կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-03 14:55
Քաղաքական

Առաջին 10 համարը` պոտենցիալ քաղաքապետե՞ր

Առաջին 10 համարը` պոտենցիալ քաղաքապետե՞ր

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Աբրահամ Մանուկյանը Yerkir.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ եթե ԲՀԿ-ն ավագանու ընտրություններում հաղթելու հույս չունենար, չէր մտնի պայքարի մեջ:

 

«Ոչ միայն հաղթելու հույս ունենք, այլեւ հաղթելու ենք»,- հայտարարեց նա եւ հավելեց, որ այս «ընտրությունները լինելու են այնպիսին, ինչպիսին միշտ են եղել` մրցակցային»:

 

Մանուկյանը ասաց նաեւ, որ ԲՀԿ-ի համար մրցակից են բոլոր քաղաքական ուժերը, ԲՀԿ-ն պայքարելու է ընտրություններում հայտ ներկայացրած բոլոր կուսակցությունների դեմ:

 

ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարեց նաեւ, որ ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում միանշանակ չէ, որ քաղաքապետ կընտրվի ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը:

 

Մեր դիտարկմանը, թե ստացվում է` ճիշտ են այն լուրերը, որ ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում քաղաքապետ կդառնա ԲՀԿ ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Գուրգեն Արսենյանը, Մանուկյանը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է: Դա որոշելու է քաղխորհուրդը: Խորհուրդ եմ տալիս պարոն Ծառուկյանի ելույթը լսեք: Ով էլ նշանակվի, եթե չաշխատի, կազատվի աշխատանքից: Մեր ցուցակի առաջին 10 համարներից բոլորն էլ ի վիճակի են քաղխորհրդի որոշումով դառնալ քաղաքապետ: Ինչպես որ քաղխորհուրդը վերջում կորոշի»: