կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-15 13:48
Մշակույթ

Պոեզիայի միջազգային փառատոնին 100 գրող է մասնակցում

Պոեզիայի միջազգային փառատոնին 100 գրող է մասնակցում

Ապրիլի 15-21-ը Երեւանում անցկացվում է Պոեզիայի միջազգային առաջին փառատոնը, որին մասնակցում է 30 երկրի 100 բանաստեղծ` 50-ը` արտերկրից, 50-ը` Հայաստանից եւ Արցախից: Փառատոնը կլինի «Երեւանը Գրքի միջազգային մայրաքաղաք»-ի շրջանակներում իրականացվելիք վերջին միջոցառումը:

 

ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ տարիների իր երազանքն էր Պոեզիայի փառատոն անցկացնելը, քանի որ հարեւան գրեթե բոլոր երկրներն իրականացնում են նման միջոցառում. «Մենք միշտ նմանատիպ միջոցառումների ժամանակ շեշտը դնում էինք հյուրերի վրա` անտեսելով մեր գրողներին, սակայն այս անգամ այդպես չէ. մեր ժամանակակից գրողները հավասարաչափ են ընդգրկված փառատոնի շրջանակներում իրականացվող միջոցառումներում»:

 

Կանադացի գրող Ալան Ուայթհորնը, ով նույնպես Հայաստան է ժամանել, հայկական արմատներ ունի. նրա մեծ մայրիկը հայ է` Եղեռնը վերապրածներից մեկը:

 

«14 տարի երազելուց հետո միայն 2005-ին կարողացա առաջին անգամ գալ Հայաստան եւ դրանից հետո գիրք գրեցի Հայաստանի մասին` «Նախնիների արմատներ» վերնագրով: Ես Եղեռնի պրոֆեսոր եմ եւ ուրախ եմ, որ կարողանում եմ բանաստեղծությւոններիս միջոցով հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- ասաց Ուայթհորնը` հավելելով, որ «Ցեղասպանության բայերը» վերնագրով մի բանաստեղծություն էր գրել, որը թարգմանվել էր նաեւ հայերեն եւ գրվել էջանշանների վրա:

 

Ավստրալիայից ժամանած Մարսելլա Փոլեյնը նույնպես Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է եւ, առաջին անգամ լինելով Հայաստանում,  այնպիսի տպավարություն ունի, կարծես, հանդիպել է իր նախնիներին. «Երբ առաջին անգամ ինքնաթիռից տեսա Արարատը, անպատմելի զգացողություններ ունեցա… Շատ հուզված եմ»:

 

Լիբանանցի գրող Աբդո Լաբակին, իր հերթին, նշեց, որ հպարտ է լինել մի երկրում, որի բնակիչները ոչ միայն իրենց պատմությունն են կերտել, այլ նաեւ` աշխարհի: Լաբակին դասավանդում է հայկական դպրոցում եւ նրա աշակերտների թվում են «Ազդակի» խմբագիրը` Շահան Գանտահարյանը, ինչպես նաեւ մի շարք ՀՅԴ-ական գործիչներ:

 

«Մենք` գրողներս, Հայաստանը համարում ենք մեր բարեկամը եւ փորձում պոեզիայի միջոցով էլ արտահայտել մեր սերը: Հայաստան այցից հետո «Հայաստանը ոգեշնչման եզրին» վերնագրով գիրք եմ գրելու եւ հուսով եմ, որ այն հայերեն կթարգմանվի»,- ասաց Լաբակին:

 

Իսկ իտալացի գրող Աննա Սանտոլիքուիդոն նշեց, որ իրեն Հայաստանում զգում է ինչպես իր տանը: Ըստ նրա` Հայաստանը սկսել է սիրել դեռ մանուկ հասակից: «Ես ապրում էի մի փոքրիկ քաղաքում` Ֆլորենցիայում, որտեղ հայկական սրբատեղի կար: Այնտեղ էին հաճախում իմ ծնողները, եւ սա հայության հետ մեր առաջին կապն էր: Լինելով «Pen» ակումբի անդամ` հաճախ հանդիպումներ եմ կազմակերպում Իտալիայի հայ գրողների հետ եւ փորձում անպայմանորեն կապը պահպանել նրանց հետ»,- ասաց Սանտոլիքուիդոն:

 

Հայաստանի եւ արտերկրի պոետների հետ հանդիպումներ տեղի կունենան Երեւանում, Գյումրիում, Ծաղկաձորում, Հրազդանում, ինչպես նաեւ կանցկացվեն թարգմանված գրքերի շնորհանդեսներ եւ քննարկումներ: «Պոեզիայի միջազգային օր» խորագրի ներքո Երեւանի բուհերում եւ դպրոցներում տեղի կունենան մոտ 20 գրական հանդիպումներ: Փառատոնի շրջանակում արդեն լույս է տեսել հայ եւ օտարազգի մասնակիցների ստեղծագործությունների անգլերեն եւ հայերեն անթոլոգիան, որի շնորհանդեսը կուղեկցվի գրական ընթերցումներով` հայ եւ օտարազգի բանաստեղծների մասնակցությամբ: «Նոր գիրք» գրախանութի հարեւանությամբ կհիմնվի Պոեզիայի պուրակ, որտեղ մասնակից երկրների պատվիրակները կտնկեն մեկական գնդաձեւ ակացիա: