներ կարծես չկային։ Այդ համաժողովը առանձնապես կարեւոր իրադարձություն չէր, բայց նման առիթները, որպես կանոն, օգտագործում են կարևոր հարցեր քննարկելու համար: Գուցե սա պարզապես առիթ էր հերթական անգամ Մակրոնին հանդիպելո՞ւ և ցույց տալու, որ դեպի Արևմուտք Հայաստանի ընթացքն անխափա՞ն է։
– Կարծում եմ, միայն սիմվոլիկ նշանակություն ուներ իր ներկայությունը, որովհետև Ֆրանսիան իսկապես պրոհայկական երկիր է, պրոՀայաստան ու պրոԱրցախ, բայց սա Նիկոլ Փաշինյանի շնորհիվ չէ՝ ֆրանսահայության շնորհիվ է, որ տասնյակ տարիների ընթացքում կարողացավ զանազան նախագահների հետ՝ Ժակ Շիրակ, Նիկոլյա Սարկոզի, Ֆրանսուա Օլանդ, Էմմանուել Մակրոն, տարբեր կառավարությունների, բոլոր քաղաքական ուժերի հետ աշխատել և համոզել իրենց, որ Հայաստանին և Արցախին պետք է զորավիգ կանգնել։ Ուրեմն, Փաշինյանը գտել է Ֆրանսիայի նախագահի պարագայում գործընկեր, որը ճիշտ է` պատրաստ էր զորավիգ կանգնել Հայաստանին և Փաշինյանը անշուշտ, առիթը բաց չի թողնի հանդիպել Մակրոնին։
– Այս փուլում հայ-ֆրանսիական հարաբերություններն ինչպե՞ս եք գնահատում և ի՞նչ արդյունքներ ունենք։
– Մակրոնի հետ մեր հարաբերությունները փայլուն են, արդյունք են բերում, որովհետև Ֆրանսիան միշտ ներկայացնում է մեր պահանջները միջազգային ընտանիքի մոտ։ Ֆրանսիան զարմացած է, որ Փաշինյանն այնքան արագ զիջում է և հայկական կողմը չի պայքարում, որպեսզի Հայաստանի և Արցախի իրավունքները Ադրբեջանի դեմ ավելի արդյունավետ պաշտպանի։ ԱՆգամ միջազգային կազմակերպություններում մասնակցության առումով Մակրոնը զարմացած է և հանրային տեսակետներ է փոխանցել, որ չի հասկանում, թե ինչու Փաշինյանը չի պաշտպանում հայկական կողմի, ինչու է Հայաստանի ու Արցախի իրավունքները արագ զիջում Ադրբեջանին։ Սա նշանակում է, որ Փաշինյանը միջազգային հանրության մոտ շատ տկար անձնավորություն է, փոքր ղեկավար է և ուժ չունի՝ սա հստակ է։ Բրյուսելում Փաշինյանի վերջին ելույթից հետո Եվրախորհրդարանի մի պատգամավոր մեզ պատմում էր, որ ինքը զարմացած է, որ Փաշինյանը և Փաշինյանի թիմը պատրաստ են ամեն ինչ զիջել՝ առանց բանակցության։
– Նախօրեին Դուք Փարիզում կոնֆերանս էիք կազմակերպել` Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների թեմայով, որտեղ Ֆրանսիայի քաղաքապետը պահանջել է Ադրբեջանից՝ ազատ արձակել 55 հայ քաղբանտարկյալներին։
– Մենք կազմակերպեցինք Լուիզ Մորենո Օկոմպոյի այցելությունը Ֆրանսիա, որ նախկին գլխավոր դատախազն է` Միջազգային քրեական դատարանի, 12 տարի դատախազն է եղել, և այցելության ընթացքում Փաիզի քաղաքապետի հետ համաձայնություն ստացանք, որ մամուլի ասուլիս կազմակերպենք միասին` պահանջելու համար 55 գերիների ազատ արձակումը Արդբեջանից և այս մամուլի ասուլիսին բավականին մեծ թվով լրագրողներ էին ներկա։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն խոստացավ, որ այս շաբաթ՝ այս օրերին Փարիզի կողմից հայտարարություն կներկայացնի, որով պաշտոնապես կպահանջի հայ ռազմագերիների ազատ արձակումը՝ շեշտը դնելով 8 հայ ղեկավարների վրա՝ Դավիթ Իշխանյան, Ռուբեն Վարդանյան, Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Դավիթ Բաբայան, Դավիթ Մանուկյան և Լևոն մՆացականյան։ Իրենց ազատ արձակումն է պահանջելու և միջազգայնացնելու է այս հարցը։ Ցավոք, մենք չենք լսում Հայաստանի իշխանությունների աշխատանքի կամ գործընթացի մասին, որ իրենք մասնակցեն, իրենք պահանջեն այս գերիների ազատ արձակումը։
– Այսինքն, իշխանությունները բավարար ջանքեր չե՞ն գործադրում այս ուղղությամբ։
– Մեկ այլ բան էլ պատմեմ Ձեզ, մեկ ու կես տարի առաջ, երբ Մակրոնի հետ հանդիպել էինք, նա լսում էր մեզ եւ ասաց, որ մենք պահանջում էինք իրենցից, որ իրենք աշխատանքներ տանեն, որ ռազմագերիներին ազատեն, ասաց, որ աշխատեցին այդ ուղղությամբ` մի քանի հոգու ազատեցին և երբ վերջիններս Հայաստան վերադարձան, բանտարկվեցին, ինչպե՞ս կբացատրեք սա։ Ես հետաքրքրվեցի՝ Դուք այս հարցումը չուղղեցի՞ք Նիկոլ Փաշինյանին, ինչին Մակրոնը պատասխանեց, որ հարցումն ուղղել է, բայց Փաշինյանը չի պատասխանել։ Ուրեմն, ճիշտ է, որ այսօր Հայաստանի իշխանությունները չեն օգնում, որ արցախահայությունը վերադառնա Արցախ, երբ որ Ֆրանսիան առաջին ժամերի ընթացքում պահանջել է, որ արցախահայությունը կարողանա ապահով կոնտեքստի մեջ վերադառնալ Արցախ, Հայաստանի իշխանությունները չեն պահանջում գերիների ազատ արձակումը, երբ որ Ֆրանսիայի մեջ կոնկրետ մարդիկ ու պաշտոնյաներ պահանջում էին…շատ դժվար է աշխատել, պաշտպանել Հայաստանն ու Արցախն այս կառավարության հետ։ Շատ դժվար է, որովհետև նույն դիսկուրսը չունենք։ Մենք պաշտպանում ենք հայկական կողմն ու հայ ժողովրդի շահերը, իրենք՝ այս գծի վրա չեն։
Հայկա Ալոյան
Աղբյուրը՝ Hraparak.am