Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկների փաթեթ ուղարկեց Սերժ Սարգսյանին` փաստորեն, համաձայնելով, որ վերջինս շարունակի պաշտոնավարել որպես նախագահ, բայց պայմանով, որ կատարի իր պահանջները:
Այդ պահանջները կարող են եւ արդեն սկսել են որոշ վերլուծաբանների կողմից քաղաքական գործարք, «ծախվել» եւ այլ բառերով բնութագրվել: Սակայն յուրաքանչյուր ոք, ով փոքրիշատե ծանոթ է «քաղաքական ճգնաժամերի» ցուցիչ ու բնութագրիչ երեւույթներին, հավանաբար ծանոթ կլինի այն դրույթին, որ քաղաքական ճգնաժամի լրջագույն ցուցիչներից է քաղաքական համակարգի հավասարակշռության խախտումը հօգուտ իշխանությունների:
Քաղաքական ճգնաժամի ցուցիչ-պատճառներից են նաեւ ընդդիմության` իբրեւ ժողովրդավարական պետության գոյության հիմնական երաշխավորի չեզոքացումը կամ ոչնչացումը իշխող քաղաքական ուժի կամ ուժերի կողմից, հակոտնյա քաղաքական բեւեռների` իշխանության եւ ընդդիմության միջեւ հնարավոր կոնսենսուսի ցանկացած փորձի կամ երկխոսության բացակայությունը:
Ուստի` Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները, համենայն դեպս` դրանցում Սերժ Սարգսյանից վերահսկողական ֆունկցիաներ ունեցող պաշտոնների պահանջը, լիովին հասկանալի ու տրամաբանական են, եթե իշխանություններն, անգամ ընտրություններում պարտվելով, չեն զիջում իրենց դիրքերը, իսկ ընդդիմությունն էլ չի ցանկանում դիմել ծայրահեղ քայլերի:
Աշխարհում կա այն առաջատար փորձը, որ քաղաքական մեծամասնությունը ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանն ու հանրային վերահսկողությանն է թողնում երկրի գրեթե բոլոր վերահսկողական ֆունկցիաները իշխանության բոլոր տեսակներում, ոլորտներում ու ճյուղերում: Եվ հենց երկխոսությունն ու բազմակարծության ապահովումն էլ հանգեցնում են առավել կշռադատված, հղկված ու ժողովրդի շահերին համապատասխանող որոշումների կայացման:
Այդ համատեքստում նորմալ է, որ Րաֆֆի Հովհանիսյանը պահանջում է վերահսկողական ֆունկցիաներ ենթադրող պաշտոններում իր առաջարկած մարդկանց նշանակումը: Եվ եթե իշխանությունները, իրոք, ցանկանում են երկրում քաղաքական ու քաղաքացիական համերաշխություն ապահովել, ապա պատրաստակամ պետք է լինեն այս պահանջներին ընդառաջ գնալ եւ ընդդիմությանը թողնել վերահսկողական բոլոր ֆունկցիաները:
Վերլուծաբանները սա կարող են, իհարկե, դիտարկել որպես գործարք: Բայց պետք չէ մոռանալ, որ քաղաքական գործընթացներն ինքնին հենց քաղաքական գործարքների ամբողջություն են` լինեն քաղաքական ուժեր միջեւ, քաղաքական ուժի ու ժողովրդի միջեւ, թե այլ հարաբերություններում: Պետք է հիշել նաեւ, որ քաղաքական գործընթացի նպատակը իշխանության հասնելն է կամ քաղաքական որոշումների ընդունմանը մասնակցություն ունենալը:
Եվ նորմալ է, երբ ընդդիմությունը իշխանությունից պահանջում է վերահսկողական լծակներ, դա, համենայն դեպս, նվազագույնն է, որ պետք է լինի: Եվ այն պայմաններում, երբ Հայաստանում իշխանությունները միշտ պայքարել ու հաղթել են քաղաքական որոշումներ միայնակ կայացնելու հարցում, եթե Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը կատարվի, ապա դա կարելի է դիտարկել որպես ընդդիմության ու ժողովրդի հաղթանակ, եթե բացառում ենք ծայրահեղ բոլոր քայլերը...
Բայց արժե հիշել Րաֆֆի Հովհանիսյանի առաջարկի վերջին կետը` իր առաջարկները պետք է դիտարկվեն ամբողջությամբ` առանց բաժանելու: Քաղաքագիտական տեսության մեջ գոյություն ունի մեկ այլ դրույթ եւս, ըստ որի` եթե իշխող վարչախումբը փորձում է ամեն գնով իշխանությունն իր ձեռքում պահել, ապա նա ունենում է գործելու երեք տարբերակ` ճնշում է ընդդիմության ցանկացած գործունեություն կամ նախաձեռնություն, ընդդիմության գործունեությունը նրանց կողմից ընդունվում է որպես ծխածածկույթ, շղարշ` ժողովրդավարության թիկնոցից խորամանկորեն օգտվելու նպատակով, այսինքն` ընդդիմությանը ճանաչում է դե յուրե, բայց ոչ դե ֆակտո, բացառում է ընդդիմության հետ համագործակցության որեւէ եղանակ` զրկելով նրան պետության եւ ժողովրդի ճակատագիրը շոշափող քաղաքական վճիռների ընդունմանը մասնակից լինելու օրինական իրավունքներից: Արդյունքում` իշխանությունների մեղքով աճում է լարվածությունը, հասարակության ներսում` ընդհանրապես, եւ ընդդիմություն-իշխանություններ հարաբերություներում` մասնավորապես:
Եվ այս դրույթն ու Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներն արդեն մտնում են հակասության մեջ, քանի որ ակնհայտորեն իշխանությունները Հայաստանում` համենայն դեպս, 1996 թվականից սկսած, հակված են եղել առավել անխոցելի ու անվերահսկելի դարձնել իրենց իշխանությունն ու թուլացնել,ւ «սատկացնել» ընդդիմադիր դաշտը:
Հակված ենք կարծելու, որ Սերժ Սարգսյանը, եթե անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին զիջի արդարադատության խորհուրդը, վերահսկիչ պալատը, հակակոռուպցիոն հանձնաժողովը, մի երկու մարզպետի պաշտոնանկ անի, մի քանի քաղաքապետի ու ընտրակեղծարարների դեմ քրեական հետապնդում սկսի, նույնիսկ ընտրական օրենսգիրքը փոփոխի ու 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնի, այնուամենայնիվ, չի զիջի արտաքին գործերի նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությունը, ՊԵԿ-ը եւ այլն: Դրանք առանցքային նշանակություն ունեն ցանկացած երկրի, առավել եւս` իշխանության համար:
Եվ արդեն դժվար է ենթադրություններ անել` եթե Սերժ Սարգսյանը մասնակիորեն տեղի տա, Րաֆֆի Հովհաննիսյանը տեղի կտա՞, թե՞ կշարունակվի ներկայումս ստեղծված իրավիճակը:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ