կարևոր
1885 դիտում, 4 ամիս առաջ - 2023-12-12 12:24
Քաղաքական

Արդյո՞ք այս նախագծով չեք նվազեցնում պոտենցիալ բարձր ինտելեկտուալ կադրերի հոսքը բանակ․ Արթուր Խաչատրյանը՝ Հայկ Սարգսյանին

Մի սխալվե՛ք չեմ ասում, որ բանվորագյուղացիական բանակը պակաս ինտելեկտուալ է, քան օլիգարխիկ բանակը, բայց այս նախագծով դուք տանում եք բանվորագյուղացիական բանակի։ Արդյո՞ք այս նախագծով չեք նվազեցնո՞ւմ պոտենցիալ բարձր ինտելեկտուալ կադրերի հոսքը բանակ։ Այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

ԱԺ-ում քննարկվում է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը, որը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից, այսինքն՝ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ՝ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվելով քրական պատասխանատվությունից: 

Մասնավորապես.

Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝

1) զինվորական ծառայություն անցնել  24 ամիս ժամկետով,

2) զինվորական ծառայություն անցնել  12 ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ,

3) զինվորական ծառայություն անցնել  6  ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել հինգ միլիոն ՀՀ դրամ,

4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել տասը միլիոն ՀՀ դրամ,

5) զինվորական ծառայության փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել տասնհինգ  միլիոն ՀՀ դրամ»։