Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում ապրիլի 15-21-ը Երևանում անցկացվեց Պոեզիայի միջազգային առաջին փառատոնը, որին մասնակցում էր 50 ներկայացուցիչ` աշխարհի 30 երկրից, եւ 50 մասնակից` Հայաստանից ու ԼՂՀ-ից:
Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ փառատոնն աննախադեպ էր, քանի որ այն առաջին անգամ էր անցկացվում եւ վաղուց սպասված ու պատրաստված միջոցառում էր: Ըստ նրա` փառատոնն աննախադեպ էր նաեւ հյուրերի քանակով:
«Հայաստան ժամանած գրողները պատահական մարդիկ չէին` իրենց երկրներում անուն, հռչակ վայելող ստեղծագործողներ էին: Ի դեպ, մենք ունեինք նաեւ Նոբելյան մրցանակի հավակնորդ հյուր` Լիբանանից ժամանած գրող Ադոնիսը»,- ասաց Անանյանը:
Փառատոնի ընթացքում, նրա հավաստմամբ, մի շարք կարեւոր իրադարձություններ տեղի ունեցան, որոնք կարելի է ձեռքբերում համարել: Առաջին ձեռքբերումը, ըստ Անանյանի, փառատոնի շրջանակներում հրատարակված հայերեն-անգլերեն անթոլոգիան է, որում ներկայացված են 100-ից ավելի պոետների գործեր: Մյուս կարեւոր իրադարձությունը ՀԳՄ-ի շենքի հարակից տարածքում Պոեզիայի պուրակի բացումն է:
«Օրերս մենք նաեւ ՀՀ քաղաքապետ Տարոն Մարգարյանից արտոնություն ստացանք, որ այդ տարածքում կարող ենք ստեղծել «Գրական հանդիպումներ» սրճարանը, որը վաղուց էինք ցանկանում կառուցել»,- ուրախությամբ նշեց Անանյանը:
Փառատոնի շրջանակներում նաեւ մի քանի գրքեր են լույս տեսել, որոնք, ըստ ՀԳՄ նախագահի, նույնպես շատ կարեւոր էին. լույս են տեսել Ադոնիսի բանաստեղծությունները` արաբերեն-հայերեն, Լյուբիցա Միլետիչի «Արարատի հողմերը»` սերբերեն եւ հայերեն, Դավիթ Շեմոքմեդելիի «Ինչո՞ւ են ձմռանը լալիս թռչունները» ժողովածուները:
Հայաստան ժամանակ գրողներից ոմանք, ինչպես պարզվեց հետո, հայկական արմատներ ունեն, սակայն այդ մասին պարզվել է միայն այն ժամանակ, երբ հյուրերն արդեն ժամանել են Հայաստան: «Երբ հյուրերը հասան, պարզվեց, որ նրանց մի մասը հայկական ծագում ունեն` Ալան Ուայթհորնը, Մարսելլա Փոլեյնը, որը Ցեղասպանության մասին գիրք է գրել եւ այն դարձել է բեստսելլեր Ավստրիալիայում»,- նշեց ՀԳՄ նախագահը:
Ի դեպ, 2013-ին /աշնանը/ տեղի կունենա Պոեզիայի երկրորդ փառատոնը, որը նվիրված կլինի Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Իսկ այս տարի` հունիսի վերջին, կանցկացվի Հայազգի օտարագիր գրողների 5-րդ համաժողովը:
Կ. Հ.